Ծանր ժառանգություն. գալու է նաև պարտքերը տալու ժամանակը
Բյուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։
Սա մեր տնտեսության կարողությունների համեմատ՝ պարտքի ահռելի աճ է։ Ու դա տեղի է ունեցել տնտեսության անկման պայմաններում։
Տնտեսությունը սեղմվել է, իսկ պարտքը՝ ավելացել։ Դա հետո ծանր բեռ է դառնալու։
Մեծ շռայլություն է՝ պարտք վերցնել ու ընթացիկ ծախսեր ֆինանսավորել, ճոխ-ճոխ պարգևավճարներ տալ, հսկայական գումարներ վատնել՝ պետական ահռելի ապարատը պահպանելու համար։ Բայց կառավարությունը նույնիսկ դրանով չի բավարարվում։ Պարտքով ձևավորվող բյուջեի գումարներն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ընտրողներին գայթակղելու համար։
Եթե նախկինում նման բան լիներ, Նիկոլ Փաշինյանը մեծ վայնասուն էր բարձրացրել։ Բայց այսօր նա կարող է իրեն թույլ տալ ոչ միայն պարտքերի հաշվին սրան-նրան լավություն անել, այլև ապագայի հետ կապված խոստումներ տալ։
Երկիրը անվտանգության, ղարաբաղյան պատերազմից հետո կորցրած ռազմական կարողությունների համալրման, սահմանների պաշտպանության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Փոխարենը մտածելու այդ մասին, իշխանություններն այսօր միայն մեկ խնդիր են լուծում՝ իրենց վերարտադրության խնդիրը։ Ու դրա համար պատրաստ են երկիրը թաղել պարտքերի մեջ։ Կարևոր չէ, թե հետո ով կկրի այդ գումարները վերադարձնելու պատասխանատվությունը։
Սա բացարձակ անպատասխանատու վերաբերմունք է պետության նկատմամբ։
Ոչ ոք չի ասում, թե պետք չէ պարտք վերցնել։ Բայց դա էլ պիտի չափի մեջ լինի ու երկրի կարողություններին համապատասխան։ Անմտություն է պարտք վերցնել՝ ընթացիկ ծախսերը կատարելու համար։ Երբ երկրի ֆինանսական միջոցները չեն բավարարում ընթացիկ ծախսերը կատարելուն՝ մտածում են առաջին հերթին դրանք կրճատելու, վերմակը սեփական հնարավորությունների չափ պարզելու մասին, և ոչ թե՝ երկիրը թաղում են նոր պարտքերի մեջ, որտեղից դուրս գալը հետո շատ ավելի դժվար է լինելու։
Այսօրվա իշխանության օրոք մեր երկրի պետական պարտքը միայն անցած 1 տարում ավելացել է 18,5 տոկոսով։
Դժվար է հիշել, թե նախկինում երբ է պարտքը նման կտրուկ աճ ունեցել։ Սա, անխոս, թռիչքային աճ է։ Ոչ մի տեղ նման աճեր չունենք, բացի պարտքի աճից։
Ապրիլի վերջի դրությամբ մեր երկրի պետական պարտքը հասել է շուրջ 8 մլրդ 773 մլն դոլարի։
Դրանից 1 մլրդ 370 միլիոնը ձևավորվել է վերջին 1 տարվա ընթացքում։
Գրեթե 29 տարում պետությունը կուտակել է 7 մլրդ 403 մլն դոլարի պարտք։ Իսկ միայն վերջին 1 տարում, այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտքն ավելացրել է 1 մլրդ 370 մլն դոլարով։
Հիմա պատկերացրեցի՞ք, թե ինչ է տեղի ունեցել պարտքի կառավարման հետ։
Այս տարվա առաջին 4 ամսում պարտքն ավելացել է 804 մլն դոլարով։ Չորս ամսում՝ ավելի քան 10 տոկոսով։
Աճի այսպիսի տեմպով Հայաստանը շուտով կարող է հայտնվել պարտքային ճգնաժամի մեջ։ Հիմա նման վտանգի առաջ ենք։ Պարտքային ճգնաժամի ռիսկերը չափազանց բարձր են, հատկապես, եթե հաշվի առնենք տնտեսության ներկա վիճակն ու ապագայի հետ կապված ոչ նպաստավոր սպասումները։
Մեր տնտեսության երկարատև աճի հիմքերը, որոնք պետք է պայմաններ ստեղծեն պարտքերը վերադարձնելու համար, այս պահին գրեթե բացակայում են։ Ներգրավված միջոցները գոնե թե ուղղեն այդ հիմքերի ստեղծմանը՝ լուծում են առօրյա խնդիրներ։ Այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում շատ դժվար է լինելու կրել պարտքի այն բեռը, որը հասցրել ենք կուտակել։ Իսկ պարտքերով անհնարին է երկիր պահելը, եթե տնտեսությունը չաշխատի ու չստեղծի դրանք վերադարձնելու հնարավորություններ։
Այդ մասին մտածելու փոխարեն՝ կառավարությունն ինքնամոռաց պարտքեր է կուտակում, որոնց վերադարձման պարտավորությունը ծանրանալու է սերունդների վրա։ Դրա ազդեցությունը հետո ենք զգալու, երբ գա պարտքերը մարելու պահը։
Այդ ժամանակ այս իշխանությունը հաստատ չի լինելու։ Բայց բոլորս ենք կրելու այն ամենի հետևանքները, ինչ տեղի է ունենում այսօր պարտքի հետ։
Աճում է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Արտաքին պարտքը հասել է 6 մլրդ 743 մլն դոլարի։ Ներքին պարտքը հատել է 2 մլրդ դոլարի սահմանը։ Վերջին տվյալներով, այն կազմել է 2 մլրդ 29 մլն դոլար։
Անցած 1 տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 43 մլն դոլարով։ Աճն անցնում է 18 տոկոսից։
Աճի տեմպն ավելի բարձր է ներքին պարտքի դեպքում. 1 տարում՝ ավելի քան 19 տոկոս։ Այդ ընթացքում կառավարությունը հասցրել է ներքին պարտքը մեծացնել ևս 326 մլն դոլարով։
Պարտքերի ներգրավման այս մոլուցքը, անշուշտ, լավ օրից չէ։ Վերջին տարիներին, առանց հաշվի առնելու առկա հնարավորությունները, պետական բյուջեի ծախսերի մեծ փուչիկ է փչվել։ Ծախսերն ավելացել են, իսկ եկամուտները կրճատվել են։
Որպեսզի բյուջեն չպայթի, գնացել մեծ պարտքեր են վերցրել ու դրանց հաշվին անհասկանալի ծախսեր են անում, առանց մտածելու, որ գալու է նաև այդ պարտքերը վերադարձնելու ժամանակը։
Պարտքի բեռը հասցրել են ՀՆԱ 70 տոկոսին՝ հիմա էլ արդարացում են փնտրում, թե կան երկրներ, որոնք ունեն ավելի մեծ պարտքի բեռ։ Հետո՞ ինչ, որ կան. դա չի նշանակում, թե մենք էլ կարող ենք հայտնվել այդ երկրների շարքում։
Պարտքը վերադարձնելու մեր տնտեսության ու բյուջեի հնարավորությունները շատ սուղ են։ Արդեն հիմա բյուջեի միջոցների 10 տոկոսն ուղղվում է միայն պարտքի սպասարկմանը, չհաշված մարումները։ Ու այս բեռը գնալով ավելանալու է։ Այն մարելու համար՝ ապագայում ստիպված ենք լինելու տնտեսության ու քաղաքացիների հարկային բեռն ավելացնել, ինչն իշխանությունը հիմա պատրաստվում է անել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ