ՀՀ իշխանությունները ԼՂ-ում ծրագրված պարտության գնացին, Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում նրանք պարտվողական տրամաբանությամբ էլ գործելու են՝ միակողմանի զիջումներ. Արեշև

168.am-ի զրուցակիցն է ռուս կովկասագետ Անդրեյ Արեշևը:

– Պարոն Արեշև, մի քանի շաբաթ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը խախտել են ՀՀ սահմանն ու առաջացել ՀՀ տարածքում, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին խորհրդակցությունների նպատակով, իսկ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կարգավորման պլան ներկայացրեց՝ կողմերի զինվորականները հայելային եղանակով հեռանում են սահմանից, վերադառնալով մշտական տեղակայման վայրեր, և դրա փոխարեն՝ ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Ի՞նչ դիտարկումներ ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ և Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի՝ արդյո՞ք սա ընդունելի կարգավորման պլան է:

– Ինձ թվում է, որ, մեղմ ասած, տարօրինակ գաղափար է: Նախ՝ մեծ կասկածներ ունեմ, որ այս առաջարկը համաձայնեցված է պոտենցիալ մասնակիցների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ: Ինձ համար լիովին հասկանալի չէ, թե ինչպես կարող են լինել դիտորդներ այս երեք երկրներից, և հասկանալի չէ, թե ինչու հենց այս երեք երկրներից: «Հարևանություն անել», հաշվի առնելով հարաբերությունների ոչ պարզ բնույթը՝ մասնավորապես ռուս-ամերիկյան, որին մենք հենց ներկայիս փուլում ականատես ենք, բարդ է թվում: Ինձ համար նաև անհասկանալի է, թե ինչու պարոն Փաշինյանն ընտրեց հենց Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, ակնհայտ է, որ նա առաջնորդվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գաղափարով, սակայն հիշեցնեմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն որևէ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանի հետ, այն գործ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, և վերջին ամիսներին ԵԱՀԿ ՄԽ ազդեցությունը նվազել է՝ իմ սուբյեկտիվ կարծիքով:

Պարոն Փաշինյանն առաջարկում է հեռացնել զորքերը հայելային կերպով, բայց որքանով ես եմ հասկանում, ադրբեջանցի զինվորականները զբաղեցրել են սահմանամերձ բարձունքներ, այդ թվում՝ այնպիսի հատվածներում, որոնք սովետական տարիներին բազմիցս անցել են այս կամ այն կողմին: Այդ պլանի տրամաբանությամբ, ենթադրվում է միակողմանի հայկական զորքի տեղափոխում ՀՀ տարածքի խորք: Սա այն պարտվողականության շարունակությունն է, դրա ազդանշանն է, որը դրսևորում է գործող ՀՀ իշխանությունը վերջին ամիսների ընթացքում:

Եթե ԼՂ-ում ավելի քան կես տարի առաջ խոսք էր գնում նախապես ծրագրված պարտության մասին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ տերմինը ինձ բավականին հաջող է թվում, ապա որտե՞ղ են երաշխիքները, և ինչո՞ւ Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում գործող իշխանությունները կարող էին այլ կերպ գործել: Բնականաբար, նրանք նույն պարտվողական տրամաբանությամբ էլ գործելու են՝ միակողմանի զիջումներ:

Անդրադառնամ Ադրբեջանին․ նրա տրամաբանությունն ինձ հասկանալի է թվում: Բաքուն հունիսի 20-ին ընդառաջ ձգտում է քամել առավելագույնը՝ նոր և հնարավոր տարածքներ: Իլհամ Ալիևը բազմիցս ասել է, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական տարածքներ են, որտեղ նրանք վաղ թե ուշ վերադառնալու են, և դրանք պարզապես բառեր չեն, այլ կոնկրետ ռազմաքաղաքական ծրագիր:

Ինչո՞ւ են ՀՀ-ում ՀՀ պետական սահմանի պահպանության պատասխանատվությունը փորձում դնել Ռուսաստանի վրա այն դեպքում, երբ մի շարք հայ վերլուծաբանների խոսքով՝ հայ զինծառայողներին արգելված է կրակ բացել, ինձ հասկանալի չէ: Գուցե նման ձևով պարոն Փաշինյանը փորձում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ խորացնել:

– Ի դեպ, Փաշինյանն ասում է, որ ՀԱՊԿ-ից են խորհուրդ տվել չկրակել:

– Ես ավելի վաղ արդեն սկեպտիկ եմ արտահայտվել Փաշինյանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք հակասում են միմյանց մշտապես և արդյունքում չեն համապատասխանում իրականությանը: Ուստի տեղեկատվության այս աղբյուրը պետք է ի գիտություն ընդունել, սակայն դա, առանց հավելյալ ստուգման՝ չէի փորձի համարել ճշմարտություն: Ուստի այստեղ մենք գործ ունենք ՀՀ իշխանությունների լիովին հստակ գործողությունների տրամաբանության հետ սկզբից ԼՂ-ում՝ պլանավորված պարտություն, իսկ հիմա արդեն՝ ՀՀ տարածքում:

Ի դեպ, վերջին տարիների բոլոր գործողությունները՝ ուժային կառույցների տապալում, անկազմակերպություն ռազմական «շինարարության» ոլորտում, իմ կարծիքով, փաստ է վերոնշյալ պնդման օգտին:

Պատերազմի հետևանքով սահմանը կտրուկ մեծացել է, մենք տեսանք՝ ինչպես Շուռնուխում եղավ սահմանագծումը, և ներկայումս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Քելբաջարի ու Լաչինի շրջաններից: Մենք Ռուսաստանում լավ կարդում ենք նույն Փաշինյանի նախկին հոդվածները, ելույթները, կա տարիներ առաջ նրա ներկայացրած տեսլականը Հայաստանի ապագայի մասին, որը ենթադրում էր ԼՂ-ից և բուֆերային տարածքներից հրաժարում, բայց հասկանալի է, որ ԼՂ-ն ու Սյունիքը, բավարար է քարտեզին նայելը, հասկանալու համար, որ ԼՂ-ում անվտանգային իրավիճակի խաթարումը տարածվելու էր նաև Սյունիքի վրա:

ՀԱՊԿ-ը հիմնականում արտոնյալ սպառազինության գնման համար է, այլ խնդիրների համար է նախատեսված: Ի դեպ, երբ պարոն Փաշինյանը մտադրված տապալում էր ՀԱՊԿ-ը՝ մասնավորապես այն ողջ պատմությունը՝ Խաչատուրովի հետ կապված, և մտադրված վերացնում էր վստահության մթնոլորտը հայ-ռուսական հարաբերություններում, երևում է, որ ինչ-որ տրամաբանությամբ առաջնորդվել է, ես զերծ կմնամ իմ տեսակետը հայտնելուց, սակայն այստեղ ինձ թվում է, որ ավելի շատ ադրբեջանաթուրքական ալյանսի տրամաբանությունն է, քան Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունների ձևավորման ցանկությունը:

– Ռուսաստանն այնուամենայնիվ ՀՀ անվտանգության երաշխավորն է, ըստ Ձեզ, այս իրավիճակում արե՞լ է այն ամենը, ինչ, որպես դաշնակից, անվտանգության երաշխավոր՝ կարող էր անել:

– Կարծում եմ, որ Ռուսաստանը, որն այս ոչ պարզ իրավիճակում է, երբ իր դեմ քողարկված խաղում են և որոշակի ուժեր Ադրբեջանում, որոշակի ուժեր Հայաստանում, և անկասկած Թուրքիան լիարժեքորեն բավարարված չէ այն ներկայությամբ, որը նա ստացավ Ադրբեջանին Երրորդ Ղարաբաղյան պատերազմում աջակցելուց հետո, մենք հասկանում ենք, որ այստեղ կարող է լինել Անկարայի խաղը ևս, այս ոչ պարզ պայմաններում, անկասկած, ՌԴ-ն անում է իրենից կախված հնարավորը, առաջարկում է դեմարկացիա, դելիմիտացիա:

ՀՀ իշխանությունների ջանքերով նոր իրավիճակ է ստեղծվել, բայց աբսուրդային են ՀՀ-ում այն սպասումները, որ ՌԴ-ն զինված կերպով փորձելու է ներքաշվել կողմերից մեկի դեմ՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ ռուսական առաքելությունը ԼՂ-ում հարցականի տակ կհայտնվի, և Ադրբեջանում այն ազդեցիկ ուժերը, որոնք հանդես են գալիս ԼՂ-ից ռուս խաղաղապահների շուտափույթ հեռացման օգտին, լուրջ խաղաթուղթ կստանան և կմեղադրեն Մոսկվային հայամետ գործողություններում, և իրավիճակը կարող է կտրուկ սրվել: Ուստի ռուսական կողմը, բացի նրանից, որ առաջարկում է միջնորդություն, հիմնվելով այս կամ այն քարտեզների վրա, որոնք փոփոխվում են, այլընտրանք չունի:

Ես ցանկանում եմ ակտիվորեն տարածվող այն տեղեկություններին անդրադառնալ, թե խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, և այն, որ այս թեմայի հետ քննարկվում է անկլավների թեման, որոնք սովետական ժամանակներում գոյություն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի տարածքում: Մենք գիտենք, որ Արծվաշեն անկլավն Ադրբեջանի տարածքում չունի ռազմավարական նշանակություն, իսկ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ համարվող, մասնավորապես, Քյարքին՝ Տիգրանաշենը, ունի ռազմավարական նշանակություն, քանի որ նրանով ճաապարհներ են անցնում: Այստեղ, իհարկե, կցանկանայի ռուսական կողմից հստակություն, քանի որ, եթե խաղաղ պայմանագիր է ստորագրվում, ինչպե՞ս պետք է ՌԴ-ն ընդդիմանա որոշ սցենարների:

ԱՄՆ-ը արձագանքել է Փաշինյանի պլանին, ԵԱՀԿ-ն՝ ևս: Հնարավո՞ր է, որ հայ-ադրբեջանական սահմանին ամերիկացի զինծառայողներ կամ դիտորդներ կանգնեն:

– Կարծում եմ, որ ամերիկացիների սահմանափակ ներկայություն չի բացառվում, հաշվի առնելով այն, որ դա կարող է լուրջ դիտորդական առաքելություն լինել, բայց պայմաններում, երբ ամերիկացիները դուրս են բերում զորքերն Աֆղանստանից, երբ ամերիկյան բանակի ներսում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, և ուշադրութուն կհրավիրեի հատկապես ամերիկացի զինվորականների նամակին, որոնք լուրջ խնդիրներ էին մատնանշում բանակում և Պենտագոնում, անկասկած նշանակում է, որ նրանք հետևելու են իրավիճակին, բայց ես չէի սպասի արագ տեղակայում ամերիկյան ստորաբաժանումների Սյունիքի լեռներում, ինչպես և ֆրանսիական, թեև, ինչպես նախկրնում, շարունակելու ենք ականատեսը լինել պարոն Մակրոնի բավականին զգացմունքային դրսևորումների: Բայց չեմ կարծում, որ լինելու են պրակտիկ գործողություններ տեղում:

– Այսինքն՝ իրավիճակից 2 ելք կա ներկայումս՝ կա՛մ ռուսական սցենար, կա՛մ արևմտյան միջամտություն:

– Դժվար է ասել, թե ինչ տեսքով կլինի արևմտյան կամ ամերիկյան միջնորդությունը, բայց միանշանակ է, որ ինչպես ռուսները, այնպես էլ ամերիկացիները պահպանելու են կողմերից հավասարահեռ դիրքորոշում, և կարծում եմ՝ Բայդենի վարչակազմի հայամետ համակրանքը պետք չէ չափազանցնել, երկու կողմն էլ պահպանելու է հավասարահեռ դիրքորոշում, բայց Ռուսաստանն ավելի շատ շահ ունի թեկուզ ինչ-որ խաղաղ համակեցության սկզբունքներ նոր պայմաններում մշակելու հարցում: Ուստի ՌԴ-ն այսուհետ ևս իր ռազմական ներկայությունը կշարունակի՝ համաձայնեցնելով ՀՀ իշխանությունների հետ, որոնք ՀՀ-ում տարածքներ տրամադրեցին նախօրեին ՌԴ ԱԴԾ-ին ռազմավարական հաղորդակցությունների պաշտպանության և ընդհանուր տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:

Տեսանյութեր

Լրահոս