Ի՞նչ օրակարգով են ԵՄ երեք նախարարները գալիս Երևան

Սկսվել է ԵՄ բարձրաստիճան այցը Հարավային Կովկաս: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը արդեն տարածաշրջանում են:

Եվրոպական վոյաժը սկսվել է Բաքվից, որտեղ ԵՄ երեք նախարարներն ու պաշտոնյաները հանդիպել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահը եվրոպացի պաշտոնյաների հետ խոսել էր պատերազմի անխուսափելիությունից, Խաղաղության համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունից և մի շարք այլ հարցերից: «Ներկայումս, Հայաստանում ընտրությունների ավարտից հետո, մենք հույս ունենք, որ կլինի դրական պատասխան: Իհարկե, ես կարծում եմ, որ Հայաստանում ձեր շփումների ժամանակ այս հարցը ևս կքննարկվի, քանի որ, եթե մենք չունենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր, դա նշանակում է, որ չկա և խաղաղություն: Չկա խաղաղություն ոչ միայն երկու երկրների միջև, այլև ողջ Հարավային Կովկասում»,- ասել է Ալիևը:

Ինչպես օրերս տեղեկացրել էր ՀՀ ԱԳ նախարարությունը, հունիսի 25-ին նրանք կժամանեն Հայաստան։

Ըստ ՀՀ դիվանագիտական գերատեսչության, նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը: ԵՄ նախարարները, բացի Երևանից և Բաքվից, լինելու են նաև Թբիլիսիում: Այս պահին կարելի է վստահությամբ նշել միայն, որ եվրոպացի նախարարներին կընդունի Նիկոլ Փաշինյանը, իսկ թե ԱԳՆ-ում ով կընդունի և ինչ կբանակցի, թերևս, քչերին է հայտնի, քանի որ մայիսի 28-ից սկսած ՀՀ-ում ԱԳՆ ղեկավար կազմ և դիվանագիտական ակտիվ աշխատանք գոյություն չունի:

Անդրադառնանք ֆոնին, որի ներքո կայանում է այցը: Մինչ ԵՄ անդամ որոշ երկրներ, և ոչ միայն՝ ԵՄ, այլև՝ հետսովետական երկրներ «հաշվից դուրս են թողել» Արևելյան գործընկերություն ծրագիրը, Եվրոպական հանձնաժողովը վերամշակում, վերափոխում է ծրագիրը, զարգանում, նոր նպատակներ դնում: Ինչպես և վերջին տարիներին քննարկվում էր, և որին «168 Ժամ»-ը ևս անդրադարձել է իր նախկին հրապարակումներում, ԵՄ Արևելյան գործընկերության ասոցիացված երկրները պաշտոնապես ըստ էության իրենց տեղակայեցին ԵՄ-ի հետ հարաբերությունների այլ զամբյուղում:

Մայիսի 17-ին Կիևում Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի Արտաքին գործերի նախարարները ստորագրեցին «Ասոցացված տրիո» հուշագիրը, որը ենթադրում է ԵՄ-ի հետ ասոցիացված երեք պետությունների արտաքին գերատեսչությունների համակարգված ու համագործակցման ձևաչափի ստեղծում, ինչի նպատակը Եվրոպական ինտեգրման հետագա խորացումն է: Հուշագրում երկրները համաձայնում են, որ նրանց վերջնական նպատակը ԵՄ անդամագրությունն է, ու պարտավորություն ստանձնում կատարել բոլոր պարտականությունները` վերջնական նպատակին հասնելու համար: Ասոցիացված եռյակը համագործակցում է Եվրահանձնաժողովի հետ, ինչպես նաև պարբերաբար խորհրդատվություններ անցկացնում: Հինգշաբթի օրը Բրյուսելում էին տրիոյի ԱԳ նախարարները՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան և Մոլդովայի ԱԳ նախարար Աուրելիո Չոկոյը, որոնք Բրյուսելում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, քննարկել առաջիկայում Ասոցացված տրիոյի անելիքները, որոնք Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի, ինչպես նաև ԱլԳ շրջանակում են: Երեք նախարարների այցի ընթացքում Բորելը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովն ավարտում է աշխատանքը ԱլԳ նոր նպատակների շուրջ, որոնք կդիտարկվեն այս տարվա դեկտեմբերին կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ժամանակ:

ԱլԳ մյուս երեք երկրներից Հայաստանը միայն ունի Ասոցացման նման համաձայնագիր ԵՄ-ի հետ, որը ողջ ծավալով սկսել է գործել մարտի 1-ից, խոսքը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին է:

Վերադառնալով Բոգդան Աուրեսկուի, Գաբրիելիուս Լանդսբերգիսի և Ալեքսանդր Շալլենբերգի այցին տարածաշրջան նշենք, որ ըստ որոշ եվրոպական աղբյուրների, նրանց նպատակը դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովի օրակարգի հարցերն ու Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը քննարկելն է: Օրերս գրել էինք, որ ընտրություններին ընդառաջ կազմակերպված այս այցը նպատակ ունի նաև եվրոպական լեգիտիմություն հաղորդել հայաստանյան ընտրությունների արդյունքներին: Այստեղ հարկ է հիշեցնել նաև վերջերս Վրաստանի ԱԳ նախարարի արած այն հայտարարությունը, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ տարածաշրջանում «աշխարհաքաղաքական կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար»:

«168 Ժամ»-ի հետ զրույցում միջազգայնագետ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների մրցապայքարը չափազանց մեծ արագություն է ստացել, և ըստ էության դա է պատճառը, որ ընտրություններից անմիջապես հետո է այս այցը կազմակերպված, քանի որ Արևմուտքը շտապում է մասնակցել տարածաշրջանային գործընթացներին, որոնք մինչ այս պահն ընթացել են Արևմուտքին շրջանցելով: Դա, նրա խոսքով, ունի իր պատճառները, որոնց սկզբնապատճառը հենց արևմտյան երկրների առաջնահերթություններն են ու քաղաքականությունը ԱլԳ կամ հետսովետական տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի դիրքերն ամուր են:

«ԱլԳ-ն հետսովետական տարածքում ոմանց գնահատմամբ՝ քիչ արդյունավետությամբ, իմ գնահատմամբ՝ բնական արդյունավետությամբ և բարդություններով գործող ծրագիր է, որն այնուամենայնիվ արդյունքներ տվել է, քանի որ ԵՄ անդամակցության ճանապարհին գտնվող երկրները մոտեցել են իրենց չափանիշներով ԵՄ-ին: Իհարկե, ուկրաինական ճգնաժամը, պատերազմը մեծ ցնցում էր ԵՄ-ի համար, դա վախեցնող էր և դա անկայունացրեց պրոյեկտը: Սակայն սա լավ գործիք է նման երկրների համար, և ներկայումս, որքան ես եմ հասկանում, ԵՄ-ն չունենալով տարածաշրջանային հակամարտություններին որևէ կերպ միջամտելու մանդատ, հատկապես, երբ կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, փորձում է ակտիվացնել ԱլԳ-ն՝ Վրաստանի միջոցով եվրոպական օրակարգն ամրապնդելու նպատակով: Կարծում եմ՝ այցի գլխավոր նպատակը սա է»,- ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, չի բացառվում, որ քննարկվի նաև դեկտեմբերյան գագաթաժողովը, սակայն այս այցի գլխավոր նպատակը սա չէ, այլապես կլիներ այց, օրինակ, նաև Բելառուս:
«Վրաստանն իր հերթին՝ լինելով տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի, ԵՄ-ի հետ հարաբերություններ ունեցող երկիր, ստանձնում է այդ կարևոր դերակատարությունը: Այս դեպքում պարզ է, որ նախարարների այցը Թբիլիսի ոչ թե զուտ եվրոպական օրակարգի շրջանակում է, այլ տարածաշրջանային, քանի որ Զալկալիանին օրերս Բրյուսելում էր, որտեղ ԱլԳ ապագան էր քննարկվում: Այսինքն՝ սա կարևոր այց է, որի ընթացքում քննարկվում է ԵՄ դերակատարության հնարավորությունները հետկոնֆլիկտային փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ենթադրում եմ, որ այս ձևաչափը կարող է ամրապնդվել կամ նպաստել, որպեսզի պարզապես արևմտյան օրակարգը ԵԱՀԿ ՄԽ-ով շարունակվի»,- նշեց նա:

Իր հերթին՝ վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ Վրաստանը պատրաստվում է ստանձնել այդ դերակատարությունն իրավամբ, և այդ մասին արդեն իսկ ուղերձներ են եղել հարևան երկրներին:

«Վրաստանին հարկավոր է ԵՄ և ԱՄՆ դերակատարության աճ ռեգիոնում: Ինչպես նկատում ենք, ԱՄՆ-ն ևս Վրաստանի միջոցով պրոցեսներ է իրականացնում, որոնցից վերջինը տեղի ունեցավ ընտրություններից առաջ: Վրաստանը ռեգիոնում դառնում է ԱՄն-ի և ԵՄ-ի քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացնող ԵԱՀԿ ՄԽ բացակայության պայմաններում: Գուցե ժամանակի ընթացքում, երբ շփումները հաստատվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, Վրաստանի ներկայիս դերակատարության կարիքը չլինի, բայց կարծում եմ՝ սա բխում է Վրաստանի շահերից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս