Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան Աֆղանստանից զորքերն ԱՄՆ-ի հետ դուրս կբերի հուլիսի 4-ին. Telegraph

Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն Աֆղանստանից իրենց զորքերի հիմնական մասի դուրսբերումը կավարտեն հուլիսի 4-ին: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ Միացյալ Թագավորության պաշտպանության շտաբի պետ Նիկոլաս Քարտերի շրջապատից։

«Մենք բոլորս երկրից կհեռանանք հուլիսի 4-ին: Բրիտանական հիմնական առաքելությունն (Աֆղանստանում) նույնպես կավարտվի հուլիսի 4-ին»,- նշել է հրատարակության զրուցակիցը:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչն անունը չհայտնելու պայմանով հայտնել է, որ հուլիսի 2-ին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիաբազայից:

Երկրից կոալիցիոն ուժերի լիակատար դուրսբերումը պետք է ավարտվի սեպտեմբերի 11-ին: Ըստ որում սպասվում է, որ արեւմտյան զինվորականներն այնուամենայնիվ գործի կդրվեն Քաբուլում դեսպանատների պահպանման համար:

Բրիտանացի պաշտոնաթող գեներալ Ռիչարդ Դանաթի կարծիքով՝ ում խոսքը մեջբերում է The Daily Telegraph-ը, «Թալիբան» շարժումը վերջին հաշվով «հաղթեց» արեւմտյան կոալիցիայի հետ դիմակայությունում:

«Որքան էլ դա ողբերգական լինի, բայց շատ հավանական է թվում, որ երկիրը խորասուզվի քաղաքացիական պատերազմի քաոսը»,- նշել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին ղեկավարը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել է 2001 թվականի հոկտեմբերին:

Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս