«Չի կարող մարդը շաբաթներ շարունակ մուրճը ճոճելով՝ ասֆալտին փռելու կոչեր անել, թիմակիցների միջոցով ասել, որ «ժողովուրդը հաղթեց ինտելեկտուալ ապուշներին», և մի քանի ժամ անց համերաշխության ժեստեր անել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչո՞ւ իր «հաղթանակի» հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականից շարժվում էր «կա միայն ՔՊ եւ ժողովուրդ» կարգախոսով, ողջ քարոզարշավին չագուճով ման գալուց հետո հանկարծ որոշեց համերաշխության ձեռք մեկնել քաղաքական ուժերին։ Այն էլ՝ 1-2-3-4 տոկոս հավաքած։ Կմտածեինք, թե պատասխանը հոգեբաններից է հարկավոր ստանալ, ինչպես «Խաղալիք» ֆիլմում բռնակալ մեդիամագնատ Ռոմբալ-Կոշեն, որը հավաքույթի ժամանակ իր ենթակային ստիպում էր իջեցնել տաբատն ու հետո նրան հարցնում էր՝ «հիմա ո՞վ է հրեշը, ե՞ս, թե՞ Դուք»։ Բայց քանի որ «Հայկական ժամանակը» տվել է այս ռեբուսի բանալի-նախադասությունը՝ «Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետն է», այնուամենայնիվ մտածում ենք, որ թիրախը քաղաքական է։ Իսկ թե ինչ՝ հարցն ուղղեցինք քաղաքագետներին։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը եւս կարծում է, որ սա ձեւական է՝ Նիկոլ Փաշինյանը սա անում էր զուտ քարոզչական նպատակներով․ ուզում է ցույց տալ, թե իբր իր համար շատ կարեւոր են ներհասարակական համերաշխությունը, քաղաքական դաշտում համագործակցությունը։

«Չի կարող մարդը շաբաթներ շարունակ մուրճը ճոճելով՝ ասֆալտին փռելու կոչեր անել, թիմակիցների միջոցով ասել, որ «ժողովուրդը հաղթեց ինտելեկտուալ ապուշներին», եւ մի քանի ժամ անց էդպես համերաշխության ժեստեր անել։ Կարծում եմ, որ ձեւական է։ Առավել եւս, որ նրան որեւէ քաղաքական ուժի կարծիք չի հետաքրքրում, նա չի էլ լսելու։ Զուտ քարոզչական նպատակ կար»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այլ խնդիրներ էլ է տեսնում․ «Նախ՝ այդտեղ ի՞նչ քաղաքական ուժեր են, որ ինչ քաղաքական խնդիր լուծի՝ մարդ-կուսակցություններ, որ 0 ամբողջ չգիտեմ՝ քանի տոկոս են ստացել։ Ես խնդիրն այլ տեղ եմ տեսնում․ արեւմտյան մամուլը բավականաչափ գրեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մուրճով էր ման գալիս, պատահական չէ, որ նրա, այսպես կոչված, ժողովրդավարական իմիջն Արեւմուտքում բավականաչափ տուժել է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս