«Երբ ասում եմ, որ երկրում էներգետիկ ճգնաժամ է, իշխանությունները պնդում են հակառակը՝ բերելով այն փաստարկը, որ, էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակվում է իրականացվել»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Երբ ես ասում եմ, որ երկրում էներգետիկ խորը ճգնաժամ է, իշխանությունները պնդում են հակառակը՝ բերելով այն փաստարկը, որ, օրինակ, էլեկտրաէներգիայի մատակարարման գործառույթը շարունակվում է իրականացվել:

Հասկացեք, որ մենք տարբեր արժեքային ու մասնագիտական հարացույցերի շրջանակներում ենք մտածում ու գործում: Եթե ձեր համար անխափան մատակարարումը (որն իրականում հեռու է անխափան լինելուց) ճգնաժամի բացակայության մասին է վկայում, ապա ըստ ինձ՝ էներգետիկայի պես բարդ ու բազմաշերտ ոլորտում ճգնաժամը պետք է չափել այլ գործիքակազմով:

ՃԳՆԱԺԱՄ Է, երբ այն աստիճանի ես ձախողել արտահանման ռազմավարությունըւ, որ այլևս աննպատակահարմար է մի շարք խոշոր օբյեկտների շահագործումը (Հրազդան-5):

ՃԳՆԱԺԱՄ Է, երբ ի վիճակի չես ավարտին հասցնել երկրի համար գեոռազմավարական նշանակության Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը (ու դեռ շարունակում ես խոսել ապաշրջափակումից):

ՃԳՆԱԺԱՄ է, երբ արևային ու հողմային էներգետիկայի մի շարք խոշոր նախագծեր հայտնվել են հարցականի տակ, իսկ այդ ոլորտում ներգրավված ընկերությունները դատի են տալիս կառավարությանը՝ անվտանգ տնտեսվարման պայմաններ չապահովելու համար (Zod Wind):

ՃԳՆԱԺԱՄ Է, երբ կորցնելով Արցախի էներգետիկ ներուժի զգալի մասը՝ զրկում ես սեփական էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացիոն հնարավորություններից:

ՃԳՆԱԺԱՄ Է, երբ ի վիճակի չես վարել սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն՝ ամեն տարի թույլ տալով սակագների աճ:

ՃԳՆԱԺԱՄ Է, երբ ի վիճակի չես գրագետ բանակցություններ վարել ռազմավարական գործընկերոջդ հետ՝ գազի գինը ի օգուտ քեզ վերանայելու համար:

ՃԳՆԱԺԱՄ Է, երբ խեղդում ես հիդրոէներգետիկան՝ տվյալ ոլորտի կառավարման գործում կիրառելով բացառապես ոստիկանական մեթոդներ:

Ի վերջո, ՃԳՆԱԺԱՄ է, երբ տարածաշրջանում էներգետիկ հաղորդակցությունների առանցքային նշանակության պարագայում լուծարում ես էներգետիկայի նախարարությունը՝ լղոզելով ոլորտի զարգացման ու վերահսկման պատասխանատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս