«Փորձում են համոզմունք ստեղծել, որ ավելի լավ է՝ տարածք տանք, քան՝ որևէ բախում լինի». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը քիչ հավանական է համարում, որ այս պահին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում կիրականացնի Հայաստանի նկատմամբ, որովհետև ըստ նրա՝ կա ռուսական ֆակտորը, որն ավելի մեծ դերակատարում ունի, քան Ադրբեջանի հարձակման դրական ելքի ապահովումը:
«Հետևաբար, այս փուլում ավելի շատ հակված եմ նրան, որ կա հոգեբանական ճնշում Հայաստանի և հայ ժողովրդի վրա, որպեսզի փորձեն կորզել տարածքներ Հայաստանից՝ ցույց տալով, որ Ադրբեջանը պատրաստ է հարձակվել Հայաստանի վրա, զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանին: Այս ամբողջ կոնտեքստում կա մեկ նպատակ՝ հոգեբական ճնշման արդյունքում հայերի մոտ համոզմունք ստեղծել, որ ավելի լավ է՝ տարածք տանք, քան՝ որևէ բախում լինի սահմանագծում»,- 168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ չի հավատում, թե երբևէ Ադրբեջանը դեմքը կփոխի:
Նա ընդգծեց՝ պետական հարթակներից արդեն նշվել է, որ Սյունիքում տեղադրվել է 102-րդ ռազմաբազայի երկրորդ հենակետը, հետևաբար՝ կա մեսիջ, որ ռուսական կողմն այնտեղ ունի ներկայացվածություն, և հնարավոր ագրեսիան ուղղված կլինի նաև Ռուսաստանի դեմ.
«Ցավոք, մեզ մոտ միշտ եղել է այն համոզմունքը, որ Հայաստանին պետք է գան՝ փրկեն արտաքին ուժերը: Դա երբեք այդպես չի եղել: Սկզբում պետք է ինքդ քեզ պաշտպանես, ցույց տաս, որ ռազմական առումով ունակ ես դիմակայել կամ գոնե սկզբում ճնշել հակառակորդի ագրեսիան, հետո նոր փորձել դաշնակիցների միջոցով և՛ քաղաքական, և՛ ռազմական հարթակներում որոշակի հաջողություններ գրանցել»:
Դիտարկմանը՝ Դուք էլ եք ասում, որ Ռուսաստանը Սյունիքում ներկայացվածություն ունի, բայց դա չի զսպում Ադրբեջանին, նա այսպես արձագանքեց.
«Ռուսաստանը պետք է տեսնի՝ Հայաստանի կողմից կա՞ պատրաստակամություն՝ մինչև վերջ գնալու, այսինքն՝ Հայաստանն արդյո՞ք ինքնավստահ է այնքան, որ փորձի Ադրբեջանի հետագա սադրանքները կանխել՝ թեկուզ լոկալ ձևով: Այսինքն՝ պետք է մտածվեն մեխանիզմներ, չեմ ասում՝ անմիջապես կրակ վարել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ, այլ մտածել զսպող տարբերակներ՝ շրջափակել, գերի վերցնել, օդ կրակել, վախեցնել, այն հատվածներում, որտեղ պաշտպանված չէ, 300 մետր մենք առաջ գնանք: Սակարկությունը գալիս է այդտեղից, որտեղ դու ես նախաձեռնող լինում կամ փորձում ես իրավիճակից ելնելով՝ որոշակի բալանսավորված լուծումներ գտնել»:
Ադրբեջանի հարցերով փորձագետը դժվարացավ նշել, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները վերոնշյալ հնարավոր քայլերից որևէ մեկը չի իրականացնում. «Կարող է լինել քաղաքական կամքի բացակայություն կամ վախի ներազդեցության տակ կառավարում, այսինք՝ իրենք վախեցած են արցախյան երկրորդ պատերազմից և մտածում են՝ Ադրբեջանը ինչ սարդանք էլ անի՝ հանկարծ կռիվ չլինի: Վերջիվերջո, պետք է հասկանանք, որ Հայաստանը ունի բանակ, Զինված ուժեր, ուղղակի, ցավոք, այսօր իշխանության աթոռը զավթած անձինք փորձում են բանակը թերագնահատելով և նվաստացնելով՝ ցույց տալ, որ հայ ժողովուրդն անպաշտպան է: Այստեղ զուտ ես տեսնում եմ քաղաքական կամքի բացակայություն»:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է. «Ադրբեջանի նպատակն է՝ այսպիսի քայլերով տորպեդահարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, թե Ադրբեջանը հաղթել է, եթե հաղթել է, ինչպե՞ս է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներում ստացել ևս երկու պետության բանակ, դա համարել հաղթանա՞կ: Ադրբեջանն իր պրովոկացիաներով ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել»:
Գառնիկ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ Դուք համաձա՞յն եք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն ավելի ծանր վիճակում է հայտնվել, և արդյո՞ք Ադրբեջանը գոհ չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ինչպես պնդում է Արմեն Գրիգորյանը, թե՞ Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և նոր տարածքներ զավթել:
«Արդյո՞ք Արցախի 75 տոկոսը կորցնելը, 5000 զոհ ու 10․000-ից ավելի վիրավոր տալը համարում ենք Ադրբեջանի համար ոչ բարենպաստ կամ ծայրահեղ ծանր վիճակ: Սա հռետորական հարց է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ եղել է սադրող, պայմանավորվածությունները չկատարող: Այսօր Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ադրբեջանական զինուժը գտնվում է բարձր պատրաստվածության կամ ունեն այնպիսի հնարավորություն, որ հայկական բանակը դրան չի կարող հակազդել, փորձում են այն քաղաքական պայմանավորվածությունը, որը կուլիսների հետևում է կատարվում, իրենց ձևակերպումներով հայ ժողովրդին մատուցել»,- ի պատասխան՝ ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում որոշ շրջանակների կողմից գեներացվող հակառուսական տրամադրություններին, նա հետևյալն ասաց.
«Ադրբեջանցիները օգտվելով հայ պատգամավորի հակառուսական հայտարարություններից՝ շատ լուրջ հակառուսական քարոզ են տանում անգամ իրենց մոտ, այսինքն՝ ցույց են տալիս, որ Հայաստանում կա պատգամավոր, որը ռուսների մասին նման բաներ է ասում: Քննադատել պետք է, բայց դա պետք է լինի կոռեկտության և ճիշտ փաստերի վրա հիմնվելով, ոչ թե ելնեն՝ պոռոտախոսությամբ զբաղվեն, ռուս պաշտոնյաներին դարձնեն հայերի թշնամի, վերջում հայերի գլխին մի մեծ փորձանք գա, որովհետև չունենք հիմա նորմալ պաշտպանություն, հետո ասեն՝ դե, ռուսները պլանավորել էին: Հետևաբար, ես սա համարում եմ ապապետական»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում