«Պատճառաբանում են, թե դա քաղաքական որոշում է, ես էլ ասում եմ՝ հավատքը, ուխտագնացությունը քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի». Արցախի թեմի առաջնորդ

Նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս ուխտավորները կարողանում էին գնալ Դադիվանք, սակայն մայիսից սկսած թշնամին արգելել է նրանց մուտքն այնտեղ՝ չտալով որևէ բացատրություն։

168.amի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադառնալով Դադիվանք հայ ուխտավորների մուտքի արգելքին՝ ասաց, որ չգիտի, թե ինչու չեն թողնում՝ ասել են, չենք թողնում, ու վե՛րջ։

«Եթե մեզ բացատրեին, թե ինչ պատճառներ կան, ես հիմա դրանք կթվարկեի, ինքս որևէ պատճառ չեմ տեսնում ու չեմ գտնում։ Նույնն էլ ռուս խաղաղապահներն են ասում, որ որևէ պատճառ չեն գտնում, միայն մերժում են։ Շատ տեղերում պատճառաբանում են, թե դա քաղաքական որոշում է, ես էլ ասում եմ՝ հավատքը կամ ուխտագնացությունը քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի»,- նշեց Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ դժվարանում է ասել, թե Դադիվանքի հետ կապված՝ թշնամին ինչ նպատակներ ունի։

«Այժմ մեր հոգևորականներն այնտեղ են, ռուս խաղաղապահներն էլ այնտեղ պաշտպանում են վանքը և մեր միաբանությանը։ Այստեղ խնդիրը միայն հայ ուխտավորների շաբաթական այցն է, որը չեն թույլատրում՝ սկսած մայիս ամսից։ Մի օր էլ կարող են արգելել, որ մեր քահանաները գտնվեն Դադիվանքում։ Ճիշտ է, մտավախություններս որևէ փաստ չունեն, բայց ամեն ինչ էլ նրանցից սպասելի է։ Մենք այնպես պետք է անենք, որ չփորձեն նման կարգավիճակ տալ Դադիվանքին՝ մեր աղոթներով ու մեր այնտեղ գտնվելով։ Հույսով ապրելը վատ բան չէ, մենք փորձում ենք նաև այդ ամենը նյութականացնել այն առումով, որ և՛ խաղաղապահների, և՛ հանդիպումների ու նամակների միջոցով շեշտադրել Դադիվանքի հանգամանքը և ուխտագնացության կարևորությունը, որպեսզի ցույց տանք, որ Դադիվանքում հոգևոր կյանքը միայն միաբանությամբ չի որոշվում, այլև ուխտագնացությամբ։

Մեր ամենշաբաթյա ցուցակի տալը խաղաղապահներին, արդեն նշանակում է, որ մենք չենք դադարում այդ կարևոր հարցը մեջտեղ բերել և դրա շուրջ բանակցել»,- հավելեց սրբազանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմանը, մասնավորապես՝ եկեղեցիների, որոնց հայկական հետքը թշնամին վերացնում է և փորձում է ներկայացնել աֆղանական, Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նկատեց՝ այս հարցին շատ են անդրադարձել, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նաև այնտեղ գործող հատուկ կառույցը, որը զբաղվում է Արցախի մշակութային հուշարձաններով։

«Անշուշտ, սա պատերազմի շարունակությունն է, որի վերջը չենք տեսնում, որովհետև պատերազմը միայն զենքով չէ, որովհետև բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է քողարկված այդ պատերազմի տակ։ Հիմա ամեն ինչ իրենք օգտագործում են, որպեսզի հայկական ոգին, մտածելակերպը, ձեռագիրը, ինչ կա-չկա Արցախում՝ վերացնեն, սա նրանց մտածելակերպն է»,- ընդգծեց նա։

Արցախի թեմի հոգևոր առաջնորդը միաժամանակ տեղեկացրեց, որ Արցախի այն տարածքները, որոնք թշնամու օկուպացիայի տակ չեն, այդ տարածքներում կարողանում են լիարժեք ձևով կազմակերպել հոգևոր կյանքը։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Արցախում հոգևոր կյանքը չդադարի գործելուց»,- եզրափակեց սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս