Ադրբեջանում Չինաստանի դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին կարծիք չի հայտնել. դեսպանին վերագրվել են խոսքեր, որոնք նա չի ասել

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները  Չինաստանի դեսպանին վերագրել էին արտահայտություններ, որոնք նա չէր արել: Ինչպես և ակնկալվում էր, չինական կողմի հերքումը չուշացավ:

Նախ հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները մասնավորապես գրում էին, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում: Նման արտահայտությունը, բնականաբար, ոչ բարեկամական քայլ կլիներ ՀՀ-ի հանդեպ, քանի որ ՀՀ-ն պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի  շուրջ չի բանակցում, և դա ներկայումս միմիայն թուրքական օրակարգ է, որը հրապարակայնորեն պարտադրվում է հայկական կողմին, ավելին, դա ներկայացվում է՝ որպես միջանցք, որը ենթադրում է ՀՀ սուվերեն տարածքի զիջում Թուրքիային և Ադրբեջանին:

«Սպուտնիկ Արմենիա» գործակալության փոխանցմամբ, այսօր հայկական լրատվամիջոցների հետ զրույցում, Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումը, ասել է, որ Ադրբեջանում Չինաստանի դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել: «Չինաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների ճանապարհով։ Դա, բնականաբար, պատերազմից նախընտրելի ուղի է»,- ասել է Ֆան Յունը։ Նրա խոսքով` իրենք ադրբեջանական կողմի հետ քննարկել են «միջանցքի» հարցը։ «Չինական կողմը նման կարծիք չի հայտնել»,- հստակեցրել է Յունը։ Նա նշել է, որ Պեկինը հնարավոր ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունություն հաստատելու և երկու երկրների միջև խաղաղություն պահպանելու համար։

Հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս