Տնտեսությունը ձեռքից գնում է
Տարեսկզբի 3 ամիսներին Հայաստանի տնտեսությունը շարունակել է անկումային լինել։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները կրկին սկսել են թռիչքային աճեր կառուցել ապագայի վրա ու ապագայի հետ կապված ապառիկով խոստումներ տալ, այն հույսով, որ նախորդ տարվա կտրուկ անկման ֆոնին այս տարի որոշ առաջընթաց կլինի։
Որ նախորդ տարվա բավական ցածր բազան նպաստավոր հիմք է տնտեսական աճի համար, այդպես էլ կա։ Բայց այդ հույսն էլ առայժմ չի արդարանում։
Տխուր վիճակում է տնտեսության իրական հատվածը։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն օր ու մեջ երկնիշ տնտեսական աճերից է խոսում, փոխարենը՝ լավ կաներ զբաղվեր իր բուն գործով և ասեր, թե իրականում ի՞նչ է կատարվում արդյունաբերության հետ։ Հատկապես որ, կանխատեսումներ անելը նրա մոտ, մեղմ ասած, այնքան էլ լավ չի ստացվում։ Դրանում մեկ անգամ արդեն համոզվել ենք՝ մարտի տնտեսական ակտիվության վերաբերյալ դատողություններ անելու ժամանակ։
Մարդկանց հետ շփումներից պարզվում է, որ նրանց գործերն ավելի լավ են, քան 1-2 տարի առաջ: «Կարող եմ եզրակացություն անել, որ արդյունաբերության ոլորտում անցած տարվա համեմատ բիզնեսն աճել է 20-30 կամ նույնիսկ 50 տոկոսով»,- ասում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։
Աչքաչափով աճեր ցույց տալը կամ փաստերը խեղաթյուրված ներկայացնելը պետական պաշտոնյաների կողմից մի տեսակ վատ սովորություն է դարձել։ Մարդիկ արհամարհում են պաշտոնական վիճակագրությունը։
Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական վիճակագրությունն էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի ասած աճերի մասին, որոնց վերաբերյալ նա հայտարարություններ ու դատողություններ է անում՝ մարդկանց հետ շփումների արդյունքներով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա անկումից հետո արդյունաբերությունը շարունակում է անկումային լինել։ Առաջին եռամսյակում արտադրության ծավալների 4 տոկոսին մոտ նվազում կա։ Բայց դա էլ դեռ մի կողմ. էապես վատացել է արդյունաբերության կառուցվածքը։
Ունենք վերամշակող արդյունաբերության երկնիշ անկում։ Տարեսկզբի 3 ամիսներին այն հասնում է գրեթե 12 տոկոսի։
Նույնիսկ նախորդ տարվա մարտի համատարած լոքդաունից հետո այս տարվա մարտին մշակող արդյունաբերության մեջ անկում է գրանցվել։
Սա՞ է արդյունաբերության վերականգնումը և այն 20-30 կամ 50 տոկոսանոց աճը, որի մասին խոսում է նախարարի պաշտոնակատարը։ Թե՞ հույսը կրկին հանքերի շահագործումն է։
Այստեղ իսկապես աճ կա, այն էլ՝ երկնիշ աճ։ Մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, աճն անցնում է 19 տոկոսից։
Մարտին ամբողջ արդյունաբերությունն արտաքուստ աճել է։ Բայց բացառապես ընդերքի շահագործման հաշվին։ Շարունակում ենք ընդերքը դատարկել ու համարում ենք, որ տնտեսությունը վերականգնվո՞ւմ է։
Սա վերականգնում չէ։ Ընդերքը քանդել-ծախելու հաշվին գուցե աճ ունենանք, բայց դա վերականգնում չէ։ Արդյունաբերության կառուցվածքը գնալով ձևախեղվում է, ու էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի խնդիրն է՝ մտածել դրա մասին, և ոչ թե՝ օր ու մեջ կանխատեսումներ անել չեղած բաների վերաբերյալ։
Հանքարդյունաբերության կշիռն արդյունաբերության մեջ հասել է 27 տոկոսի։ Նախկինում այն 20 տոկոսը չէր անցնում։ Փոխարենը՝ մշակող արդյունաբերության բազմաթիվ առանցքային հատվածներ գտնվում են խորն անկման մեջ։
Ծխախոտի արտադրությունը, որը վերջին տարիներին դարձել էր մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, առաջին եռամսյակը փակել է ավելի քան 28 տոկոս անկումով։ Այն էլ՝ նախորդ տարվա գրեթե 17 տոկոսանոց անկումից հետո։
Պատկերացնո՞ւմ եք, անցած տարի 17 տոկոս անկում ենք ունեցել, այս տարի դրա վրա ևս 28 տոկոս անկում է ավելացել։
Մարտին արտաքուստ աճել է ծխախոտի արտադրությունը՝ շուրջ 12-13 տոկոսի չափով։ Բայց զուտ այն բանի հաշվին, որ անցած տարվա մարտին 47 տոկոսանոց անկում է եղել։
Որպեսզի պարզ լինի, թե ի՞նչ փուլում է գտնվում ծխախոտի արտադրության վերականգնումը, ընդամենը 2 թիվ բերենք պաշտոնական վիճակագրությունից. այս տարվա մարտին ծխախոտի արտադրությունը եղել է 10 մլրդ դրամի կարգի։ 2019թ. կամ մինչև անկումը՝ 20 մլրդ դրամի կարգի։ Կիսով չափ պակասել է արտադրությունը։
Սրա մասին է պետք մտածել և ոչ թե՝ խոսել երևակայական աճերից կամ հույսը դնել ընդերքի շահագործման ավելացման վրա։ Ընդերքն արդյունահանել-ծախելով՝ տնտեսություն չի զարգանա։ Տնտեսությունը զարգացնում են արտադրության կազմակերպման վրա։
Խայտառակ վատ վիճակում է ոսկերչական արտադրանքի արտադրությունը։ Առաջին եռամսյակում արտադրության ծավալները նվազել են գրեթե 79 տոկոսով։ Նույնիսկ մարտին 56 տոկոս նվազում ունենք նախորդ տարվա համեմատ։
Նվազել է նաև խմիչքների արտադրությունը։ Ընդ որում՝ մարտին անհամեմատ ավելի շատ՝ գրեթե 17 տոկոսով, քան եռամսյակի ընթացքում։
Եթե հիշում եք, տարվա սկզբին կառավարությունը մի որոշում ընդունեց տեղական ցեմենտի արտադրությունը ներմուծումից պաշտպանելու վերաբերյալ։ Որպես լավություն տեղական արտադրողներին՝ արգելվեց դրսից ցեմենտի ներկրումը։
Թվում էր, թե դա պետք է խթան լիներ տեղական արտադրողների համար։ Բայց կառավարության հաշվարկներն այստեղ էլ չեն արդարացել։
Ներմուծման արգելումից հետո ցեմենտի արտադրությունը մեր երկրում ոչ միայն չի ավելացել, այլև տեղական արտադրողները կրճատել են արտադրության ծավալները։
Տարվա առաջին երեք ամիսներին ավելի քան 8 տոկոսով քիչ ցեմենտ է արտադրվել։ Անցած տարի արտադրվել էր 88 հազար, այս տարի՝ 81 հազար տոննա։
Սրանք ցուցանիշներ են, որոնք վերցված են պաշտոնական վիճակագրությունից։ Թվեր հնչեցնելուց առաջ լավ կլիներ, որպեսզի նախարարի պաշտոնակատարը ծանոթանար դրանց և ոչ թե՝ հիմնվեր մարդկանց հետ շփումներից ստացած տպավորությունների վրա։
Անշուշտ, կան նաև արտադրատեսակներ, որոնց արտադրության աճ ունենք։ Բայց դրանց կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ այնքան փոքր է, որ դրանք եղանակ չեն ստեղծում։ Անիմաստ է հիմնվել այդպիսի աճերի վրա, երբ հիմնարար ճյուղերում անկում ունենք, երբեմն՝ խորը անկում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ