Բաժիններ՝

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքը չի դադարեցվել, մի՛ անհանգստացեք

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը»:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է  նշանակում այս որոշումը, արդյո՞ք դադարեցվում է աշխատանքը, թե՞ մնալու է՝  որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, վերջինը պատասխանեց.

«Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք: 2000-ական թվականներից միշտ եղել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, իսկ անցած տարի կառավարությունը որոշում ընդունեց, որպեսզի ՊՈԱԿ-ը վարչություն սարքի, սակայն հաշվի առնելով մեր գործունեությունը, աշխատանքը միջազգային կառույցների հետ, մեր դիտացանցերի, ինչպես նաև պրակտիկ աշխատանքը, նպատակահարմար գտան, որ ավելի լավ է՝ ՊՈԱԿ էլ մնա: Կառույցը դեռ ամբողջովին չէր էլ հասցրել վերածվել վարչության»,- մեզ հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցին՝ պահպանվելո՞ւ է նաև աշխատողների թիվը, որևէ փոփոխություն չի՞ լինելու, Սոս Մարգարյանը պատասխանեց.

«Մեզ մոտ փոփոխություն պարբերաբար է լինում: Երբ մենք ասում ենք՝ դիտացանցի արդիականություն, դա նաև բերում է աշխատողների թվի մի փոքր կրճատմանը, որովհետև ենթադրենք՝ հին սարքը սպասարկում է 2-3 հոգի, նոր թվայինի դեպքում այդպես չէ: Բայց այս պահին նույն ՊՈԱԿ-ն է, ինչպես եղել է, չհասցրեցինք վարչություն դառնալ»:

Խոսելով նոր սարքավորումների ձեռքբերման մասին՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի ժ/պ-ն նշեց, որ այն բավականին թանկ հաճույք է:

«Պետությունն ինչքան կարողանում, օգնում է: Հիմնականում միջազգային գործընկերների հետ ենք աշխատում, ու սարքավորումների արդիականացումը հիմնականում լինում է համագործակցությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս