«Սերգո Կարապետյանը, մեր համոզմամբ, քողարկված այցելություն է ունեցել ՀՔԾ». Մակինյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում Ս․Սարգսյանի պաշտպանները դատարանին ներկայացրին հերթական միջնորդությունը, որն առնչվում էր գյուղատնտեսության նախկին նախարար, հիշյալ գործով նախ՝ վկայի, ապա՝ մեղադրյալի, ամբաստանյալի կարգավիճակ ունեցած Սերգո Կարապետյանին:

Սերժ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ դատավարության մասնակիցները նախաքննության փուլում հարցաքննությունների են կանչվել առանց ծանուցագրերի: Ծանուցագրերով էլ Սերգո Կարապետյանին առաջին անգամ հարցաքննության կանչել են 2019թ. սեպտեմբերի 27-ին։ Այնուհետև, ինչպես ներկայացրեց Մակինյանը, սեպտեմբերի 30-ին Սևակ Քոչարյանի հետ առերես հարցաքննվելուց հետո կրկին Սերգո Կարապետյանին ծանուցել են՝ հոկտեմբերի 4-ին հերթական հարցաքննության մասին: Հոկտեմբերին 4-ին, ըստ Մակինյանի, Կարապետյանը հարցաքննության չի ներկայացել: Փոխարենը՝ դրանից հետո հոկտեմբերի 7-ին Կարապետյանի անունից ձեռագիր դիմում է մուտքագրվել ՀՔԾ՝ խնդրել իրեն հրավիրել հարցաքննության: Մակինյանը նաև նշեց, որ Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 5-ին այցելել է վարույթն իրականացնող մարմին՝ ՀՔԾ:

Ու քանի որ Կարապետյանը մահացել է, պաշտպանը դատարանին միջնորդեց ՀՔԾ-ից պահանջել ու ստանալ այցելության վերաբերյալ փաստաթղթերը:

«Այո՛, Սերգո Կարապետյանն ունեցել է այցելություն Հատուկ քննչական ծառայություն, որի մասին քրեական գործում չկան համապատասխան փաստեր: Դատարանին խնդրում եմ, միջնորդում եմ՝ ՀՔԾ-ից պահանջել տեղեկություններ Սերգո Կարապետյանի հետ 2019թ. հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ մեզ՝ ծանոթանալ այդ փաստաթղթին և հետևություններ անել: Իսկ ՀՔԾ շենքի պահպանությունն իրականացնող, անցագրային ռեժիմը սահմանողներից (ովքեր հսկում էին քաղաքացիների մուտքը և ելքը ՀՔԾ, արձանագրում են այդ մատյանում, թե ով մտավ, երբ մտավ, ում մոտ մտավ և երբ դուրս եկավ) պահանջել և ստանալ այդ մատյանը, որով էլ ավելի կհիմնավորվի, վերջնական կհիմնավորվի իմ ներկայացրած փաստերի իրականությունը»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, թե ներկայացված միջնորդությունը կապ չունի գործով ապացուցման ենթակա առարկայի հետ:

«Իմ համար ներկայացրած միջնորդությունը միջնորդություն է զուտ ներկայացնելու համար, զուտ կարծիք ձևավորելու համար, թե՝ «տեսեք, վարույթն իրականացնող մարմինը գործով վարույթ է իրականացնում, ինչպիսի «ենթադրյալ» խախտումներ է իրականացնում»»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը:

Որպես եզրափակում՝ փաստաբան Ամրամ Մակինյանն էլ նշեց, թե իր ներկայացրած միջնորդության բավարարումը կարող է նաև պարզաբանել այն, թե ինչպես մի քանի ամսվա ընթացքում փոխվեց Սերգո Կարապետյանի ներկայացրած ցուցմունքը, ինչ միջամտությամբ:

«Սերգո Կարապետյանը, որը էս գործով սկզբից՝ վկա, հետո՝ մեղադրյալ, հետո ամբաստանյալ է՝ առանցքային, մեր համոզմամբ, քողարկված այցելություն է ունեցել ՀՔԾ, և քրեական գործում չկա տեղեկություն, թե այդ այցելության ընթացքում ինչ է տեղի ունեցել, ինչ փաստաթուղթ է ձեռք բերվել, ստացվել»,- ասաց Մակինյանը:

Դատարանը միջնորդությունը լսելուց հետո հետաձգեց դրա լուծումը՝ մինչև փաստաթղթերի հետազոտման փուլը:

«Միջնորդության հետ կապված հիմնավոր որոշում կայացնելու համար դատարանը դրա լուծումը հնարավոր է համարում գործում առկա փաստաթղթերի հետազոտումից հետո, այլ կերպ՝ միջնորդության լուծումը հետաձգվում է փաստաթղթերի հետազոտումից հետո»,- ասաց Վահե Միսակյանը:

Տեսանյութեր

Լրահոս