Ուզբեկստանում սահմանափակել են Twitter-ի, TikTok-ի և «ՎԿոնտակտե»-ի աշխատանքը
Ուզբեկստանի հսկողական մարմինները սահմանափակել են Twitter, TikTok եւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի աշխատանքը անձնական տվյալների մասին օրենքը խախտելու պատճառով: Այդ մասին հուլիսի 2-ին հաղորդել է ինֆորմատիզացիայի եւ հեռահաղորդակցությունների ոլորտի հսկողության պետական տեսչության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 2-ին Ուզբեկստանում սոցցանցերի օգտատերերը հաղորդել են TikTok, Skype եւ Twitter հավելվածների աշխատանքում խափանումների մասին: Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոեւը հունվարի վերջին ստորագրել է «Անձնական տվյալների մասին» օրենքում կատարված ուղղումները, որոնց համապատասխան, ապրիլի 15-ից բոլոր ինտերնետ-ռեսուրսները պարտավոր են պահպանել երկրի տարածքում հանրապետության քաղաքացիների անձնական տվյալները:
Ավելի ուշ հսկողության պետական տեսչությունը հաղորդել է, որ ծանուցել է արտասահմանյան մի շարք ինտերնետ-ընկերություններին՝ Facebook Inc Google-ին, Mail.ru-ին, Microsoft Skype-ին, Telegram-ին, Tencent Wechat-ին, TikTok-ին, Twitter-ին, Yandex-ին, օրենքի նշված պահանջները կատարելու անհրաժեշտության մասին:
Անցած չորեքշաբթի օրը՝ հունիսի 30-ին, Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոեւը քննադատել է Tik Tok-ում երիտասարդների տեսահոլովակները զորավար Ամիր Տեմուրի (Տամեռլան) եւ բանաստեղծ Ալիշեր Նավոյի պատմական հուշարձանները անարգելու համար: 2019 թվականի հոկտեմբերին Ուզբեկստանում ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների մասին» օրենքը, որոնց համապատասխան երկրի քաղաքացիների մասին անձնական տեղեկությունները կարելի կլինի հավաքել միայն նրանց գիտությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: