Վարչապետի պատասխանատվությունն է՝ շարունակել այն, ինչ ստորագրել է՝ գերությունից մեր տղաներին տուն վերադարձնել. Արմեն Սարգսյան
«Միակ գործիքը, որ ես ունեմ, իմ խոսքն է, ես կարող եմ համոզել մյուս կողմին կամ կողմերին, որ սա ավելի լավ ճանապարհ է, քան այն, ինչ դու ընտրում ես»,- ամերիկահայ փաստաբաններ Գառնիկ Քէօրքիւնեանի (Karnig Kerkonian) և Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) Frontlines հաղորդման շրջանակում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, անդրադառնալով ռազմագերիների խնդրին և ՀՀ կառավարության որոշմանը՝ պատերազմից հետո պահել իշխանությունը:
Նախագահ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը վերադարձրեց ադրբեջանցի ռազմագերիներին, իսկ ադրբեջանական կողմը պահեց նրանցից մի քանի հարյուրին: Ա․ Սարգսյանի խոսքով՝ այս մի քանի հարյուրը հսկայական թիվ է, որովհետև մենք խոսում ենք մի քանի հարյուր ընտանիքների մասին, որոնք դժոխքում են ապրում այս օրերին, նրանց տղաները, աղջիկները գերության մեջ են թշնամու մոտ, և սա պետք է լուծվի:
«Եվ, իհարկե, պետք է օգտագործվի ցանկացած քաղաքական, միջազգային, հումանիտար գործիք նրանց՝ մեր տղաներին Հայաստան վերադարձնելու համար: Որպես Հանրապետության նախագահ, կրկին ես չունեմ գործիքներ և ես այն մեկը չեմ, որը բանակցում է ո՛չ ադրբեջանական կողմի հետ, ո՛չ ռուսական կողմի հետ, որովհետև հայտնի հրադադարի հայտարարությունը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև: Ուստի սա պատասխանատվությունն է վարչապետի՝ շարունակել այն, ինչ նա ստորագրել է՝ ետ վերադարձնել մեր տղաներին տուն»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջերս եղել է Սյունիքում և ՀՀ այլ սահմանապահ մարզերում: «Կրկին մենք ականատես ենք դառնում ողբերգության, և ես այս բառը հեշտությամբ չեմ օգտագործում, որովհետև սա ողբերգություն է, երբ գյուղի մի մասը, որտեղ մարդիկ ապրում էին, ներկայումս օկուպացված է ադրբեջանցիների կողմից ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտմամբ և պարզապես առանց մարդկային պահվածքի, և յուրաքանչյուր գիշեր այս մարդիկ քնում են վախով, որ ինչ-որ բան կարող է պատահել: Ուստի կրկին սա պետության պատասխանատվությունն է՝ հոգ տանել այս հարցի համար»,- ասաց Սարգսյանը:
Ըստ նրա՝ ճգնաժամային իրավիճակի լուծում կարող էր լինել նոր Կառավարությունը՝ կամ Ազգային համաձայնության, կամ պրոֆեսիոնալների: Բայց, ըստ նրա, չկա գործիք, ինքն առաջարկն արել է, բայց Կառավարությունը, վարչապետը որոշեցին այլ ճանապարհով գնալ, նրանք մնացին իշխանության, և չկա ճանապարհ, որպեսզի ինքը պարտադրի նրանց:
«Միակ գործիքը, որ ես ունեմ, իմ խոսքն է, ես կարող եմ համոզել մյուս կողմին կամ կողմերին, որ սա ավելի լավ ճանապարհ է, քան այն, ինչ դու ընտրում ես»,- մանրամասնեց Արմեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, որն ընդունում է թե՛ վարչապետը, թե՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ս․Սարգսյանի խոսքով՝ նույնիսկ կարևոր չէ՝ կառավարման համակարգը խորհրդարանակա՞ն է, թե՞ նախագահական, պետք է լինի ստուգման և հավասարակշռման մեխանիզմ: Նրա համոզմամբ, երկրում նման ճգնաժամերը լուծելու համար սահմանադրական բարեփոխումներ են հարկավոր: