«Այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիմնական նախընտրական պայքարը դեռ առջևում է, հիմա ընդամենը նախընտրական կամպանիայի սկիզբն է, այն էլ՝ ոչ պաշտոնական: «Փաստի» հետ զրույցում այս մասին շեշտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ հիմնական նախընտրական պայքարը կարող է նաև զգալի փոփոխություններ բերել:
«Այդուհանդերձ, այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ: Դա կարող է լինել «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Պատիվ ունեմ» դաշինքը, նաև «Քաղպայմանագիրը»: Անվիճելի է, որ այս չորս ուժերը կարող են անցնել խորհրդարան, անցնելու շանսեր ունի նաև ՀԱԿ-ը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նոր ստեղծված կուսակցությունները չունեն այնքան ժամանակ, որ կարողանան իրենց բրենդը ճանաչելի դարձնել և վերոնշյալ ուժերին որպես այլընտրանք ներկայանալ»,նշեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե առաջիկա ընտրություններին որևէ ուժի չի հաջողվելու 50+1 ձայն հավաքել, և այդ համատեքստում կոալիցիա կազմելու խնդիր է առաջանալու, Վիգեն Հակոբյանը նշեց. «Այս պահին դեռ չի երևում մի ուժ, որը միանգամից կարող է հաղթել և միայնակ իշխանություն ձևավորել: Դա նախևառաջ գործող իշխանությանն է վերաբերում: Հենց առաջին փուլում ինքն իրեն հաղթող հռչակելու և պակասող տոկոսները լրացնելու համար Նիկոլ Փաշինյանը շատ դժվար երևակայելի ընտրախախտումներ պետք է իրականացնի: Իսկ եթե անգամ նման քայլերի գնա, միայն վարչական ռեսուրսով չի կարող սահմանափակվել, որովհետև այս իշխանությունը վարչական ռեսուրս կոչվածին ամբողջովին չի տիրապետում: Պակասող ձայները լրացնելու համար կա՛մ պետք է թվանկարչություն, կա՛մ ահռելի ծավալների ընտրակեղծիքներ լինեն, որոնք չեն կարող աննկատ մնալ: Իշխանությունը պահելու համար, միևնույնն է, պետք է կոալիցիա ձևավորվի: Այս տեսանկյունից իշխանությունը խնդիր ունի, որովհետև այսօր ասպարեզում չունի երևացող սատելիտ մի քաղաքական ուժ, որը միայնակ կամ ինչ-որ դաշինքներով կարող է ԱԺ անցնել, և որի հետ էլ այսօրվա իշխանությունը կկարողանա կոալիցիա կազմել»:
Այս առումով, քաղտեխնոլոգի խոսքով, ընդդիմության խնդիրն ավելի հեշտ է: «Իմ նշած ուժերի՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների և ԲՀԿ-ի խնդիրը ոչ թե խորհրդարան անցնելն է, այլ հաղթելը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը գնում է միայն հաղթանակի համար, Գ. Ծառուկյանը բազմիցս է հայտարարել, որ իրենց նպատակը հաղթելն է: Այս պարագայում շատ հնարավոր է, որ ընդդիմադիր այդ ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են պայմանավորվել: Ամեն դեպքում, ընդդիմադիր ուժերի ստրատեգիական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է: Եվ այս ընտրությունների իմաստը հենց դա է և ոչ թե ինչ-որ մանդատներ վերցնելը և ինչ-որ աթոռներին նստելը»,-ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե ԲՀԿ-ն կարող է իշխանության հետ կոալիցիա կազմել, Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ հիմա նախընտրական շրջան է, և շատ տարբեր ասեկոսեներ, հնարքներ և տեխնոլոգիաներ են օգտագործվելու: «Ես հստակ նշեցի, որ ԲՀԿ-ին տեսնում եմ ընդդիմադիր դաշտում: Այդ կուսակցությունն իրեն ընդդիմադիր դաշտում է դիրքավորել, և ես այդ մեղադրանքների վերաբերյալ հստակ ու փաստարկված հիմքեր չեմ տեսել:
Ի վերջո, քանի որ այդ հարցը մի քանի անգամ շոշափվել է, վերջերս ԲՀԿ-ի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, որոշեց պատասխանել այդ հարցին: Նա հստակ ասաց, որ գնում են ընտրությունների՝ հաղթելու, ու բացառեց նշվածը: Դա հրապարակային հայտարարություն էր, որը ֆիքսվում է: Այսինքն, սա լուրջ հայտարարություն է, ըստ էության, նաև քաղաքական խոստում է: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն բավականին լուրջ արդյունք է ունենալու, որը մեծ ազդեցություն է ունենալու հետագայում Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ իշխանական ֆորմատի ձևավորման գործում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սահմանային իրավիճակին ու դրանից բխող կառավարման հարցերին:«Նախ՝ պարզ է, որ այն, ինչ անվանում ենք Սյունիքի խնդիր, որը նաև Գեղարքունիքում է, քողարկված կա նաև այլ մարզերում, իրականում եթե ոչ աշխարհաքաղաքական, ապա առնվազն տարածաշրջանային մեծ խաղի հերթական մասն է: Ու հիմնական թիրախն այստեղ այդ միջանցքն է, որը նախևառաջ Թուրքիայի և այդ երկրին աջակցող որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես եվրոպական երկրներից մեկի քաղաքականության ամենագլխավոր նպատակների մի մասն է:
Ըստ էության, հաշվի առնելով տեղի ունեցողի վայրը, մասնավորապես՝ Սյունիքը, ինչպես նաև գործողությունների իրականացման այս ժամանանակահատվածը, կարող ենք գալ հետևյալ եզրահանգմանը. հիմնականում ճնշման միջոցով, նաև ռազմական շանտաժի միջոցով փորձ է արվում Հայաստանի համար ակտուալիզացնել միջանցքի հարցը: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունների համար դա ակտուալ չէ՝ հաշվի առնելով թե՛ Փաշինյանի, թե՛ իր շքախմբի հայտարարություններն ու ելույթները: Իրենք ամենևին դեմ չեն այդ ծրագրերին, եթե դիտարկում ենք նաև հորթի հրճվանքով հայտարարությունները՝ ապաշրջափակման հնարավորությունների մասին:
Պարզապես հիմա աղմուկ կա այս առումով, ու, հաշվի առնելով նախընտրական շրջանը, հիմա նախընտրում են լռեցնել այդ թեման: Ասում են, թե միջանցքի հարց չկա, բայց պարզ է, որ կա, ինչն ակնհայտ է նաև թե՛ երկրորդ երկրի, թե՛ երրորդ երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից և հարցազրույցներից»,-ասաց քաղտեխնոլոգը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: