«Գրություն-միջնորդություն է ներկայացվել ՍԴ՝ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ». Վարդևանյան
«Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումի հետ մեկտեղ՝ նաև ներկայացվել է գրություն-միջնորդություն՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: ՍԴ-ն աշխատակարգային նիստում, հուսով եմ՝ այն քննության առարկա կդարձնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Դաշինքը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բարձր դատարան է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021թ. հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Վահե Գրիգորյանին մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդության հիմքում էլ մինչև ՍԴ դատավոր նշանակվելը մարտի 1-ի գործով Գրիգորյանի ներգրավվածությունն է՝ որպես տուժողների ներկայացուցիչ:
«Վահե Գրիգորյանը, տեղյակ եք, որ մասնակցել է՝ որպես դատավարական հակառակորդ կողմ՝ կոնկրետ գործով, կարելի է ասել՝ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»:
Վարդևանյանի մեկնաբանությամբ, թեև Վահե Գրիգորյանը, որպես մասնագետ, չի կարծում, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը համապատասխանում է սահմանադրությանը, ամեն դեպքում պաշտպանում էր այդ հոդվածը:
«Չնայած, որպես մասնագետ, ես կարծում եմ, ինքը ևս համոզված էր, որ այն հակասահմանադրական հոդված է: Զուտ ելնում եմ այն տրամաբանությունից, որ բավականաչափ փորձ ունի Վահե Գրիգորյանը Եվրոպական դատարանի նախադեպերի, նաև Եվրոպական դատարանում ներկայացուցչության մասով: Բայց բոլոր դեպքերում այդպիսի վարքագիծ էր դրսևորել: Դրանից ելնելով՝ նաև կարծում ենք, որ ինքն ունի կանխակալ վերաբերմունք որոշակիորեն»,- պարզաբանեց Վարդևանյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն, մասնավորապես որոշում կայացնելիս հնարավո՞ր է, որ ՍԴ-ն կանխակալ դրսևորում ցուցաբերի, Վարդևանյանը նշեց, թե ՍԴ որոշումների վերաբերյալ գնահատական կարելի է տալ միայն որոշումների ընդունումից հետո, դրանց ծանոթանալուց հետո:
«Այն փաստը, որ դիմումը ներկայացնում ենք, կանխավարկածն այնպիսին է, որ պետք է ունենանք սահմանադրական արդարադատություն»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում