«Եթե կառավարությունը 200 հեկտար այգի հիմնողին սուբսիդիա է տալու, ապա 3 հոգու կտա, ու իր ծրագիրը դրանով կավարտվի». Հարություն Փախչանյան

Կառավարությունը հունիսի 3-ի նիստում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիր է հաստատել։

Այս ծրագրով նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հեկտար խաղողի, հատապտղի և պտղատու ծառերի ինտենսիվ այգիների հիմնումը, ինչպես նաև  տարեկան շուրջ 300 հեկտար տարածքում ոռոգման արդիական համակարգերի, ջրավազանների կառուցումը, կարկտապաշտպան ցանցերի ներդրումը։

Կառավարությունը 2022 թվականին՝ շուրջ 50 հեկտար, իսկ 2023 թվականին՝ 100 հեկտար ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման աշխատանքներին այս ծրագրով աջակցություն կտրամադրի։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ Կառավարությունն ամեն հեկտարի համար մինչև 50 տոկոս ներդրված գումարը հետ վերադարձնելու է ներդրողին՝ մինչև 10 հեկտար այգիների համար, իսկ եթե 10 հեկտարից ավելի է՝ ապա պետությունը կսուբսիդավորի բանկի տոկոսագումարը։

Նշենք, որ, օրինակ,10 հեկտար ինտենսիվ այգի հիմնելու համար պահանջվում է 200-250 միլիոն դրամ, որի 50 տոկոսը ներդրողին պետությունը պարտավորվում է վերադարձնել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արմբերի» հատապտուղների արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Հարություն Փախչանյանը նշեց, որ Կառավարության ընդունած այս որոշումը նախորդ Կառավարության ընդունած որոշման փոփոխված տարբերակն է։

Ըստ նրա՝ կատարվել են ինչպես դրական, այնպես էլ՝ անհասկանալի փոփոխություններ. մասնավորապես, դրական է, որ  այս որոշմամբ նաև պետությունը կխթանի ջրավազանների կառուցումը, անհասկանալի է նախատեսված դրույթներից մեկը, որը վերաբերում է փորձագետների պարտադիր ներգրավմանը։

«Նախատեսվում է ինտենսիվ այգիների հիմնման համար 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող խորհրդատուների հետ կնքել պայմանագիր, սակայն հստակեցված չէ, թե այդ աշխատանքային փորձն ինչին է վերաբերում՝ գյուղոլորտի՞ն, թե՞ հենց ինտենսիվ այգիներին. եթե ինտենսիվ այգիներում աշխատելու 3 տարվա փորձ պետք է ունենա փորձագետը, ապա այդ ոլորտում մենք ունենք մասնագետների խնդիր, և ես չեմ պատկերացնում, թե այս կետն ինչպես է կյանքի կոչվելու»,- մանրամասնեց  Փախչանյանը։

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նախատեսվող սուբսիդիաներին, ապա այդ գործիքի կիրառումը, ըստ Փախչանյանի, կար դեռևս նախորդ Կառավարության ժամանակ, հիմա էլ այն շարունակում է գործել, ինչը, իհարկե, տվյալ ոլորտը խթանելու շատ լավ միջոց է, սակայն գործող Կառավարության ընդունած այս որոշման մեջ այդ սուբսիդիաների ծավալներն են խնդրահարույց։

Դիտակմանը՝ եթե հիմք ենք ընդունում, որ մոտավոր հաշվարկներով 200 հեկտար այգու հիմնման համար անհրաժեշտ է 500 միլիոն դրամ, այդ դեպքում ինչո՞ւ պետք է պետությունը սուբսիդավորի կես միլիոն դոլարի ներդրման հնարավորություն ունեցող տնտեսվարողին, Փախչանյանն արձագանքեց.

«200 հեկտարը Հայաստանի պայմաններում շատ մեծ թիվ է. կարելի էր վերցնել մինչև 50 հեկտար այգիների համար այդ սուբսիդավորումը։ Իրականում 200 հեկտար հիմնողը  կարող է անգամ չդիմել  պետությունից սուբսիդավորում ստանալու համար։ Մյուս կողմից, եթե 200 հեկտար այգի հիմնողին Կառավարությունը սուբսիդավորում է, ապա ստացվում է, որ իր ընդունած ծրագրով կսուբսիդավորի 3 հոգու, և ծրագիրը կավարտվի։ Իրականում ես չեմ ճանաչում մեկին, որը կարող է այդ ծավալով այգի հիմնել. ամենամեծ ծավալի այգիները հասնում են մինչև 50 հեկտարի։ Դրանից  բացի, 200 հեկտար հող Հայաստանում  գտնելն արդեն իսկ շատ լուրջ խնդիր է, քանի որ մեր երկրում հողերի կտրտվածությունը շատ մեծ ծավալների է հասնում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս