Բաժիններ՝

Այսպիսի վարքագծով պետական պաշտոնյան ինքնին պրոբլեմ է․ տնտեսագետը՝ պրոբլեմներ լուծող նախարարին

«Խոսել ներդրումների մասին, երբ անվտանգային խնդիրները բերում են էական անորոշությունների՝ սա արդեն պոպուլիզմ չէ, սա արդեն մարդկանց հիմարացնել է։ Այսպիսի վարքագծով պետական պաշտոնյան ինքնին պրոբլեմ է»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի վերջին

հարցազրույցում հնչեցրած մտքերին այսպես արձագանքեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նշենք՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում անըմբռնելի լավատեսությամբ հայտնի Վահան Քերոբյանն անդրադարձել է տնտեսական աճի և հորդացող ներդրումների մասին իր հայտնի գրառմանը։

«Ուրախալի է այն, որ մենք արել ենք ավելին, քան անցած տարվա անկումը, և ըստ էության, 2021 թվականի ապրիլին Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ է, քան 2019 թվականին՝ այսինքն՝ նախաճգնաժամային ապրիլը, դա նշանակում է, որ՝ այո՛, կա ուրախանալու առիթ, ես, իհարկե, չէի ուրախանա, եթե աճը լիներ 13 տոկոս, բայց 23 տոկոսը ուրախանալու առիթ է տալիս,- նշել է նա, ապա խոսելով ներդրումների մասին՝ ասել, որ Հայաստանում ներդրումների վիճակագրության վարման լավ մեթոդոլոգիա գոյություն չունի,- Մենք լավ չենք հաշվում ներդրումներն այսօր։ Երկրորդը՝ երբ ես ասել եմ՝ ներդրումները հորդում են, նկատի չեմ ունեցել օտարերկրյա ներդրումները, այլ բոլոր ներդրումներն եմ նկատի ունեցել»։

Ներկայացնելով ներդրումների մի քանի օրինակներ՝ Վահան Քերոբյանն ասել է, որ նախորդ վեց ամսվա մեջ իր վրա է վերցրել ներդրումների պրոբլեմները լուծող մարդու դերը․

«100-ից ավելի ներդրումային ծրագրեր են եղել այս ընթացքում, որոնք պրոբլեմ են ունեցել ինչ-որ տեղ, ինչ-որ կաբինետում, և ես լուծել եմ այդ խնդիրները»։

Ի դեպ, հարցազրույցի վերջում նախարարի պաշտոնակատարը նկատել է, որ ուժեղ Հայաստանի հնարավորություն տեսնում է միայն այս թիմի հետ, որովհետև տեսնում է, թե ինչ ջանքեր է գործադրում այս քաղաքական թիմը՝ օր առաջ ուժեղ Հայաստան ունենալու համար։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նման հայտարարություններին հակադարձեց՝ մեր երկրից կապիտալը փախչում է․ «Դա միայն համավարակով և պատերազմով չի պայմանավորված։ Իրենք հենց զավթել են իշխանությունը, մենք արձանագրել ենք կապիտալի փախուստ, որովհետև բարձրացել են անորոշությունները, ապիկար կառավարումը դարձել է համատարած, ինչն արձանագրվել է նաև պաշտոնական վիճակագրությամբ։

Սկսած 2019 թվականից՝ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կրճատվել է մեր երկրում․ օրինակ, 2019 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը 2018 թվականի համեմատ կրճատվեց 30 միլիարդ դրամով: 2019 թվականն իրենց ոսկեդարն էր, քանի որ մի քանի տոկոս տնտեսական աճ է եղել, որը պայմանավորված էր նախևառաջ նախորդ տարիներին դրված հիմքերի հաշվին, ապա նաև՝ հարկային տեռորի։ Մինչդեռ հիմնական ներուժը, որը հաջորդ տարիներին պետք է ապահովեր տնտեսական աճ, օտարերկրյա ուղղակի ներդրումներն էին։

2020 թվականին արդեն աննախադեպ վիճակ էր, երբ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի կրճատումը կրկնապատկվեց՝ դառնալով շուրջ 64 միլիարդ դրամ, և առաջին անգամ գրանցվեց, որ առկա է բացասական զուտ ներհոսք․ այսինքն՝ ավելի շատ գնացել էր մեր երկրից, քան եկել էր, և դա արդեն 7 միլիարդ դրամի չափով։

Մի կառավարություն է խոսում ներդրումների մասին, որ, իրենց հատուկ բառամթերքով ասեմ, աննախադեպություն են գրանցել 20-25 տարվա կտրվածքով՝ բացասական իմաստով»։

Դիտարկմանը, թե նախարարը նշել է, որ ներդրումներ ասելիս՝ նկատի չունի միայն օտարերկրյա ներդրումները, տնտեսագետն արձագանքեց․

«Իրենք մեր տեղական նյութական հնարավորությունները, որոնք կային և կարող էին դառնալ ներդրումներ՝ ջրային ռեսուրսներ, հանքահումքային ռեսուրսներ, մեծ գյուղատնտեսական հողատարածքներ, էներգետիկ ենթակառուցվածքներ, ամբողջն իրենց դավաճանական վարքագծով և ապիկարությամբ փոխանցել են հարևան երկրին։ Մեր երկրի տնտեսական ներուժը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, քանի որ մեկ տնտեսական տարածք է, ընդամենը 44 օրերի ընթացքում ուղղակի նվիրեցին հարևան թշնամուն»։

Թադևոս Ավետիսյանը մանիպուլյացիա որակեց նախարարի լավատեսական դիտարկումները․

«Իրենք իրականությունից այնքան են կտրվել, որ գիտեն՝ դեռ իրենց այդ կեղծիքն ու մանիպուլյացիան աշխատում է, և գիտեն՝ դրանով քվեներ են շահելու․ կարծում եմ՝ դրա պատասխանը մեր հանրությունը պետք է տա և բավականին խիստ և կոշտ պետք է տա՝ ոչ թե անձին, այլ նիկոլիզմ երևույթին»։

Հիշեցնենք, երբ հունվարի 14-ին կառավարության հերթական նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ճեպազրույցում անդրադարձել էր ներդրումների թեմային՝ նկատելով, որ կան շատ ներդրողներ (ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, իր հարցազրույցներից մեկում էլ նշել էր. «Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա և ինվեստորը, և պրոյեկտը: Հիմա մեր գերխնդիրն այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է», 168.am-ը հունվարի 18-ին գրավոր հարցմամբ նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել էր, թե քանի՞ ներդրումային առաջարկ կա այս պահին և որո՞նք են առաջին հինգ խոշոր ներդրողները (ներդրումային ընկերությունները):

Հարցման պատասխանն առ այսօր չենք ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս