Բաժիններ՝

Պեկինում տեղի են ունեցել Չինաստանի Կոմկուսի հարյուրամյա հոբելյանի լայնածավալ տոնակատարություններ

Աշխարհի ամենամեծաթիվ քաղաքական կուսակցությունը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՉԿԿ), հուլիսի 1-ին մեծ թափով նշում է իր 100-ամյակը, այդ առթիվ երկրի Տյանյանյմեն կենտրոնական հրապարակում (Պեկին) տեղի է ունեցել լայնածավալ հանդիսավոր հավաք՝ ՉԺՀ-ի ամբողջ ղեկավարության եւ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հավաքն սկսվել է տեղական ժամանակով 08:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին)՝ Տյանյանյմեն հրապարակում, որտեղ հատուկ տոնի կապակցությամբ կանգնեցվել են երեք կարմիր կամարների տեսքով զարդարանքներ, կենտրոնականի վրա պատկերված է ՉԿԿ-ի զինանշանը, կողքերին՝ «1921» եւ «2021» տարեթվերը, հրապարակի պարագծով ծածանվում են 100 կարմիր դրոշները: Երկրի ղեկավարությունը եւ 70 հազար հյուրերը, որոնք ներկայացնում են Չինաստանի բոլոր ազգությունները եւ հասարակության տարբեր խավերը, տեղավորվել են իրենց տեղերում, ինչից հետո հրապարակի վրա թռչելով անցել են կործանիչներն ու ուղղաթիռները՝ երկնքում ձեւավորելով «100» եւ «71» թվերը (այս տարվա հոկտեմբերին ՉԺՀ-ն կնշի հիմնադրման 72-ամյակը):

ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հանդիսավոր հավաքը հայտարարել է բացված, ինչից հետո պատվո պահակը հրապարակ է բերել ՉԺՀ-ի դրոշը՝ թնդանոթային 100 համազարկերի հնչյունների ներքո, տեղի է ունեցել դրոշի բարձրացման արարողություն եւ հնչել երկրի հիմնը: ՉԺՀ-ի նախագահ, ՉԿԿ-ի ԿԿ-ի գլխավոր քարտուղար Սի Ծինպինը տրիբունայից դիմել է հավաքվածներին: Չինաստանի ղեկավարի երկարատեւ ճառում «ժողովուրդ» բառը հնչել է ավելի քան 80 անգամ:

«Այսօր շատ կարեւոր եւ հանդիսավոր օր է Չինաստանի Կոմունիստական կուսակցության եւ չին ժողովրդի պատմության մեջ: Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի տոնենք ՉԿԿ-ի հիմնադրման 100-ամյակը՝ ամբողջ կուսակցության եւ մեր երկրի բազմազգ ժողովրդի հետ համատեղ, հիշենք ՉԿԿ-ի հարյուրամյա պայքարի փառահեղ ուղին եւ նայենք չին ժողովրդի մեծ վերածննդի լուսավոր հեռանկարներին»,-հայտարարել է Սի Ծինպինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս