«Իրանը մշտապես շեշտել է, որ տարածաշրջանում չպետք է լինեն արտատարածաշրջանային ուժեր․ նման ուժերի տեղակայումը ձեռնտու չէ Իրանին». Ահարոն Վարդանյան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին պաշտոնական այցով գտնվում էր Երևանում։ Երևանում նա հանդիպեց Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի, Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում նրան ներկայացվեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Սյունիքի մարզի հատվածում։

Իրանի արտաքին գործերի նախարարն ի՞նչ մեսիջներ փոխանցեց ՀՀ իշխանությանը՝ կապված սահմանային իրավիճակի հետ, և այդ սահմանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկն ինչպե՞ս է ընկալվում Իրանում, այնտեղ  ի՞նչ կարծիքներ կան սրա հետ կապված։

168.am հետ զրույցում իրանագետ Ահարոն Վարդանյանն անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ պաշտոնական հաղորդագրություններում Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքերում կային ուղերձներ, որոնք հիմնականում կապված էին Սյունիքի մարզի և Իրանի անհանգստությունների հետ։

«Զարիֆը ևս մեկ անգամ նշեց, ընդգծեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար խիստ կարևոր է, և այդ տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի։ Կարծում եմ՝ սրանով Իրանը մի քանի նպատակ է հետապնդում։ Իրանն ունի տարածքային ամբողջականության խնդիր, բազմազգ պետություն է, տարբեր ազգեր ու ժողովուրդներ կան, որոնց մի հատվածում կան անջատողական նկրտումներ, և Իրանը չի ցանկանում, որպեսզի տարածաշրջանում մեկ այլ պետության տարածքային ամբողջականության խախտումն իր համար նախադեպային լինի, և հանկարծ նման երևույթ կրկնվի նաև Իրանում»,- նշեց Ահարոն Վարդանյանը։

Իրանագետի խոսքով՝ Սյունիքն Իրանի համար չափազանց կարևոր է և ունի ռազմավարական նշանակություն, հետևաբար՝ այդ հարցում Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են։ Նաև վերջին շրջանում ակտիվացել են Իրանի վերլուծակական-փորձագիտական շրջանակների հրապարակումները տարբեր թևերի ռեսուրսներով և տեղեկատվական հարթակներով, որտեղ անհանգստություն են արտահայտում՝ Սյունիքի հետ կապված։

«Նրանք իրենց հրապարակումներում ասում են, որ եթե, Աստված չանի, Սյունիքում թուրք-ադրբեջանական ուժեր հաստատվեն, կամ այն անցնի նրանց հսկողության տակ, ապա կվտանգվի Իրանի ազգային անվտանգությունը, Իրանի ամբողջ հյուսիսը կհայտնվի թուրքական շրջափակման մեջ։ Այս առումով, բացի այն, որ Իրանը կհայտնվի շրջափակման մեջ, այլև թուրքական ազդեցությունն ահռելիորեն կմեծանա Հարավային Կովկասում՝ մեծ վնաս հասցնելով իրանական շահերին։ Այս ամենը հաշվի առնելով՝ նշում են, որ նման բան չպետք է թույլ տան։

Զարիֆն էլ իր խոսքում նշեց, որ Սյունիքը շատ կարևոր է, և Իրանը պետք է ակտիվանա Սյունիքում, իրանական ներկայությունն այնտեղ պետք է աճի»,- հավելեց Ահարոն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, իրանագետը նկատեց՝ այս ամենն աբսուրդային է, քանի որ Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը։

«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է մեր ինքնիշխան, անկախ սուվերեն տարածքը հարձակման ենթարկվում մեկ այլ պետության կողմից, իսկ հայկական կողմը չի կարողանում պաշտպանել իր տարածքը։ Սա նոնսենս է, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Եթե բանը հասել է սրան, ապա, բնականաբար, Իրանի համար ձեռնտու չի լինի նման ուժերի տեղակայումը։ Իրանը մշտապես շեշտել է, որ տարածաշրջանում պետք է չլինեն արտատարածաշրջանային ուժեր, տարածաշրջանը պետք է մաքրվի արտատարածաշրջանային ուժերից, և նրանք ջանք ու եռանդ չեն խնայում Իրաքից, Աֆղանստանից, Սիրիայից և այլ հատվածներից տարբեր ուժերի դուրսբերման համար։ Կարծում եմ՝ այս դեպքում էլ բացառություն չէ, նման ուժերի տեղակայումը ձեռնտու չէ Իրանին, ըստ իս, եթե արդեն լինեն գործնական քայլեր՝ Իրանն ամպայմանորեն իր կարծիքն արդեն կարտահայտի»,- ընդգծեց նա։

Հարցին՝ հայկական կողմն իրանական կողմի հետ գործուն քայլեր իրականացնո՞ւմ է  Սյունիքում եղած վտանգը չեզոքացնելու ուղղությամբ, Ահարոն Վարդանյանը պատասխանեց, որ զուտ հայտարարությունների մակարդակով են ինչ-որ բաներ լինում, տարբեր տեսակի համաձայնագրերի մասին են հայտարարում, սակայն առայժմ դրանից ավելի որևէ բան չկա։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց առաջարկ, որը հանրության ու փորձագիտական շրջանակներում զարմանք է առաջացրել։ Նա Անվտանգության խորհրդի նիստում առաջարկությամբ դիմեց Ադրբեջանի կառավարությանը և միջազգային հանրությանը.

«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»։

 

Տեսանյութեր

Լրահոս