ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգում առնվազն 63 մարդ է մահացել տապից
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգում առնվազն 63 մարդ է մահացել տապից: Այդ մասին հաղորդել է Oregonian տեղական թերթը՝ վկայակոչելով նահանգի դատաբժշկական գլխավոր փորձագետին։
Մալթնոմա օկրուգը, որը ներառում է նահանգի խոշորագույն քաղաքը՝ Փորթլենդը, ծանուցել է, որ միայն օկրուգի սահմաններում մահացել է 44-ից մինչեւ 97 տարեկան 45 մարդ: Բոլոր դեպքերում որպես մահվան պատճառ նշվել է հիպերթերմիան կամ գերտաքացումը:
Օկրուգը հիշեցրել է, որ 2017-2019 թվականներին ամբողջ նահանգին բաժին է ընկել գերտաքացումից միայն 12 մահ: Երեք օր շարունակ նահանգում գրանցվում են տարվա այս ժամանակի համար ջերմաստիճանային ռեկորդներ, երկուշաբթի օրը՝ հունիսի 28-ին, ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 46,7 աստիճանի: Փորթլենդում ջերմաստիճանը ցերեկը գերազանցել է ըստ Ցելսիուսի 30 աստիճանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: