Երբ նախկինների օրոք ԼՂ հարցում ժողովուրդն «օգտագործվում» էր՝ որպես դիմակայող վահան, Փաշինյանի դեպքում՝ իր մութ գործարքները լեգիտիմացնող գործիք
Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ, որ իր կողմից արժանի համարված ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած տարբերակ ներկայացնելու է ժողովրդի քննարկմանը՝ հենց Հանրապետության հրապարակում:
2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքում, հայտարարում է.
«Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: …Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:
2018թ. մայիսին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում հայտարարում է.
Նիկոլ Փաշինյան.– Մենք պետք է շատ հստակ պատասխանենք մի հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում լուծել: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն ընդհանրապես սեղանի շուրջ չէ: (…) Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը: (…) Այնպես որ, խնդիրը հետևյալի մասին է՝ մենք ուզո՞ւմ ենք արդյոք լուծել խնդիրը, թե՞ չենք ուզում լուծել խնդիրը: Խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցություններն են:
Հարց.- Եվ ո՞րն է այդ ձևաչափը:
Նիկոլ Փաշինյան.- Ես արդեն ասեցի, որ հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետությունը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ:
Հարց.– Այս մասով, խնդրում եմ, տեսլականի մասով ևս արձագանքեք:
Նիկոլ Փաշինյան.- Տեսլականի մասով ասեցի՝ ես պատրաստ եմ լիարժեք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության նախագահի:
«Դիվանագիտության մեջ նաև որոշակի ճկունություններ պետք է ունենալ: Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Առանց Արցախի ժողովրդի և իշխանության` հնարավոր չէ, բացառված է Արցախի հարցի որևէ լուծում: Դա քմահաճույքի հարց էլ չէ: Առանց Արցախի ներկայացուցիչների ներգրավվածության` բանակցությունները չեն կարող լինել բավարար չափով արդյունավետ»:
«Ես պատրաստ եմ և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բանակցել իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նրա նախագահի, այսինքն՝ իմ ձևակերպման մեջ որևէ նեգատիվ էլեմենտ չկա, ես սա շատ կարևոր եմ համարում: Ես այդ հարցին էլ այլ կերպ կմոտենայի՝ ես ոչ թե կասեի՝ ինչո՞ւ Արցախը հրավիրված չէ բանակցային սեղանի շուրջ, ես կասեի, քանի որ Արցախը հրավիրված չէ բանակցային սեղանի շուրջ, ահա սա է պատճառներից մեկը, որ բանակցությունները կոնկրետ արդյունքներ չեն բերում, որովհետև՝ ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարց՝ երրորդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է: Ինչ վերաբերում է նրան, որ հանդուրժվել է այդ ռազմաշունչ հռետորաբանությունը միջազգային հանրության կողմից, անկեղծ ասած, ես չեմ կարծում, թե հանդուրժվել է: Կարծում եմ, որ դրա վերաբերյալ եղել են արձագանքներ դիվանագիտական մակարդակով և խողովակներով, և կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրության հակազդեցությունը ռազմաշունչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական և ավելի հրապարակային»,- հայտարարել է նա:
Իսկ 2018-ի հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման խնդրին՝ կարգավորման գործընթացի համատեքստում, հայտարարել է.
«Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսի մեջ, նշանակում է՝ մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը: Իմիջիայլոց, ասեմ՝ էդ կապակցությամբ իմ խոսքերը նույնպես նենգափոխում են, ասում են, որ ես ասել եմ, որ մինչև Ղարաբաղի իշխանությունը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցության չեմ մասնակցի: Ես էդպիսի բան չեմ ասել, ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, ես լիազորված չեմ մասնակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից»: Ապա հավելել է.
«Ենթադրենք, ես ասեմ, այո, ես առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պատկերացնում եմ ղարաբաղյան հարցի լուծում, հա, հայտարարեցի, դրանից իրականություն փոխվո՞ւմ է՝ չի փոխվում իրականություն»:
Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները շատ են, առայժմ բավարարվենք այսքանով:
Ի՞նչ ունենք այսօր. Արցախի 75 տոկոսի կորուստ՝ առանց Արցախի ճակատագրի ճշգրտման, ավելին, եթե նախկին իշխանությունների օրոք այն այդքան մշուշոտ չէր, ապա այսօր արդեն Արցախի կարգավիճակի ապագան չափազանց մշուշոտ է, իսկ Ադրբեջանն էլ Լեռնային Ղարաբաղի հարցը համարում է վերջնականապես փակված:
Այսինքն, մի կողմից՝ ունեցանք միայն Ադրբեջանի համար ընդունելի լուծման տարբերակ, մյուս կողմից, եթե հաշվի առնենք ՀՀ-ում նոյեմբերի 10-ից հետո հայաստանյան հասարակության մեծամասնության հանդուրժող վարքագիծը, արտահերթ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները և Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը ժողովրդի վստահության հաշվին, իրենց ընդդիմադիր հռչակած և ժամանակին «հող հանձնողին հողին հանձնող» գործիչների, անհատների, քաղաքական ուժերի ծնրադրումը, կարելի է ասել, որ փաշինյանա-ալիևա-էրդողանական լուծման տարբերակն ընդունելի է նաև ՀՀ-ի համար, ինչո՞ւ չէ՝ Արցախում ևս կլինեն մարդիկ, որոնց համար Փաշինյանը դեռ նախկինների վերադարձը կանխող բաղձալի տարբերակ է, թեպետ պատերազմից հետո Փաշինյանն Արցախ ոտք չի դրել:
Արցախի անունից չխոսելու պնդումներ արած Փաշինյանը խորամանկ քայլ արեց, և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ սկսեցին ժողովրդին համոզել, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հակասություններ չկան, և, որ նրանց պատկերացումները ԼՂ խնդրի մասով երբևէ այսքան ներդաշնակ չեն եղել: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, ինչպես ժամանակին Արայիկ Հարությունյանը, դեմ արտահայտվեց մադրիդյան սկզբունքներին, որի վերաբերյալ հասարակական դժգոհություն և անընկալողականություն կար, և վստահեցրեց, թե Արցախն օր առաջ բանակցային սեղանին է վերադառնալու:
Ժողովուրդը հավատաց և անգիտակցաբար դարձավ գործիք Փաշինյանի ձեռքում, այն դեպքում, երբ նախկին իշխանությունների օրոք ժողովուրդը դիտարկվում էր՝ որպես վահան, որն ինչ-ինչ պահերի Ադրբեջանի և միջազգային հանրության դեմ էր օգտագործվում՝ դրանով նաև ամրացնելով ՀՀ-ն ներկայացնող բանակցողի թիկունքը արտաքին քաղաքական հարթակում և բանակցային գործընթացում:
Հասարակությունն ինքն էլ այլ կերպ էր մտածում այդ ժամանակ, օրինակ, 2011-ի հունիսի 24-ին, երբ Կազանում տեղի էր ունենում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, ՀՀ ԱԳՆ-ի դիմաց Երևանում երիտասարդական կազմակերպության անդամները ցույց էին անում՝ «Հող հանձնողը դավաճան, ոչ մի զիջում թշնամուն» կոչերով ու հայրենասիրական երգեր երգելով: Նրանք իրենց ձեռքերին պահել էին այն հերոսների նկարները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենի հողերը գրավելու համար: Երիտասարդներն իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ այն որոշման, որ վերադարձվելու են ազատագրված տարածքները:
Այլ հարց է, որ այդ երիտասարդներից ոմանք հետո աջակցեցին Փաշինյանին, իսկ մինչ այժմ շարունակվող տարածքային կորուստների դեպքում լռում են, թեպետ նաև վերջին պատերազմին էին մասնակցել:
Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք ևս ժողովուրդը դիտարկվել է՝ որպես զսպող գործիք, մասնավորապես, ՀՀ առաջին նախագահի օրոք Վազգեն Սարգսյանը, բանակը հենց ժողովրդի ձայնն են արտահայտել, ինչը ստիպեց Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ և պատասխանատվությունը երկրի անվտանգության ապահովման, տարածքների անձեռնմխելիության, Արցախի հարցի հայանպաստ լուծման պարտադրման՝ մնաց Վազգեն Սարգսյանի և բանակի վրա, ինչից նրանք չխուսափեցին:
Երկրորդ՝ եթե Արցախից մանդատ չունեցող փաշինյանական իշխանությունը խոսել է Հայաստան-Ադրբեջան ուղիղ կապի և երկխոսության մասին, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, օրինակ, մեկ անգամ չէ, որ հայտարարել է. «Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից՝ հավանո՞ւմ է ղարաբաղցիներին, թե՞ ոչ»:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ հակամարտության ողջ ընթացքում հայկական կողմը ձգտել է փոխհամաձայնության գալ, «սակայն կա կարմիր գիծ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնուրույնաբար պետք է տնօրինի իր ճակատագիրն ու պատմական հայրենիքում անվտանգ պայմաններում զարգանալու հնարավորություն ունենա»:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, մնացած բոլոր հարցերը ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել:
Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցրել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա:
Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն՝ մենք լավ պատկերացնում ենք մեր զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար»,- 2016-ի նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նույնը միտքը Սերժ Սարգսյանն ասել էր նաև 2016-ի ապրիլին՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն»:
Վերադառնալով Փաշինյանի՝ Ադրբեջանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակին, նշենք, որ նման միտք-ակնարկ ժամանակին արել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
2007 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը երիտասարդների հետ հանդիպմանը Քոչարյանին վարչապետ նշանակելու պատճառները նշելու համատեքստում հայտարարել էր՝ Քոչարյանին Հայաստան հրավիրելու նկատառումներից մեկը Ղարաբաղի խնդրի լուծման նպատակ էր հետապնդում.
«Ղարաբաղն այս խնդրին մոտենում է Ղարաբաղի շահերի տեսակետից: Սա հատուկ է բոլոր լոկալ մարզային կամ գավառային հայրենասիրություններին, և այլ կերպ չի կարող լինել: Մեր ողջ պատմության մեջ բդեշխները, իշխաններն ունեցել են իրենց լոկալ շահերը: Շահ ասելով` ես շահադիտություն նկատի չունեմ, բնական կապվածություն այդ հողին, բնական պարտք այդ ժողովրդին: Այդպես եղել է, այսուհետև էլ այդպես պիտի լինի: Այո՛, Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի նախագահը հետագայում ևս բանակցություններում և կարգավորման գործընթացում պետք է առաջնորդվեն Ղարաբաղի շահերի տեսակետից: Հայաստանը` Հայաստանի շահերի, Ղարաբաղը` Ղարաբաղի շահերի, Ադրբեջանը` Ադրբեջանի շահերի: Սա է ձևը, և եթե ուզես էլ փոխել, չի ստացվի, այդպես պիտի լինի: Բայց այսպիսի պարագայում ծագում են հակասություններ Ղարաբաղի շահերի և Հայաստանի շահերի միջև: Ցանկացած դեպքում դա միայն այսօրվա բան չէ, ամբողջ պատմության ընթացքում այդպես է եղել: Նույնը Հարավսլավիայում էր. Հարավսլավիայի շահերը մի բան էին պահանջում, իսկ բոսնիական սերբերի շահերը` ուրիշ բան: Ի վերջո, բազմաթիվ արյունահեղություններից հետո գտնվեց ինչ-որ մի կոնսենսուս, որը, չեմ կարծում, որ վերջնական լուծում է: Քոչարյանին Հայաստան հրավիրելու իմ երկրորդ նկատառումն այն էր, որ դառնալով Հայաստանի վարչապետ՝ նա կարողանա Ղարաբաղի խնդրին նայել նաև Հայաստանի տեսակետից: Եթե նա ճիշտ քաղաքականություն ընտրեր, այսինքն` ոչ թե գնար կարգավորումը խափանելու, վիժեցնելու, այլ կարգավորումը իրացնելու, հարցը լուծելու ճանապարհով»,- մանրամասնել էր Տեր-Պետրոսյանը:
ՀՀ առաջին նախագահի այս քայլը, ըստ էության, ՀՀ-ի և Արցախի իշխանությունների՝ ԼՂ հարցի լուծման շուրջ պատկերացումների նույնացումն էր: Թերևս, եղել է ժամանակ, որ այդ նույնացումից շահել ենք՝ զուտ ազատագրված տարածքները պահելու, չկորցնելու առումով, եղել են ժամանակներ, երբ ինչ-ինչ հակասություններ են եղել: Փաստն այն է՝ միայն Ադրբեջանի օգտին հանգուցալուծման չենք հասել նախկինների օրոք, մինչդեռ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան տեսլականների ներդաշնակեցումը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»՝ Արցախի կարգավիճակի հարցի երկրորդմամբ, հանգեցրեց նրան, որ այսօր չկան տարածքներ Արցախի 75 տոկոսից, անորոշ է Արցախի կարգավիճակը, ունենք առավել փխրուն և օտարին հանձնած անվտանգություն, ընդ որում, նաև ՀՀ տարածքների մասով: