Բաժիններ՝

«Իրենց վրայի պարտավորությունը գցեցին․ թողեցին բանկ-քաղաքացի տիրույթում»․ տնտեսագետ

«Նախորդ տարեվերջից սկսված՝ ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով՝ ուստի այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ և տարեվերջից սկսված կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ վստահեցրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, սակայն, օբյեկտիվ չի համարում բացառապես այս գործոնների մատնանշումը․ 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց․ «Այո, ազգային արժույթի արժեզրկումը գործոն է, սակայն փաստ է նաև, որ այս վերջին մեկ ամսում գրեթե 520 դրամի տիրույթում է փոխարժեքը, բայց մենք ապրիլին ունեցել ենք գնաճի տեմպի բարձացում և՛ մարտի համեմատ, և՛ նախորդ տարվա ապրիլի համեմատ։ Նաև ունենք հետևյալ պատկերը՝ նախորդ տարվա 4․5 տոկոս միջին գնաճն աճել է հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին․ յուրաքանչյուր ամիս՝ 0.5 տոկոսային կետով՝ հունվար-ապրիլին դառնալով 5.8 տոկոս։ Այսինքն՝ դեռ տարվա կեսը չկա, ունենք գների ինտենսիվ աճ, որը 2021 թվականի պետական բյուջեով թիրախավորվածից ավելի է»։

Հարցին, թե, այդ դեպքում, ի՞նչն է ԿԲ նախագահին հիմք տվել նման լավատեսության համար՝ տնտեսագետը պատասխանեց․ «Թերևս իրենք էլ են կիսում իմ լավատեսությունը, որ իրենց խմբակն ամբողջովին գոնե ընտրությունների միջոցով կհեռացվի, եթե նման հիմքով է իրենց լավատեսությունը, ապա համաձայն եմ»։

Անդրադառնալով ԿԲ նախագահի մատնանշած հաջորդ՝ միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող գործոններին՝ տնտեսագետը վստահեցրեց․ «Շուկաներում, այո՛, կա գնաճ, բայց ոչ այն տեմպերով, ինչը Հայաստանում է։ Գործոն կարող է համարվել մեր երկրում շարունակվող մենաշնորհի բարձր աստիճանը: Շուկան փոքր է, և հատկապես ներմուծվող ապրանքների դեպքում՝ մենաշնորհման հետևանքի բերումով խնդիրներն ակնհայտ են (քանի որ մեզ մոտ չկա կառավարելիություն, չկա պետական մարմինների գործադրում, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ի կողմից գործառույթների իրականացում)»։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հաջորդ հայտարարության վերաբերյալ, թե ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված աձանց, նրանց հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը, տնտեսագետը նկատեց․ «Իրականում պետությունը որևէ կերպ չմասնակցեց այս գործընթացին, և առնվազն գոնե որոշակի սեգմենտի համար պետությունը պետք է պարտավորությունները մասնակի վերցներ իր վրա, եթե ոչ ամբողջական։ Սա արել են բանկերը՝ իրենց ռիսկով, իրենց գումարներից․ այստեղ պետությունն ընդամենն այդ ներված վարկերից հարկեր չի պահել․ այսինքն՝ մնում էր միայն հարկերը պահեր։

Այստեղ էլ ակնհայտ է՝ իրենց վրայի պարտավորությունը գցեցին, հորդորեցին բանկերին և այլն, թողեցին բանկ-քաղաքացի տիրույթում։ Մինչդեռ ես համոզված եմ, եթե պետությունը ոչ թե դիտորդ դառնար այս պրոցեսներում, այլ իրապես մասնակցեր, պատիկներ անգամ ավել կլինեին հատուցված գումարները՝ չեղարկված պարտավորություններ, և ամենակարևորը՝ խնդիրը կլուծվեր։ Այժմ խնդիրը լուծված չէ, քանի որ ակնհայտ է՝ կան ընտանիքներ, որոնք զոհվածի, կամ անհետ կորածի, կամ հաշմանդամություն ստացածի, որոնք դեռ շարունակում են մնալ այդ վարկային բեռի տակ։

Այստեղ ամբողջությամբ թողնել բանկերի հայեցողությանը՝ սխալ է․ սա պետության մոտեցում չէ։ Բանկը սոցիալական քաղաքականություն իրականացնող չէ, պետությունն է պարտավոր նախ տալ առաջնահերթությունները՝ ումն առաջնահերթ պետք է ներվի, և պետությունը պետք է բերեր իր մասնակցությունը»։

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք ներում են պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, ազատվում են որոշ հարկային պարտավորություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս