Սուվերենության հարց չի քննարկվում: Եթե միջանցք անվանելով՝ ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա այլ հարց է. Մհեր Գրիգորյան
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Մեղրիի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օրերս հնչեցրած այն հայտարարությանը, թե հայկական կողմը պատերազմից հետո չէր համակերպվում միջանցքի մտքի հետ, ու հիմա այն գաղափարին է, թե պետք է լինի միջանցքը:
«Ես ևս մեկ անգամ և կրկին անգամ արձագանքում եմ, վստահեցնում եմ Ձեզ, որ միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու: Եվ հնարավոր էլ չի քննարկել նման հարց: Եթե միջանցք անվանելով՝ ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է: Բայց եթե միջանցք ասելով՝ մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ Ձեզ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը հասկանում «միջանցք» տերմինը, Գրիգորյանն արձագանքեց.
«Ես Ձեզ կասեմ մի բան՝ վստահեցրել եմ և վստահեցնում եմ, եթե որևիցե մեկը միջանցք ասելով՝ ենթադրում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, դա բացառված է: Նման քննարկում չի լինելու և չի եղել»:
Խոսելով «տարածքային ապաշրջափակում» և «միջանցք» տերմինների միջև առկա գործնական տարբերությունների մասին՝ Գրիգորյանը նշեց, թե դա ընկալումների խնդիր է:
«Գործնականորեն… ընկալումների խնդիր է: Մարդ կա, որ դա զուտ համարում է որպես ուղղություն, մարդ կա, որ դա համարում է որպես նպատակ, մարդ կա, որ դա համարում է որպես սպեցիֆիկ ենթակառուցվածք: Մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում ապաշրջափակման պարագայում: Կա՛մ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կա՛մ չի լինի»,- ասաց Գրիգորյանը՝ բացառելով այդ հատվածում զորքեր տեղակալելու հարցը՝ «Զորքեր կանգնած չեն լինելու էդտեղ»:
Մհեր Գրիգորյանը նաև վստահեցրեց, թե հունվարի 11-ի հայտարարության հիմքով ձևավորված եռակողմ աշխատանքային հանձնաժողովի քննարկումներում օգտագործվում են միայն հայտարարության տերմինները:
«Բոլորը հանձնաժողովում առնվազն մինչև այս պահը և, վստահ եմ, որ այսուհետ, խոսույթը, որ օգտագործվում է և կօգտագործվի, հունվարի 11-ի հայտարարության տերմիններն են, որովհետև որևէ այլ տերմին ուղղակի հնարավոր չի դնել կիրառման մեջ, շրջանառության մեջ և առավել ևս՝ պայմանավորվածությունների գալ»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը, որը նաև եռակողմ հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավարն է՝ հավելելով, թե խնդիրը միայն տերմինների մեջ է:
«Մեր քննարկումների շրջանակի և քննարկվող հարցերի շրջանակի պարագայում ես կարծում եմ, որ դա զուտ տերմինի խնդիր է և որևէ այլ բան ուղղակի չի կարող լինել: Ուղղակի չի կարող լինել, որովհետև այդ աշխատանքային խմբի թե՛ մանդատը, թե՛ մասնակիցների լիազորությունները, թե՛ փորձագիտական աշխատանքի տրամաբանությունը ենթադրում է հունվարի 11-ի հայտարարության շրջանակ: հնարավոր չէ այդ շրջանակից դուրս գալ և քննարկել ինչ-որ այլ հարց: Ոչ միայն հնարավոր չի, այլ չի՛ լինի նման բան, ուղղակի: Չի՛ լինի: Չի՛ կարող լինել»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ասում՝ «միջանցք չկա», փոխարենն ասելու, օրինակ, որ պետք է այլ բառ օգտագործել, պատասխանեց.
«Որովհետև տերմինի տակ կարող է ընկալումներն այնպիսին լինեն, որ պարզվի, որ միջանցք ասելով, օրինակ, Դուք Ձեր հարցի մեջ ենթադրում եք մի իրավիճակ, որը մեր սուվերեն ենթակառուցվածքի ծանրաբեռնվածության խնդիր է առաջացնում, որը բացառված է: Այդ պարագայում մենք, այո, միշտ ասում ենք, որպեսզի թյուրընկալում չլինի: Այո, շատ դեպքերում մենք Հյուսիս-Հարավին էլ ենք միջանցք ասում, բայց տվյալ դեպքում, քանի որ հարցը զգայուն է, ավելի հստակ պետք է արձանագրենք և ասենք դրա մասին…
Գործնականում ես բազմիցս ասել եմ՝ կա երկու կետ: Մեկը տեխնիկական հնարավորություններն են ենթակառուցվածքների աշխատանքների, մյուսը՝ իրավական կարգավորումներն են, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների իրավական բազայի, միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների շրջանակներում»: