Փաշինյանի թվային խառնաշփոթը
2007-2018 թվականներին Ադրբեջանը ռազմական կարիքների վրա ծախսել է 23 միլիարդ, Հայաստանը ծախսել է 4 միլիարդ դոլար:
Ծաղկահովիտ համայնքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ու էդ մարդիկ էկել են մեծ-մեծ բաներից են խոսում: Բա էդ բյուջեների 5 կամ 5.5 անգամ տարբերությունը ո՞նց է եղել»,- նշեց նա:
Հավելենք, որ Օշականում նա այլ թվային պատկեր էր ներկայացրել. «2008-2017 թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն եղել է շուրջ 26 միլիարդ դոլար, ՀՀ ռազմական բյուջեն եղել է 4 միլիարդ դոլարի կարգի: Եվ այդ ընթացքում Հայաստանն իր ռազմական բյուջեով շուրջ 3.7 անգամ զիջել է Ադրբեջանին»:
Փաշինյանը «վկա» բերեց Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտին, թե իբր, ըստ նրանց վիճակագրության, վերջին 10 տարում՝ 2001-2020 թվականների ընթացքում ՀՀ-ի ձեռք բերած զենքի 75-80 տոկոսը բաժին է ընկնում հեղափոխությունից հետո ընկած ժամանակաշրջանին:
«Եվ այսօր պաշտոնանկ արված գեներալներ կան, որ մեր հասցեին հոխորտում են, իսկ էն հին կոռումպացված իշխանությունների հասցեին դիֆերամբներ են ձոնում: Գիտե՞ք ինչի, որովհետև մենք իրենց տվել էինք զենք, սպայական կազմի աշխատավարձը ընդհուպ 60 տոկոսով ավելացրել ենք: Իսկ նախկին իշխանություններն իրենց տվել են գողանալու հնարավորություն, գազալցակայաններ, տարբեր ապօրինություններով սեփական բարեկեցությունը կառուցելու հնարավորություն: Եվ նաև էդ է, որ պարտվել ենք պատերազմում, որովհետև էդ գեներալները փոխանակ զինվորների մարտական պատրաստությունը բարձրացնեին, իրենց բարեկեցությունը և դղյակներն էին մեծացնում»,- նշեց Փաշինյանը:
Հավելենք, որ վերջերս ռուս վերլուծաբանները հիշեցրել էին, որ արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:
Միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք:
«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված: Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին: Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի և հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար, ընդ որում, ՀՕՊ-ից ավելի վաղ նախատեսված ТОР-երի գնումները, ինչպես նաև Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ները, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,- մասնավորապես, ասվում է «Кавказский узел» պարբերականի հոդվածում: