Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը Հայաստանում ավարտված չէ. Զատուլին

«Ներկայումս բևեռացումը շատ ավելի խորն է, քան կար մինչ այսօր, և սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, ուստի պետք է համապատասխանաբար մտածել ու այնպիսի լուծումներ առաջադրել, որոնք ի շահ Հայաստանի կլինեին, ոչ թե կրկին ու կրկին ճգնաժամի նոր փուլեր ու ճյուղեր կձևավորեին»,- այս մասին այսօր առցանց հարցազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հետընտրական իրավիճակին:

Նա նշեց, որ իր համար ևս ընտրությունների արդյունքներն անակնկալ էին: Նրա խոսքով, անսպասելիությունը կայանում է նրանում, որ կա մեծ տարբերություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ստացած ձայների միջև:

Նա հիշեցրեց Gallup International-ի հարցման արդյունքները, երբ դաշինքն ավելին էր ստանում ձայների, քան ՔՊ-ն:

«Բայց ինչ կանխատեսում էլ որ արել են, հայտնի չեն այնպիսի կանխատեսումներ, համաձայն որոնց՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն իր հակառակորդներից առաջ կանցնի 2,5 անգամ: Սա մի շարք դատողություններ, բացատրություններ, կասկածներ է առաջացնում։ Մի քանի օր է անցել ընտրություններից, իմ մոտ տպավորություն է, որ այդ կասկածները չեն ցրվել»,- ասաց Զատուլինը:

Հարցադրումներին՝ ինչպե՞ս եք տեսնում հետագա զարգացումները, արդյոք ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատնե՞րը, թե՞ ոչ, և ԱԺ-ում ինչպիսի՞ աշխատանք է ծավալվելու ներկայիս պատկերի դեպքում, Զատուլինը պատասխանեց, որ օրենսդրությունը չի արգելում ՔՊ-ին միայնակ, առանց այլ խմբակցությունների ու կուսակցությունների, զբաղվել խորհրդարանական գործունեությամբ:

Նրա խոսքով, չի բացառվում, որ խորհրդարանում աշխատանքը լինի լարված, և  մթնոլորտը մեծապես կախված է այն ճանապարհից, որով կգնա իշխանական քաղաքական ուժը:

«Մենք ուշադրություն դարձրինք պարոն Փաշինյանի այն հայտարարության վրա, որ մտադիր է բոլոր առողջ ուժերին առաջարկել համագործակցություն։ Ես գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում արձագանքեց դրան՝ ասելով, որ ինքն իրականում չի տեսնում համագործակցության որևէ առաջարկ, կոնկրետ օրինակներ բերեց՝ կապված իր համակիրների կալանքների, ձերբակալությունների, հետապնդումների վերաբերյալ: Ուստի ամեն բան կախված է հետագայում խորհրդարանական դիսկուսիաների մասնակիցներից, բայց ես կցանկանայի նշել գլխավորը, որ ընտրություններից մի քանի օր անց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ընտրություններով Հայատանում քաղաքական ճգնաժամն ավարտված չէ, և այն այլ ձևաչափերով շարունակվելու է, փաստը բևեռացումն է, բևեռացումն ավելի ուժեղ է, քան այն, ինչ կար ԱԺ նախորդ կազմի շրջանակում, երբ փաստորեն ԲՀԿ-ն՝ պարոն Ծառուկյանի, պարբերաբար ցուցաբերում էր ճկուն տակտիկա՝ մե՛կ իշխանության հետ էր, մե՛կ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե իշխանությունը որքան «սև փուչիկներ էր հավաքում», հանդես էր գալիս իշխանության դեմ: Այս ամենն արտացոլվում էր ղեկավարների միջև հարաբերությունների վրա՝ Փաշինյան-Ծառուկյան, տարբեր տեսակի դժգոհություններ Ծառուկյանի վերաբերյալ, համապատասխանաբար դիրքավորվում էին ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Բայց ընդհանուր առմամբ չի կարելի ասել, որ ԲՀԿ բոլոր պատգամավորների պահվածքը սկզբունքային էր այն հարցում՝ աջակցե՞լ, թե՞ չաջակցել իշխանությանը:

Այն էականորեն կոնյունկտուրային էր, ինչպես և այդ բլոկի ղեկավարի՝ ինքնին պարոն Ծառուկյանի դեպքում: Կարծում եմ, որ ներկայումս ամեն ինչ ավելի կոշտ է լինելու՝ հաշվի առնելով անձերը, քանի որ, ի վերջո, Քոչարյանը Ծառուկյան չէ: Այս տեսանկյունից ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ բևեռացումը շատ ավելի խորն է, քան կար մինչ այսօր, և սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և պետք է համապատասխանաբար մտածել ու այնպիսի լուծումներ առաջադրել, որոնք ի շահ Հայաստանի կլինեին, ոչ թե կրկին ու կրկին ճգնաժամի նոր փուլեր ու ճյուղեր կձևավորեին»,- նման կարծիք հայտնեց Զատուլինը:

Նրա խոսքով, այն, որ այս ընտրություններն անցան այսպես՝ շատերն օրինաչափ են համարում: «Ես կարծում եմ, ես ունեմ կասկածներ, որոնք, հուսամ, կցրվեն ձայների վերահաշվարկի արդյունքում, որը ներկայումս տեղի է ունենում մի քանի տասնյակ տեղամասերում, բայց պարզ է, որ այս հիացական մեկնաբանությունները, որոնք եկան արևմտյան դիտորդներից, որ ընտրությունները հիանալի էին, թափանցիկ, ժողովրդավարական, պետք է մեծ համարձակություն ձեռք բերել դա հաստատելու համար՝ պայմաններում, երբ այնքան խորն է բևեռացումը և այնքան հաճախ ու շատ է կիրառվում վարչական ռեսուրս, այդ թվում՝ քվեարկությանը նախորդող օրը և դրանից առաջ ընդդիմադիրների շտաբների խուզարկությունները: Սա համարել ժողովրդավարության նշան՝ բավականին բարդ է»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Տեսանյութեր

Լրահոս