«Մենք դավաճանության զոհ դարձանք. այդ մարդը մեզ հետ բացարձակ կապ չունի». Սամվել Թադևոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի խոսքով՝ Հայաստանը նման իրավիճակում է հայտնվել, քանի որ ամբողջ երկիրն ու ազգը դարձան դավաճանության զոհ։

«Աշխարհայացքի հարց է, մարդ կա՝ սիրում է իր հարազատ արժեքները, մարդ կա՝ դավաճանում է, մենք դավաճանության զոհ դարձանք։ Այնպես չէ, որ մենք շատ թույլ էինք կամ ուշիմ չէինք, սա գլոբալիզացիայի հետ կապված մի անցք է, որը մեզ վրա փորձարկվեց, ասեմ՝ հաջող։ Այս տեղական տականքը, որի վրա տևականորեն աշխատեցին ինչ-ինչ ուժեր (երևի պետք է կռահեք՝ ում նկատի ունեմ), նրան ու լկտի խմբին բերեցին իշխանության։ Խաղացին ժողովրդի նոտաների վրա՝ հայտարարելով, թե երկիրը թալանողներն Արցախն էլ կտան, բայց կատարվեց ճիշտ հակառակը՝ իրենք եկան ժողովրդին խաբելով, թե՝ հները դավաճաններ են, մսխող են, և այլն, իսկ ժողովուրդն էլ միամտացավ, թե ազատվում է, սակայն ընկավ հրեշավոր թակարդի մեջ, որը կոչվում է Նիկոլ Փաշինյանի դավաճանություն»,- 168.am հետ զրույցում ասաց Սամվել Թադևոսյանը։

Նա համոզված է, որ դավաճանությունը, որը եղավ Արցախի շուրջ, Նիկոլ Փաշինյանը նստել ու Ալիևի հետ պայմանավորվել են, որը համապատասխանաբար ենթադրում է նաև գումարի, բարոյական աջակցության և այլնի վերաբերյալ հարցերի լուծում։

«Նման նախադեպ մեր պատմության մեջ չի եղել, այո, եղել են դավաճաններ, բայց մարդ, որը ծայրաստիճան ատի իր տեսակը՝ հայ լինելու տեսակը, իսկ այն, ինչ նա անում է՝ ատելության դրսևորում է, մեր պատմության մեջ չի եղել։ Նա իր տեսակն այդքան ատում է, այլ բնութագրում չունի, նրան որևէ տեսակի մեջ չեմ կարողանում տեղավորել, նույնիսկ դավաճան ասվածն ամենամեղմ բառերից մեկն է։ Այդ տոլերանտության արդյունքում հիմա թուրքը մտել է Հայաստանի հող, գերի են տանում, սպանում են։ Երեկ էլ այդ օրապակասն ասում է, թե՝ մեզ պե՞տք է այն բլուրը, որի վրա անընդհատ ձյուն է։ Այսինքն՝ այդ մարդու համար հայրենիքը բլուրից այն կողմ որևէ արժեք չի ներկայացնում։ Ավելի վաղ նա Գառնիի հեթանոսական տաճարը բնութագրել է՝ իբր հռոմեական հավաբուն։ Հիմա մարդը, որը նման պատկերացում ունի և նման ձևակերպումներ է տալիս մեր հոգևոր արժեքներին, այդ մարդուց ի՞նչ պետք է սպասենք՝ ոչինչ, այդ մարդը մեզ հետ բացարձակ կապ չունի։ Ես ուղղակի չգիտեմ, թե ինչի վրա է հույսը դրել»,- հավելեց Սամվել Թադևոսյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի մտավորականության առաջին քայլը, ի՞նչ խոսք պետք է նա ասի հանրությանը, Սամվել Թադևոսյանը պատասխանեց, որ մեր օրերում մտավորականությունը շատ բարոյալքված վիճակում է, չնայած կան նաև փրկվածներ։

«Ես կարող եմ նաև անուններ տալ, որոնց հեռուստատեսությամբ իմ հարցազրույցների ժամանակ բառերով գնդակահարել եմ։ Կա Լալա Մնացականյան անուն-ազգանունով մարդ, մեկը կա՝ Միքայել Պողոսյան անուն-ազգանունով, Կարեն Ջանիբեկյանի տղան, դե էն Հովհաննես Ազոյանի մասին էլ չխոսեմ, դա ճիճուի մակարդակի է, նույնիսկ նրա անունը տալն արդեն պատիվ չի բերում մարդուն։ Հիմա ով երեք անգամ հայտնվում է բեմում, հայտարարում է, թե աստղ է, մենք նմաններին երեխա ժամանակ ռագատկայով խփում էինք։ Իհարկե, կան փրկվածներ, նվիրյալներ, նրանցից շատերն այս պատերազմում զոհվեցին՝ դերասան Հովիկը, զոհվեց  կարատեի աշխարհի չեմպիոն, զոհվեցին բժիշկներ, կոմպոզիտոր, բանաստեղծ, այս մարդիկ են մտավորական։ Մտավորականությունը, մշակույթի գործիչը պետության խիղճն է, եթե այդ խիղճն արատավորված է, ծափահարում է դավաճանին, ուրեմն՝ ձախողված են։ Ես 18 անչափահաս հերոսներ ունեմ, 32 գրող բանաստեղծ, կոմպոզիտոր ու քանդակագործ, որոնք զոհվեցին, մտավորականները նրանք էին, որ թողնելով ամեն ինչ՝ գնացին ռազմի դաշտ, նրանք հասկանում էին, որ Հայաստանը միայն քար ու ջուր չէ, հոգևոր հայրենիք է նաև։ Տեսել եք, չէ՞, որ մամուռը քարի վրա կանաչ ու դեղնավուն տեսք է ընդունում, այ դա է հայրենիքը, այտեղից է սկսվում հայրենիքը, որովհետև այն պատմություն է։ Հիմա այս օրապակասները, դուրսպրծուկները եկել ու հայրենիքի վերջին պատառի վրա աչք են տնկել»,- հավելեց Սամվել Թադևոսյանը։

Նա նաև շեշտեց, որ, եթե որևէ իրավիճակից ելք չկա, ապա ամենագրագետ ելքը մեռնելն է, սակայն այժմ ոչինչ կորած չէ, Հայաստանում կա այդ ուժը, և հիմա եկել է խիզախելու պահը։ Հետևաբար՝ ամեն բան պետք է թողնել մի կողմ՝ ձեռքերը քշտել ու անցնել գործի։

«Կարծում եմ՝ Քոչարյան-Դաշնակցություն դաշինքը պիտի իրենց բռի մեջ հավաքեն աղանդավորներից, սուտի-մուտի մտավորականներից սկսած՝ մինչև աստղեր, փայլատակողներ, պետք է հաստատեն բարոյական դիկտատուրա։ Կարծում եմ՝ այդ դաշինքն ամենաարժանավորն է, տա Աստված՝ չսխալվեմ։ Այո, խիզախելու ժամանակն է, Քոչարյանը ճիշտ ասաց, որ շատ բաներ մենք կարող ենք շտկել, գուցե բաներ կան, որոնք, դժբախտաբար, անդարձ գնացին։ Բայց «Եռաբլուրում» պառկած բոլոր տղերքը, նրանցից որևէ մեկը չի պարտվել, նրանք ոչ են ասել տկարությանը, ստրկությանը»,- ընդգծեց Ս. Թադևոսյանը։

Ըստ ռեժիսորի՝ Արցախի 44-օրյա պատերազմում ինքը, իր տեսակը չի պարտվել, իսկ դրանք բազմաթիվ տղերքն են։

«30 տարի գնում-գալիս եմ Արցախ, զինվոր չդարձա պատերազմներին մասնակցելով, լինելով նույնիսկ մարտական գործողությունների մասնակից՝ ես զինվոր չեմ։ Այս ժողովուրդը սմքած, ավարտված չէ։ Ճիշտ է, մի մասը բարոյալքված է, բայց ես այդ ժողովրդին էլ չեմ մեղադրում, դրան առաջնորդներն են հասցրել։ Երեք տարում մեկ ստահակ բարոյալքեց բանակը, կրթությունը վարի տվեց, գրոհեց կրոնի վրա։ Այսինքն՝ մարդն ի՞նչ բան է, նախ և առաջ՝ բարոյական արժեքների համակարգ է, նրա միջից  հանում ես բարոյական արժեքները, տակը մնում է փալասը։ Այս ամենը շտկելու մեկ այլ տարբերակ էլ կա։ Արաբ մի մտածող կար՝ Իբն Սինա, ասում էր՝ ծայրահեղ ախտերը բժշկվում են ծայրահեղ միջոցներով։ Երբ էլ հնար չկա, ի՞նչ է պատահել, ես իմ հող ու ջրի, երեխաների համար ուղղակի ամեն վայրկյան պատրաստ եմ սատկելու որևէ ճանապարհով, եղանակով»,- ասաց ռեժիսորը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս պահին աշխատում է վեպի վրա՝ «Ինքնասպանությունների ժամանակը», այն այս տարի լույս չի տեսնի, քանի որ մասշտաբային աշխատանք պետք է կատարի։

«Մեկ տարի է՝ ես չեմ կարողանում ո՛չ գրել, ո՛չ ստեղծագործել, բայց այդ վեպը սկսել եմ գրել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս