«Կամ այս իշխանությունները Սյունիքով թուրքական աշխարհին միջանցք տալու հարցն են լուծում, կամ ի վիճակի չեն սահմանը պահել, տալիս են ռուսներին, որ նրանք կահավորեն սահմանը, իրենք էլ այն պահպանեն». Հասմիկ Ենգոյան
Կառավարության այսօրվա նիստի՝ չզեկուցվող, այսինքն՝ թաքուն քննարկված հարցերից մեկը բավականին ուշագրավ էր: Պակաս ուշագրավ չէր նաև դրա վերաբերյալ կայացված որոշումը:
«Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը»,- կարդում ենք այդ որոշման մեջ:
Ըստ էության խոսքը Սյունիքի տարածքների մասին է, և ողջամտորեն որոշման վերաբերյալ տարբեր կասկածներ են առաջանում, հատկապես, որ հարցը չզեկուցվող էր, որոշումը՝ գաղտնի:
168.am-ի հետ զրույցում «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, մասնագիտությամբ իրավաբան Հասմիկ Ենգոյանն ասաց, որ Կապան, Մեղրի և Տեղ համայնքներում կան համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, և միաժամանակ կան նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասեր:
«Դրանք տարբեր տերեր ունեն: Համայնքները, ըստ երևույթին, որոշում են կայացրել այդ հողամասերը նվիրաբերել ՀՀ-ին, ինչի արդյունքում դրանք արդեն դառնում են պետական, այլ ոչ համայնքային հողեր և ամրագրվում են Պետական գույքի կառավարման կոմիտեում: Դրանից հետո այդ հողերն արդեն անհատույց տալիս են օգտագործման ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ժամկետ նշված չէ, թե որքա՞ն ժամանակով են մեր հողերը տրվում ՌԴ-ին անհատույց օգտագործման համար, նա պատասխանեց, որ ինքնին առանց ժամկետ նշելու գործարքն անվավեր գործարք է դառնում:
«Եթե ժամկետ չի նշվում, նշանակում է, որ դրանք տրվում են հավերժ, կամ կա ուրիշ տարբերակ. խորամանկորեն տեղ են թողել՝ ցանկացած ժամանակ լուծարելու համար»,- ասաց իրավաբանը:
Ըստ նրա՝ այս «գործարքն» ունի երկու տարբերակ:
«Կամ այս իշխանությունները Սյունիքով թուրքական աշխարհին միջանցք տալու հարցն են լուծում, ու դրա համար են այդ հողերը տվել ռուսական սահմանապահներին, որովհետև ըստ պայմանավորվածության՝ ռուսները պետք է ապահովեին այդ միջանցքի անվտանգությունը, կամ մեր իշխանություններն ի վիճակի չեն սահմանը պահել, տալիս են ռուսներին, որ նրանք կահավորեն սահմանը, իրենք էլ այն պահպանեն՝ փոխարենը՝ Հայաստանը կատարյալ կախվածության մեջ դնելով Ռուսաստանից»,- նշեց Հասմիկ Ենգոյանը:
Հարցրեցինք նաև, թե եթե միջանցքը տալու հարցը չի լուծվում, արդյո՞ք Ռուսաստանը խնդիրներ չի կարող ունենալ Ադրբեջանի հետ:
«Այդ դեպքում Ադրբեջանը կարող է Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հարցը դնել: Նոյեմբերի 9-ին 5 կետանոց հայտարարություն է ընդունվել, որից մեկը՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը, Հայաստանը չի կատարում, իսկ Ադրբեջանն էլ չի վերադարձնում բոլոր ռազմագերիներին, այսինքն՝ չեն կատարում 8-րդ կետի պահանջը»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս կարծում է, որ շատ իրատեսական է ռուսներին տարածքներն անհատույց օգտագործման տալով՝ միջանցքը բացելու հարցը լուծելը, որովհետև եթե դա արվեր այն նպատակով, որ ռուսները սահման պահեն, իշխանությունները դա որպես նախընտրական խայծ կօգտագործեին այս պահին:
«Կասեին՝ դե, սահմանը չի կահավորվել, չենք հասցրել, փող չունենք, հիմա լավ չէ՞՝ ռուսներն իրենք կանեն դա: Այս դեպքում հարցը չէր քննարկվի չզեկուցվողների շարքում, այլ դրանից իրենց օգուտը կքաղեին՝ այն ներկայացնելով հրապարակայնորեն»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
Վերջինիս խոսքով՝ իրականում դժվար է կահավորել 500 կիլոմետրով երկարած սահմանը:
«500 կմ սահման պահելու համար մեզ պետք է ունենալ 100.000 թվակազմով բանակ, իսկ դա ունենալու համար՝ Հայաստանում մշտապես պետք է ապրի 5 միլիոն մարդ: Այլ հարց է, որ այս իշխանություններն առհասարակ ոչինչ չեն արել»,- եզրափակեց Հասմիկ Ենգոյանը: