«Այս փուլում ՀՀ-ում և Արցախում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը ՌԴ-ի կողմից ամեն գնով կանխվելու է». Տիգրան Աբրահամյան
Իրադրությունը ծանր է և՛ սահմանային իրավիճակով պայմանավորված, և՛ բանակցային գործընթացում մեր դիրքավորմամբ, առհասարակ, այս գործընթացում մեր դերակատարման էական նվազմամբ:
Լրագրողների հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Չնայած այն հանգամանքին, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀ տարածքում, սակայն Հայաստանն ունի դիտորդի, զուտ համաձայնողի կարգավիճակ»,- նշեց նա՝ հավելելով, որ այստեղ բախվում են տարածաշրջանի երկրների և աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը, և ցավալիորեն այս իրավիճակում առաջին տուժող կողմը շարունակում է մնալ Հայաստանը:
«Բանակցային գործընթացում որևէ առաջընթաց արձանագրելու համար պետք է լինեն ունակ ուժեր, առաջնորդներ, որոնք կարող են այդ գործընթացն առաջ մղել: Անկախ այն հանգամանքից, որ հետպատերազմյան իրավիճակը ծանր վիճակի է հասցրել, և ցանկացած բանակցողի դեպքում էլ բավականին բարդ է լինելու առաջ մղել հայկական շահը: Բայց այս իշխանությունը ցույց է տվել, որ սպառել է իրեն հենց ամենասկզբից, և յուրաքանչյուր օր այս իշխանության մնալը ՀՀ-ի համար նոր կորուստների, նոր զիջումների բերելու»,- նշեց Աբրահամյանը:
Երեկ հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որտեղ հայկական ԶՈւ համազգեստով զինծառայողներին ադրբեջանցի զինծառայողները հրում են և հեռացնում ինչ-որ տեղից:
ՊՆ-ն նախ ասեց՝ հին է, հետո՝ ինքն իրեն հերքելով՝ ընդունեց լրատվամիջոցների տեղեկությունը՝ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ երբեք հայ զինծառայողը նման կարգավիճակում չի եղել:
«Սա, իհարկե, առաջին հերթին արդյունք է ՀՀ-ում ստեղծված ամենաթողության, երկրորդ՝ բանակի, զինվորականների, հրամանատարների նկատմամբ արդեն երեք տարի շարունակվող վարկաբեկման գործընթացի, երրորդ՝ երկրում տեղի ունեցող ցանկացած տապալում բանակի վրա բարդելու, չորրորդ՝ բանակաշինության ուղղությամբ որևէ լուրջ կամ զգալի քայլեր չիրականացնելու»,- շեշտեց նա:
Անդրադառնալով պատերազմի վտանգին, ռազմաքաղաքական փորձագետն ասաց, որ կարծում է՝ լայնամասշտաբ գործողությունների վտանգ չկա, ինչը ոչ թե պայմանավորված է ՀՀ մոտեցումներով, անվերջ թվացող զիջումներով, այլ ՌԴ դերակատարմամբ, Իրանի՝ որպես տարածաշրջանային պետություն, որովհետև լայնամասշտաբ ռազմական գործողությունները և դրա արդյունքում՝ նաև ՀՀ տարածքային ամբողջականության խախտումներն այս պահին հակասում են նաև այս երկրների շահերին:
«Եվ կարծում եմ, որ այս փուլում ՀՀ-ում և Արցախում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը ՌԴ-ի կողմից ամեն գնով կանխվելու է»,- ընդգծեց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է հրապարակված աշխատանքային փաստաթղթին, դրա չհրապարակված մասին, Տավուշից տարածքներ տալու հնարավորությանը, փորձագետն ասաց, որ իշխանությունների խնդիրն է՝ ընտրական փուլում խուսափել տապալումների հանրայնացումից, և իշխանությունն այսօր անում է այս գործընթացը հետընտրական ժամանակահատված տեղափոխելու համար:
«Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանում հասկանալով, որ հունիսի 20-ից հետո կարող է իրավիճակ փոխվել, տեղի ունենալ գլխավոր բանակցողի փոփոխություն, փորձ են անում եղած հիմնական խնդիրները հրատապ կերպով կարգավորել, կամ նվազագույնը ստեղծել այնպիսի պայմաններ, որի դեպքում ՀՀ ցանկացած հաջորդ իշխանություն մեծ խնդիր է ունենալու այս գործընթացում»,- եզրափակեց Աբրահամյանը: