«Ստո՛ւմ են այս իշխանությունները և ուզում են այդպես ստելով էլ կայուն մեծամասնություն ձևավորել․ այս հարցում Սերժ Սարգսյանը իրավացի է». Հրանտ Բագրատյան

Երեկ երեկոյան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում առկա մի տեղեկանք, ըստ որի՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորիերի թիվն ապրիլ ամսին 1064 է։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նույն ապրիլ ամսին հայտարարել է 321 թվի մասին։

Սերժ Սարգսյանի հրապարակած տեղեկանքի վերաբերյալ ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց հիմնադրամի ղեկավար Վարուժան Ավետիքյանը՝ նշելով, որ hրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը, այն ցույց է տալիս, թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ-որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել, և այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ, բարեբախտաբար, նույնիսկ հայտաբերվել են:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագատյանը շեշտեց՝ այս հարցում իրատեսը Սերժ Սարգսյանն է, որովհետև պատերազմի ավարտից 7 ամիս հետո չի կարող մեզ մոտ հայտնաբերվել ողջ զինվոր, ուստի նրանք կա՛մ մահացած են, կա՛մ գերեվարված։

«Մեր զոհերի թիվը 7300 է. այս թիվը հաշվարկված է հրապարակված անուններով։ Անհետ կորածների թիվը, այո՛, եղել է 1064-1100-ի սահմաններում։ Այս հարցում Սերժ Սարգսյանը իրավացի է, որովհետև պատերազմի ավարտից 7 ամիս անց անհետ կորածը ո՞րն է՝ մարդը կա՛մ մահացել է, կա՛մ գերի է։ Ստո՛ւմ են այս իշխանությունները թվերի մեջ ու ուզում են այդպես ստելով էլ կայուն մեծամասնություն ձևավորել։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ կայուն մեծամասնություն ձևավորեք, որ ի՞նչ անեք՝ Հայաստանի մնացած մասը տա՞ք»,- ասաց Բագրատյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակից գործարար Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարություններին, որ իրենք այս արտահերթ ընտրություններով պետք է ստանան ընտրողների 60 տոկոսի կողմ ձայնը, որպեսզի կարողանան կայուն մեծամասնություն ձևավորել, որը, ըստ Խաչատուր Սուքիասյանի, թույլ է տալու տնտեսությունն անցնցում զարգացնել, Հրանտ Բագրատյանը հեգնեց.

«Խաչատուր Սուքիասյանը որ կա, արդեն տնտեսությունն ինքն իրեն կարագանա, էլ կայուն մեծամասնությունն ի՞նչ են անում․․․ Իրականում նա տնտեսությունից ոչինչ չի՛ հասկանում»։

Դիտարկմանը, որ, ըստ գործարար Սուքիասյանի, Հայաստանում այսօր բանկերով տեղաբաշխված է 600 միլիարդ դրամի, կամ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ներդրում, հետևաբար՝ սրանք ֆանտաստիկ թվեր են, տնտեսության վիճակն էլ լավ է, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.

«Նորմալ երկրներում բանկերի կողմից ներդրումները երեք անգամ ավելին են, քան ՀՆԱ-ն։ Այսօր բանկերի կողմից ներդրումներ չեն երևում։ Ես չգիտեմ, թե նա այդ թիվը որտեղից գիտի. օդից խոսում է, եթե գոնե 40 միլիարդ թիվ ասեր, ես գոնե այդ դեպքում կզարմանայի, ուստի, Խաչատուր Սուքիասյանը չի էլ հասկանում իր ասած սխալի խորության աստիճանը»։

Նա ընդգծեց, որ տնտեսությունը ստեղծված վատթարագույն վիճակից դուրս բերելու համար իրենք առաջարկում են փոխել տնտեսական քաղաքականության մոդելը՝ սպառման մոդելից անցում կատարելով առաջարկով պայմանավորված տնտեսության, երբ պետությունը խրախուսում է մասնավոր բիզնեսը, իրականացնում ներդրումներ, վարում ակտիվ ներդրումային քաղաքականություն՝ այդ եղանակով խթանելով բիզնեսը։

Հրանտ Բագրատյանը նշեց, որ տնտեսական քաղաքականության այս մոդելին հնարավոր է անցնել բացառապես նոր ձևավորված իշխանության դեպքում, որտեղ իրենց կուսակությունն արդեն իսկ հեռանկարներ է տեսնում և այդ մի քանի քաղաքական ուժի հետ պատրաստ կլինի համագործակցության։

«Սակայն այդ ամենի համար պետք է մի փոփոխություն անենք՝ Փաշինյանը պետք է վարչապետ չլինի, ինչը կարող էին անել մինչև ընտրությունները խորհրդարանում գտնվող այդ ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», սակայն չարեցին, որովհետև, օրինակ, Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանի տիրապետության տակ, դրա համար օղակ է Խաչատուր Սուքիասյանը։ Գագիկ Ծառուկյանը ջոկեր է. Փաշինյանը գնել է Ծառուկյանին՝ տալով նրան այդ արտոնությունը»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ որպես Փաշինյանի կողմից տրված արտոնություն դիտարկելով ցեմենտի կլինկերի համար սահմանված հարկը։

«Կլինկերի մասին օրենք է ընդունվում այն հաշվով, որ միայն ցեմենտ արտադրի Ծառուկյան Գագիկը։ Ինչի՞ եք տուրք սահմանել, բերեք՝ փորձեք մրցակցել դրսի ցեմենտի հետ, հիմա որն է լավ՝ «Արարատցեմենտ»-ը տուժի՞, թե՞ հարյուր-հազարավոր շինարարներ»,- մտահոգություն հայտնեց նախկին վարչապետը։

Հիշեցնենք, որ 168.am-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան նախընտրական տնտեսական-քաղաքական պայմանավորվածությանը՝ ցեմենտի դիմաց:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս