«Ցանկացած միջազգային կառույցի, որը հավակնում է մեզ աջակցել սահմանազատման հարցում, պետք է ասել՝ «ցտեսություն»». Արամ Օրբելյան

«Ցավոք սրտի, նոյեմբերի 9-ից հետո մենք տեսնում ենք զարգացումներ, որոնց ակնհայտորեն «քաղաքական իշխանությունները» կամ ընդհանրապես չեն տիրապետում, կամ, որը լրիվ իրատեսական եմ համարում, ունեն գաղտնի դավաճանական պայմանավորվածություն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ սահմանային խնդիրներին ու դրանց լուծման տարբերակներին:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված՝ երկու զուգահեռ պրոցես կա. մեկը հայ-ադրբեջանական սահմանի գծման պրոցեսն է, որի խնդիրն ինքնին ունեն բոլոր հարևան պետությունները, իսկ երկրորդ խնդիրը հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական կոնֆլիկտն է, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը ու դրա հետ կապված իրավահարաբերությունները:

«Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես երկու ինքնիշխան պետություններ, ունեն սահման, բայց այդ սահմանը երբևէ պատմականորեն չի գծվել, չի եղել որոշված: Միջազգային իրավունքում չկա հստակ ձևակերպված կանոն, ըստ որի՝ պետք է այդ սահմանը գծվի: Կան ընդհանուր կանոններ, որոնցով կողմերն առաջնորդվում են տարբեր տեսակի ռելիեֆների դեպքում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Վերջինս նշում է, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, երբեք սահման չի գծել Ադրբեջանի հետ, իսկ Խորհրդային Միության գծած սահմանները հիմք չեն կարող լինել, որովհետև դրանք ներպետական սահմաններ են:

«Երբ դիտարկում ենք տարբեր մոտեցումներ, տեսնում ենք, որ սահմանների գծման առաջին սկզբունքն այն է, որ գործընթացը պետք է լինի խաղաղ: Չի կարող զորքը մտնել ու ասել՝ իմն է: Սահմանազատումն ինքնին խաղաղության տանող գործընթաց է, բայց ինքնին սահմանազատման գործընթացը ևս պետք է լինի խաղաղ՝ բացառելով ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը: Այլ պարագայում ցանկացած արգումենտ զրոյանում է»,- ասաց միջազգային  իրավունքի մասնագետը:

Նման պարագայում, ինչպես նշում է Արամ Օրբելյանը, մենք չպետք է ընդունենք սահմանազատման գործընթացը. դա պետք է չճանաչվի:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանի նկատմամբ հայ-ադրբեջանական ԽՍՀ սահմանը չի կարող կիրառվել: Եվ որևէ օրենքի հղում անել չի կարելի ու պետք չէ, հատկապես, եթե վկայակոչված օրենքում նման բան չկա: Հայ-ադրբեջանական սահմանի զատումը պետք է կայացվի միջազգային պրակտիկայում ընդունված արդարության սկզբունքի հիման վրա, ինչը շատ կիրառելի է այս դեպքում: Օրինակ, ջրային աղբյուրների հիմքերը պետք է անցնեն Հայաստանին թե Քարվաճառի, և թե Սյունիքի պարագայում, նույնը արոտավայրերի պարագայում է, ինչի մասին բազմիցս ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Չի կարող սկիզբը լինել մեզ մոտ, շարունակությունը՝ այնտեղ»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանը պնդում է՝ չի կարելի կատարել շուտափույթ սահմանազատում հիմա:

«Եթե անգամ մենք մեր հակառակորդների հետ մի հրաշքով լավ հարաբերություններ ունենանք, չի կարելի պատերազմից անմիջապես հետո սահմանազատման աշխատանքներ կատարել: 1945թ.-ից հետո պատերազմող սահմանների տեղաշարժն արգելվում էր առնվազն տարածքային ամբողջականության հանդեպ: Ցանկացած միջազգային կառույցի, որը հավակնում է մեզ աջակցել սահմանազատման հարցում, պետք է ասել՝ «ցտեսություն», մենք հիմա պատրաստ չենք»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նա նկատեց, որ լրջագույն խնդիր է տեսնում Սև լճի հետ կապված գործընթացում, որն ուղղված է մի կողմից՝ Արցախի, մյուս կողմից՝ Հայաստանի մնացած տարածքների դեմ:

«Այսինքն՝ ստացվում է, որ, երբ Որոտան էին մտնում, մեր Անվտանգության խորհուրդը նիստ չէր անում ու չէր ասում, որ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք, հիմա ասում են: Պատկերացրեք՝ Ադրբեջանն ասում է՝ լավ, սա ձեր ինքնիշխան տարածքն է, ու հեռանում է: Սա կնշանակի՞, որ մենք ընդունում ենք, որ Որոտանն ինքնիշխան տարածք չէր: Ես այս գործընթացը տեսնում եմ հետևյալ սկզբունքով: Ադրբեջանը զորքերը մտցնում է, որովհետև դիմացը կանգնած գոնե մի խրտվիլակ չկար: Գալիս, մտել, տեղակայվել են: Հիմա մենք բանակցում ենք: Ադրբեջանի համար վատագույն սցենարի դեպքում իրենք էդտեղից դուրս կգան, բայց կարձանագրեն, որ իրենց մտած մնացած տարածքներն ինքնիշխան չէին, իսկ լավագույնի դեպքում՝ դուրս չեն գալու, դեռ մի մասն էլ պահելու են»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս