Ալիևն է «քաշում» Մոսկվային և Լավրովին, Փաշինյանն է սկսում քաշել, նրանք պայմանավորվե՞լ են իրար մեջ. Տարասով
«Կան բաներ, որոնցից Մոսկվան տեղյակ չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պլանին:
Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ իրավիճակը հասկանալու համար հարկավոր է փորձել մի քանի հարցերի պատասխանել:
«Ինչո՞ւ հիմա նման բան տեղի ունեցավ Սյունիքում, ինչո՞ւ սա տեղի ունեցավ Լավրովի՝ տարածաշրջան կատարած այցից հետո, դա սահմանային միջադեպ է, պատահում են նման բաներ հետհակամարտային փուլում, կարելի էր այն լուծել շատ հեշտ, հատկապես, երբ աշխատում էր եռակողմ հանձնաժողովը, կար քարտեզների հարց, բայց այս ամենը կարելի էր հանգիստ լուծել: Դա զինված ներխուժում չէր, այլ միջադեպ, կարելի էր դրանից խուսափել, իհարկե, բայց տեղի ունեցավ նման բան, և ունեցավ նման զարգացում: Կա՞ր արդյոք Լավրովին փաստի առաջ կանգնեցնելու հանգամանք, իհա՛րկե, կար»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինչ-որ փակ բանակցություններ տեղի ունեցան, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ ասելով, որ փաստաթուղթ է ստորագրելու, բայց փակ է գործում այնպես, ինչպես նոյեմբերի 9-ին, բայց այն ժամանակ փրկելու հարց կար, պատերազմ էր ընթանում, իսկ հիմա ինչո՞ւ է փակ գործում, չի բարձրաձայնում՝ ի՞նչ է պատրաստվում անել, և ինչո՞ւ է խոսվում շրջաններ հանձնելու մասին:
«Ինչո՞ւ Փաշինյանը դիմեց ՀԱՊԿ-ին, ինչո՞ւ է դա ներկայացնում ներխուժում, հայերը չեն հսկում սահմանը, ցանկանում են, որ դա անեն տաջիկնե՞րը, դա հիմարություն է: Ես այս հարցերով ցանկանում եմ իրականությունը բացահայտել»,- նկատեց նա: Շարունակելով՝ Տարասովն ասաց, որ Փաշինյանը դիմեց ԱՄՆ-ին, ԱՄՆ-ը համաձայնեց, հետո Բրիտանիայի դեսպանը Բաքվում ասաց, որ պատրաստ են ուղարկել խաղաղապահ կորպուս, որ տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին: «Եթե եռակողմ ձևաչափով բանակցություններ ես վարում Ռուսաստանի հետ, ինչո՞ւ ես դու գնում ամերիկացիների մոտ: Մոսկվայում հարցեր են առաջացել՝ Ալիևն է «քաշում» Մոսկվային և Լավրովին, Փաշինյանն է սկսում «քաշել», նրանք պայմանավորվե՞լ են իրար մեջ»,- ասաց Տարասովը՝ սա որակելով՝ որպես դեմարշ Ռուսաստանի դեմ:
Նա նշեց, որ Ռուսաստանում միայն Տարասովը չէ, որ այսպես է մտածում:
Նրա խոսքով, կան բաներ, որոնցից Մոսկվան տեղյակ չէ, և հարցեր են առաջանում: