Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներին կաշառք տալու գործի նախաքննությունն ավարտվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` համատիրության կառավարիչ Վ.Վ.-ն նույն համատիրության հաշվապահ Շ.Դ.-ի օժանդակությամբ ընտրողներին տվել է կաշառք:

Մասնավորապես, Վ.Վ.-ն 2021 թվականի հունիսի 5-ին հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շ.Դ.-ն, իր հերթին, ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վ.Վ.-ին և պատրաստակամություն հայտնել հանդիպել ու նույն հարցի շուրջ զրուցել ընտրողի կնոջ հետ:

Ընտրողին տրված՝ կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս մոտից:

Բացի այդ, Վ.Վ.-ն Շ.Դ.-ի օժանդակությամբ 2021 թվականի հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի: Շ.Դ.-ի խորհրդով Վ.Վ.-ն հանդիպել է հիշյալ ընտրողի հետ և վերջինիս առաջարկել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրությանը մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն ընտրողը հրաժարվել է կողմ քվեարկել նշված դաշինքի օգտին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,իսկ Շ.Դ.-ին` 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս