Բաժիններ՝

«Պատերազմից հետո բոլորիս էլ պարզ դարձավ, որ մենք պետք ենք երկրի ներսում, ոչ թե երկրից դուրս»․ պատանի ծրագրավորող

17-ամյա Ժաննա Հարությունյանը սովորում է Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցում, և արդեն մեկ տարի է՝ հաճախում է դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Ժաննան մեկն է այն պատանիներից, ովքեր արդեն սկսել են ակտիվ գործունեություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ցանկանում են լինել ոլորտի զարգացնողներից և կարկառուն ներկայացուցիչներից Հայաստանում։

«Մինչև «Արմաթ» հաճախելը մասնագիտության հարցում այլ կողմնորոշում ունեի, տնտեսագետ էի ցանկանում լինել, սակայն որոշ ժամանակ խմբակ հաճախելուց հետո արդեն մտածում էի, որ ծրագրավորող պիտի դառնամ։ Մի քանի ամիս էր, ինչ  բացվել էր խմբակը, երբ  անցանք հեռավար ուսուցման, որի ընթացքում, բացի «Արմաթի» դասերին մասնակցելը, սկսեցի ինքնուսուցմամբ զբաղվել, ավելի մանրամասն ուսումնասիրել ՏՏ ոլորտը։ Որպես սկիզբ՝ սկսեցի html, css ծրագրավորման լեզուներից՝ յութուբյան տարբեր հոլովակներ դիտելով, կարդալով, ուսումնասիրելով տարբեր կայքեր, աշխատանքներ։ Ի վերջո, արդյունքի հասա։ Երբ պատրաստեցի իմ առաջին փոքրիկ վեբ կայքը, անգամ մոռացել էի ճաշելու, դուրս գալու և հանգստանալու մասին, սակայն ոչինչ ինձ այնքան հաճույք չէր պատճառում որքան դա։ Չնայած նրան, որ ես ինձ այլ ոլորտներում ևս փորձել եմ և հաջողել, սակայն արդեն լիովին վստահ էի, որ ապագաս հենց այս ոլորտում է»,- պատմում է Ժաննան։

Ժաննան արդեն մի շարք խաղերի հեղինակ է։

«Scratch ծրագրի միջոցով ստեղծել եմ մի քանի խաղեր, որոնցից ուշադրության արժանի է Blueball խաղը։Այս խաղով մենք մասնակցեցինք DIGICODE 2021  կիրառական պատանեկան ծրագրավորման մրցույթին։ Խաղս հավանության արժանացավ ժուրի անդամների կողմից, խաղացողները ևս հավանել էին, սակայն ես ինքս մրցույթի ժամանակ չկարողացա այդպես էլ անցնել իմ իսկ ստեղծած աշխարհները, ինչը բավականին ծիծաղելի էր։

Blueball-ը համակարգչային խաղ է, որի նպատակն է՝ խոչընդոտները հաղթահարելով, անհրաժեշտ քանակի միավորներ հավաքելով՝ դիպչել թագին և տեղափոխվել հաջորդ փուլ։ Ունենք 3 փուլ և 11 աշխարհներ, որոնք հաղթահարելը, ինչպես նշեցի, բավականին բարդ է։ Inkscape և freecad ծրագրերի միջոցով բավականին շատ աշխատանքներ եմ կատարել, դրանցից շատերը վաճառվել են  IT’s a village-ի միջոցով»։

IT’s a village նախագիծը գյուղերի և փոքր համայնքների «Արմաթ» ինժեներական լաբերի սաների ՏՏ արտադրանքների օնլայն խանութ է, որը կոչված է միջնորդ ծառայելու շուկայի և արտադրող լաբերի միջև:

Blueball-ն այնքան բարդ է ստացվել, որ անգամ Ժաննան դժվարությամբ է հաղթահարում դրա փուլերը։

«Խաղի ամենաբարդ հատվածը հինգերորդ փուլի հաղթահարումն է։ Խաղի ստեղծման ընթացքում և ավարտից հետո այս փուլն ընդամենը մեկ անգամ եմ կարողացել հաղթահարել։

Իսկ խաղում կոդային ամենաբարդ հատվածը եղել է գնդակի սահուն ընթացքի կոդի ստացումը»։

Կերպարները, փուլերը, խաղալու կանոնները, բոլորը Ժաննայի գաղափարներն են։

«Իհարկե, խմբակավարս ևս ինձ օգնել է՝ հատկապես գնդակի սահուն ընթացքը ապահովելու համար»։

Ժաննան դեռ դպրոցական է, բայց արդեն ունի իր սեփական նախագծերը և անգամ սեփական բիզնեսը։

«Օրվա մի քանի ժամը տրամադրում եմ դպրոց և «Արմաթ» հաճախելուն, բացի դա,  ունեմ սեփական փոքրիկ բիզնես՝ զբաղվում եմ էջանիշների դիզայնով և վաճառքով, վարում եմ ինստագրամյան էջ, ինչի համար էլ սկսել եմ ուսումնասիրել նաև մարքետինգ։ Դրա հետ մեկտեղ՝ սկսել եմ ուսումնասիրել python ծրագրավորման լեզուն, ինչի համար մոտիվացիա դարձավ DIGICODE 2021 պատանեկան ծրագրավորման մրցույթը։ Սկսել եմ նաև դիմել կամավորության համար, հուսով եմ՝ կստացվի ինձ մոտ։ Այսպիսով հիմնական զբաղվածություն չունեմ, հիմնականում ամեն ինչ համատեղում եմ՝ ընթերացանությունը, ինքնուսուցումը, սեմինարները, բիզնեսը, դպրոցն ու պարապմունքները»։

Ժաննան կարծում է, որ պատանիները ոլորտում հաջողություններ գրանցելու համար պետք է իսկապես սիրեն այն, ինչով զբաղվում են, և չնայեն այլ հանգամանքների։ Նա ոլորտով հետաքրքրվող բոլոր պատանիներին խորհուրդ է տալիս հասկանալ՝ ինչ են իրենք ուզում և ինչպես է հնարավոր հասնել դրան՝ առանց կարծրատիպերի։

«Ամենակարևորը, եթե  պատանիները ցանկանում են աշխատել այս ոլորտում, ոչ թե դա անեն նրա համար, որ լավ է վարձատրվում կամ կա պահանջարկ, այլ նրա համար, որ սիրում են, և դա իրենց հաճելի է։ Հակառակ դեպքում, չեմ կարծում, որ նրանց մոտ ամեն բան  լավ կստացվի։

Մասնագիտության հարցում որոշում կայացնելուց առաջ, նախ և առաջ՝ ուսումնասիրեք ոլորտը։ Ուսումը մի շարունակեք համալսարանում միայն այն պատճառով, որ հասարակությունն է այդպես ուզում, առանց բարձրագույն կրթության, միայն ինքնակրթվելով ևս կարող եք հաջողությունների հասնել։ Նաև չպետք է մոռնալ, որ համալսարանում սովորելուն զուգահեռ՝ ևս պետք է ինքնուսուցմամբ զբաղվել, հակառակ դեպքում աշխատանք գտնելը բարդ կլինի։ Երբեք խտրականության զոհ չդառնաք, ինձ այնքան շատ են ասել, որ՝ «աղջիկ ես, ի՞նչ ծրագրավորող», «աշխատանքի ընդունվելիս դժվար կլինի», «չես կարող, այլ բան ընտրիր»։ Գիտեմ, որ զարմանալի է,  սակայն 21-րդ դարում կան մարդիկ, ովքեր դեռևս այսպես են մտածում։ Երբեք չկոտրվեք, դուք կարող եք հասնել հաղողության՝ անկախ ձեր սեռից։

Ձեր դիմաց դրեք հստակ նպատակ, մինչև աշխատանքի անցնելը շատ-շատ բան կունենաք սովորելու, ստիպված կլինեք շատ հարցազրույցների գնալ, եթե չանցնեք՝ նորից փորձեք։ Ուշադիր եղեք, որպեսզի հաջորդ անգամ ավելի պատրաստված լինեք, հասկացեք՝ որոնք են ձեր թուլությունները, և աշխատեք դրանց վրա։ Երբեք մի մտածեք, թե  այս լեզուն գիտեմ՝ բավական է, միշտ սովորեք, էլի ու էլի, հակառակ դեպքում մրցակցությունը ձեզ դուրս կմղի։

Երբեք մի ամաչեք հարցեր տալուց, այստեղ կգտնվեն մարդիկ, ովքեր միշտ պատրաստ կլինեն ձեզ օգնելու։ Այսպիսով ոլորտում հաջողակ մասնագետ լինելու համար պարզապես սիրեք այն, ինչ անում եք, մի հիմնվեք այլոց կարծիքների վրա, մի կոտրվեք, ինքնակրթվեք, մի ամաչեք հարցեր տալուց, անդադար ինքնակրթվեք, հիշեք, որ դուք ամենալավն եք»։

Ժաննան իր ապագան անվերապահորեն տեսնում է Հայստանում՝ նշելով, որ ոլորտը Հայաստանում բավականին արագ է զարգանում։

Պատերազմից հետո բոլորիս էլ պարզ դարձավ, որ մենք պետք ենք երկրի ներսում, ոչ թե երկրից դուրս։ Պարզապես պետք է չհուսահատվենք ու չկոտրվենք։ Ժամանակները փոխվել են, մենք պետք է փորձենք տեխնոլոգիական առաջընթացը  ի օգուտ մեզ ծառայեցնել։ «Արմաթ» ինժեներական և Աթս Լաբորատորիաների ստեղծումը դրան ուղղված կարևոր քայլերից մի քանիսն են։ Մեզ համար անում են այն ամենը, ինչ պետք է առաջընթացի համար, մնացյալը կախված է մեզնից։ Պարզապես պետք է ժամանակ, ցանկություն, աշխատասիրություն և կամքի ուժ։ Եթե դրանք չկան, վստահ եմ՝ անկախ նրանից՝ Հայաստանո՞ւմ եք սովորել, թե՞ Հայաստանից դուրս, արդյունքը, միևնույն է, նույնն է լինելու։ Այնպես որ, ես ինքս ապրելու, սովորելու և աշխատելու եմ Հայաստանում, զարգացնելու եմ երկիրս և սկսելու եմ ինքս ինձանից, հակառակ դեպքում՝ մնացածից ոչինչ ակնկալել չեմ կարող»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս