Այս իշխանության ագրեսիվ պրոթուրքական արտաքին քաղաքականությունն իր շարունակությունը կունենա. քաղաքագետ
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին, ըստ ԿԸՀ տվյալների, իր քվեն տվել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Իշխողներից բացի, այս փաստով առավել ուրախացել է թուրք-ադրբեջանական կողմը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի մեկնաբանությամբ՝ այս իշխանությունների վերարտադրությունը վկայում է, որ արտաքին աշխարհում Հայաստանի ու մյուս ուժերի հարաբերությունները շարունակելու են ունենալ նախորդ երեք տարիների կուրսը:
«Այս ընտրությունների արդյունքում մենք պետք է արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք՝ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվելու է միջազգային հարաբերությունների օբյեկտի: Տրամաբանական է, որ այս շրջանակներում թե՛ Թուրքիան և Ադրբեջանը, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը փորձելու են իրենց համար ստանալ մաքսիմալ ցանկալի ինչ-որ պատկեր Հայաստանում: Խոսքը կարող է վերաբերել թե՛ կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման պայմաններում ճանապարհների վերահսկողությանը, թե՛ ինչ-ինչ այլ հարցերի: Կրկին ասեմ՝ երբ դու օբյեկտ ես, դու արդեն շատ հարցերի վրա ազդեցություն այլևս չես կարող ունենալ: Նաև այս տրամաբանության շրջանակներում մենք պետք է դիտարկենք մեր թշնամիների բուռն արձագանքը, բուռն ուրախությունը:
Իմիջիայլոց, եթե հետևենք նույն ադրբեջանական մամուլին, իրենք բավականին սթափ են գնահատում թե՛ այն, որ Փաշինյանի հիմնական էլեկտորատը գյուղերում էին, թե՛ այն, որ հիմնական դրդապատճառներից մեկն այն է, որ մարդիկ ծանր սոցիալական իրավիճակում են, և այն, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը իր ագրեսիվ պրոթուրքական քարոզով կարողացավ մարդկանց համոզել, որ, պայմանական ասած՝ «թուրքերի հետ քիրվայություն կանենք, լավ կապրենք»:
Ինչը վերաբերում է նրան, թե պրոթուրքական այդ ագրեսիվ քաղաքականությունը կշարունակվի, թե ոչ, եկեք ըստ փաստերի վերլուծենք: ՔՊ-ի ցուցակում ֆունդամենտալ փոփոխություններ տեղի չեն ունեցել այն առումով, որ այն մարդիկ, որոնք կողմակից էին ակտիվ թուրքական, ադրբեջանական կողմի հետ համագործակցությանը, իրենք այդ ցուցակում են: Ավելին, ցուցակի յուղոտ տեղերը հանձնվել են այն մարդկանց, ովքեր հանրության մեջ էլ ընկալում ունեն՝ որպես օլիգարխ, և իրենք էլ կողմնակից են թուրքերի հետ ակտիվ փոխհամագործակցության, շփումների և այլնի: Թուրքական կապիտալի հոտ են իրենք առել, թվում է, թե Թուրքիան շահագրգռված է հայկական տնտեսության զարգացման մեջ: Այս ամենից կարելի է ուղղակի եզրակացություն անել, որ այդ արտաքին ագրեսիվ պրոթուրքական քաղաքականությունն իր շարունակությունը կստանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բենիամին Մաթևոսյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ որևէ էական փոփոխություն չի արձանագրվի նաև մեծ խաղացողների հետ հարաբերություններում, քանի որ Հայաստանի վարկանիշի փոփոխություն է գրանցված:
«Բացի ամեն ինչից, քաղաքականությունը ունի նաև բարոյական կոմպոնենտներ: Դա վերաբերում է թե՛ ներքաղաքական կյանքին, թե՛ արտաքին հարաբերություններին: Քանի որ մեզանում տեղի է ունեցել քաղաքական պատմական բարոյական արհավիրք, և մի իշխանություն, որը տոտալ պարտություն է կրել, որը տապալել է ամեն ինչ, բայց կարողացել է հանրության քվեի շնորհիվ վերարտադրվել, ճիշտ է՝ այնտեղ եղել է վարչական ռեսուրսի կիրառում և այլն, ինչի մասին շատերն են խոսում, ինքնին փաստը արձանագրենք՝ իրենք վերարտադրվել են, այսինքն՝ քո հանդեպ վերաբերմունքը լինելու է ըստ այդմ: Այսպես ձևակերպեմ՝ ինչ ընտրել են մարդիկ, դա էլ ստանալու են թե՛ ներքին քաղաքականության մեջ, թե՛արտաքին քաղաքականության մեջ»,- նշեց քաղաքագետը:
Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ հարևան պետությունները հստակ ձևակերպել են Հայաստանի նկատմամբ իրենց քաղաքական ուղղությունները, և Փաշինյանի իշխանության վերարտադրությունը որևէ փոփոխություն չի ենթադրում:
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված կարող ենք առնվազն ենթադրություններ անել՝ նաև ուսումնասիրելով իրենց մամուլը: Իրենք շատ կոնկրետ ձևակերպել են իրենց կոնկրետ ակնկալիքները: Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ որոշակի պայմանագիր կնքել առ այն, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիա և դեմարկացիա կիրականացնի, ինչից հետո էլ Թուրքիան խոսք է տալիս, ամենայն հավանականությամբ, անտեղից եկող ազդակները վելուծելով, բացել հայ-թուրքական սահմանը: Իսկ երկրորդը՝ այսպես ասած, թուրքական կապիտալի էքսպանսիա իրականացնել, ինչի մասին իրենք խոսում են, բայց նույն Աջարիայի փորձը դրա վառ օրինակն է:
Ինչ վերաբերում է Իրանին, այս իշխանությունների գործունեության առաջին իսկ օրվանից՝ դեռ 2018թ.-ից, Իրանը մեր հանդեպ բազում հարցեր է ունեցել: Այդ հարցերը հիմա շատ ավելի շատ կխորանան, իսկ եթե հիշենք իրանական կողմի պաշտոնյաներից մեկի վերջին հայտարարություններից մեկը առ այն, որ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, այսինքն, եթե իրենք տեսնեն, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական էքսպանսիա են փորձում անել, իրենք էլ իրենց մասով կփորձեն գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ:
Ոչ միայն հարևանների, ընդհանուր աշխարհում մեր նկատմամբ վերաբերմունքը շատ բացասական է լինելու: Սա այն է, ինչի հետ ՀՀ քաղաքացիները և առհասարակ հայերը հիմա պետք է վերապրեն»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանի իշխանության քաղաքական ուղղվածության փոփոխություն գրեթե բացառվում է: Ըստ Մաթևոսյանի՝ դա պայմանավորված է՝ ինչպես ՔՊ ցուցակում ֆունդամենտալ փոփոխությունների բացակայությամբ, այնպես էլ՝ մի շարք այլ հանգամանքներով:
«Եթե դու ֆունդամենտալ փոփոխություն չես իրականացնում, դա նշանակում է, որ գաղափարապես դու փոփոխություններ չես իրականացնելու: Այսինքն՝ ինչո՞ւ մի մարդ, որը կողմնակից է Թուրքիայի հետ մերձեցմանը, կոոպերացիային, արդեն իշխանության մեջ լինելով, հաստատելով իր իշխանությունը՝ պետք է հրաժարվի այդ գաղափարից:
Երկրորդը՝ եկեք անկեղծ վերլուծենք ստարտային պայմանները, որոնք կային 2018թ.-ին. Կարեն Կարապետյանի կառավարության զարգացման դրական դինամիկան, չկար կորոնավիրուս, կային որոշակի ներդրումային ծրագրեր, կար որոշակի հստակ պլանավորում, չկար պատերազմ, մենք Արցախից չէինք կորցրել հացահատիկի մշակման համար անհրաժեշտ հսկայական տարածքներ, նռան այգիներ և այլն, այդ ստարտային պայմանների շրջանակներում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մեր տնտեսությունը սկսեց գահավիժել, արտաքին պարտքը մոտավորապես, եթե չեմ սխալվում, 2 մլրդ դոլարով աճեց: Ստարտային պայմաններն այդպիսին էին, մենք հասանք այս կետին:
Հիմա ստարտային պայմանները շատ ավելի վատ են՝ չկա Արցախ, հայկական բանկերը միլիարդավոր դոլարների կորուստներ են ունեցել Արցախի կորսված տարածքներում, կորոնավիրուսից մեր տնտեսությունը մինչ այս պահը չի վերականգնվել, հստակ միջնաժամկետ կամ երկարաժամկետ պլանավորում տնտեսության մեջ չկա, իսկ այն ազդակները, որոնք եղան նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ մուրճը սրա գլխին է իջնելու, նրա գլխին է իջնելու, բիզնեսը նման տեղ չի սիրում: Եթե մենք համեմատում ենք այն ժամանակվա և ներկայիս ստարտային պայմանները, մենք հասկանում ենք, որ փոփոխություն չի կարող լինել: Իսկ հավատալ հեքիաթների, այն էլ այս իրավիճակում, մի փոքր սխալ է: Ինչ վերաբերում է Թուրքիայից, Ադրբեջանից եկող կապիտալներին, ուղղակի ուզում եմ, որ մարդիկ լավ հասկանան՝ այդ կապիտալները, որոնց նաև այս իշխանության մերձիշխանական օլիգարխիկ շրջանակներում սպասում են, չեն գալու Հայաստանի տնտեսությունը զարգացնելու: Այն, որ ամպագոռգոռ և հպարտորեն ասում են, թե շուտով Գյումրիում անշարժ գույքը թանկանալու է, հողը թանկանալու է, իրենք գալու են, պարզապես առնեն:
Օրինակ, կարելի է տեսնել՝ Ուկրաինայում ինչ է կատարվում հայտնի օրենքից հետո, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին հողերը գնել, իրենք գնում են հողերը և ոչինչ չեն անում: Հայաստանում լինելու է այս իրավիճակը: Հետևաբար՝ սպասել, որ արտաքին կամ ներքին ինչ-որ փոփոխություն կլինի, ինձ թվում է՝ այդքան էլ իրատեսական չէ, եթե մեղմ ձևակերպենք»,- նշեց Մաթևոսյանը: