«Նիկոլին ինչի՞ ընտրենք նորից, որ ի՞նչ անի, գա Երևանն էլ տա, Սևա՞նն էլ»․ հարցում Նոր Նորքում
Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
168․am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով՝ քաղաքացիներից պարզելու առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունները, ինչպես նաև, եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։
Նոր Նորք վարչական շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիների մեծ մասը ձայնը տալու է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և «Հայրենիք» կուսակցության համատեղ «Պատիվ ունեմ» դաշինքին, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն է։ Եղան նաև քաղաքացիներ, որոնք ասացին, որ չեն մասնակցելու ընտրություններին կամ դեռ չեն կողմնորոշվել։
«Էտենց թեկնածու չունեմ, որ ես մասնակցեմ, գնամ ընտրելու, եթե գնամ էլ, պիտի լրիվ ջնջեմ, արժանի մարդ չեմ գտնում»,- ասաց մեծահասակ մի տղամարդ։
Մի կին էլ ասաց, որ երկրի վիճակն ահավոր է, և, որ նախկին նախագահների օրոք երբեք նման վատ վիճակում չենք եղել․
«Մասնակցելու եմ, բայց այս իշխանություններին չեմ ընտրելու, ահավոր է, ոչ մի փոփոխություն չկա, երկիրը դեպի կործանում է գնում, իսկ առաջ՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, մարդիկ այս վիճակում չե՛ն եղել։ Այն ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանին չեմ ընտրել, թող թողնի ապրենք հանգիստ մեր հողի վրա, մտածի մեր երեխաների արյան մասին, որ այդ երեխեքը մահվան գնացին իրա ձեռքով»։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ անպայման մասնակցելու է և քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց․
«Վստահում եմ այն մարդկանց, որոնք համազգեստ են հագել՝ գիտեն իրենց հայրենիքի արժեքը, վստահում եմ, գիտեմ, որ լավ է լինելու, էս ամեն ինչից մենք պետք է ազատվենք վերջապես»։
Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ մասնակցելու է ընտրություններին, բայց դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու, բայց բացառեց երկու թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանին և Նիկոլ Փաշինյանին․
«Վարչապետից հիասթափվել եմ բառիս բուն իմաստով, Քոչարյանին էլ այդքան չեմ վստահում»։
Նոր Նորքի բնակիչներից մեկն էլ ասաց, որ կողմ է նախկին իշխանությունների վերադարձին, և իմանալով, որ Տարոն Մարգարյանը ևս մասնակցում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին․
«Հանուն մեր Տարոն Մարգարյանի, իր ազնիվ աշխատանքի համար և ժողովրդի նկատմամբ հոգատարության համար, գնահատում եմ իրենց աշխատանքը և ընտրելու եմ իրենց, որոնք չստեղծեցին՝ ո՛չ եռաբլուր, ո՛չ հողատարածք հանձնել, ոչ մի բան․․․»։
Եվս մի քաղաքացի, որ պարտադիր մասնակցելու է ընտրություններին, բայց դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու, ասաց
«Հլը չեմ որոշել, համենայն դեպս նայում եմ՝ մարդ չկա, որի համար ես իմ ձենս տամ, հլը որ։ Հլը իրենց ծրագրերը կարդանք, տենանք՝ ով ինչ է որոշում, ոնց է ուզում անի, ըստ դրա էլ կորոշենք, կմասնակցենք, բայց անպայման պետք է մասնակցենք, որովհետև դրանից է կախված մեր հետագա կյանքը»։
«Վանեցյանին եմ ընտրելու, որովհետև սրանք մարդ չեն, էնքան բան կա ասելու․․․»։
«Ես Տարոնին եմ բալետ անում, մեկ էլ Քոչարյանին, միակ մարդը, որ կարող է այս երկիրը դզի»,- ասացին հարցված տղամարդիկ։
Երիտասարդ մի տղամարդ էլ ասաց․
«Որոշել եմ իմ ձայնը տալ Արթուր Վանեցյանին և Տարոն Մարգարյանին, որովհետև Հայաստանում այսօր առաջնային խնդիրն անվտանգությունն է, և ես գտնում եմ, որ անվտանգության լավագույն մասնագետներից Վանեցյանն է, 20 տարի ուժային կառույցում է աշխատել, ինձ թվում է՝ ավելի լավ է տիրապետում անվտանգային գործընթացներին․․․»։
Եվս մեկ քաղաքացի, որ երկրի ապագան կապում է «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, ասաց.
«Ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին, որովհետև նրանց աշխատանքը ժամանակին տեսել եմ։ Այսօր երկրի վիճակն ի՞նչ է, առնվազն խայտառակություն է, ուրիշ բան չունեմ ասելու»։
Քաղաքացիներից մեկն էլ չցանկացավ բացահայտել այն ուժին, ում օգտին քվեարկելու է, իսկ հարցին՝ ընդդիմադի՞ր դաշտից է, թե՞ իշխանության, պատասխանեց․
«Իշխանության դաշտից է»։
Հարցված քաղաքացիներից ևս մեկը պատասխանեց, որ քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, և իր ընտրությունը բացատրեց հետևյալ կերպ․
«Արթուր Վանեցյանին եմ ընտրելու, որովհետև արդար մարդ է, տեսավ՝ սաղ տականք են, գործից հելավ, հիմա էլ ուզում է ազգը ոտքի կանգնեցնի։ Քիչ-քիչ ծախում են հողերը, ո՞նց կլինի։ Այս իշխանության օրոք ոչ մի լավ բան չեմ տեսել, ոչ մի լավ բան, միակ լավ բանն էն ա, որ հլը սաղ եմ։ Պատերազմի օրերին գիշեր-ցերեկ չեմ քնել, մտածել եմ երեխեքի մասին, մեղք չէի՞ն էդ երեխեքը, տալիս էիր՝ էլի տայիր, երեխեքին խի՞ տարար կոտորիր․․․»։
Մանրամասներ՝ 168.am-ի տեսանյութում: