«Դարակազմիկ, հեղափոխական ու շրջադարձային» փոփոխություններ, որոնք թանկ նստեցին երկրի ու ժողովրդի վրա

Վարչապետ ընտրել-չընտրելու հարցով Ազգային ժողովում հրավիրված հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը որոշեց հակահարված տալ ընդդիմախոսներին։ Նրանց, ովքեր իրեն ու իր կառավարությանը մեղադրում են համատարած ձախողումների, պետական ինստիտուտները քանդելու, երկիրն ավերակների վերածելու մեջ։ Ու որպես հիմնավորում՝ ներկայացրեց այն «դարակազմիկ, շրջադարձային, ինստիտուցիոնալ ու հեղափոխական» փոփոխությունները, որոնք արել է կառավարությունը նախորդ 3 տարիներին։

Հարցը նրանում չէ՝ արվե՞լ են այդպիսի փոփոխություններ, թե՞ ոչ։ Հարցը նրանում է, թե այդ «դարակազմիկ, շրջադարձային, ինստիտուցիոնալ ու հեղափոխական» փոփոխություններն ի վերջո ի՞նչ են տվել երկրին ու ժողովրդին։

Տվել են այն, որ 3 տարում երկիրը քանդ ու քարափ է արվել։ Ժողովրդի կյանքը վերածվել է իսկական դժոխքի, ու այդ դժոխքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է՝ իր կառավարության ու քաղաքական թիմի հետ։

Ի՞նչ «դարակազմիկ, շրջադարձային, ինստիտուցիոնալ ու հեղափոխական» փոփոխությունների մասին է խոսքը, երբ այսօր ամեն ինչ շատ ավելի վատ է, քան նախկինում էր։

Տնտեսությո՞ւնն է առաջադիմել, թե՞ մարդիկ են սկսել ավելի լավ ապրել։

Տնտեսության «հեղափոխական» զարգացումների ու «թռիչքային աճերի» արդյունքում 3 տարում ՀՆԱ չնչին աճ ունենք։ Դեռ չհաշված, որ աճի մի մասն էլ հաշվարկային է։ Փոխարենը՝ պետական պարտքն իսկապես հեղափոխական տեմպերով ավելացել է։ Ու եթե նույնիսկ ոչինչ, բացարձակ ոչինչ չարվեր տնտեսության մեջ՝ միայն պետական պարտքի ավելացման հաշվին ՀՆԱ աճը հիմա պիտի ավելի մեծ լիներ, քան կա։

Երեք տարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետական պարտքն ավելացրել է շուրջ 30 տոկոսով կամ 2 մլրդ դոլարով։ Սա իսկապես շրջադարձային փոփոխությունն է, որը տեղի է ունեցել պետական պարտքի ոլորտում այն մարդու վարչապետության շրջանում, ով նախկինում մշտապես դեմ է եղել պարտքի ավելացմանը, իսկ կառավարության ղեկավարի պաշտոնում արել է ճիշտ հակառակը։

Երկու միլիարդը քիչ է, հիմա էլ հայտարարում է, թե պատրաստ է էլի ու էլի ավելացնել պետական պարտքը։ Չնայած առանց այդ էլ արդեն մտել ենք պարտքի ռիսկային գոտի։

Պարտքի բեռը հասել է ՀՆԱ 70 տոկոսին։ Եվս մեկ ցնցում, և կարող ենք հայտնվել դեֆոլտի մեջ։

Սրա մասին է պետք մտածել։ Բայց կառավարությունն այլ պլաններ ունի։ Կարևոր չէ, թե հետագայում ում վրա կմնա պարտքերի վերադարձման ծանրությունը։ Կարևորն իշխանության աթոռներին հնարավորինս երկար մնալն է՝ թեկուզ և պարտքը ռեկորդային տեմպերով ավելացնելու հաշվին։

Տնտեսական միջավայրի «ֆանտաստիկ» բարելավումների արդյունքում հայտնվել ենք այնտեղ, որ գրեթե զրոյացվել են ներդրումները։

Նիկոլ Փաշինյանը բյուջեի եկամուտների հաջողություններից է խոսում ու միտումնավոր բերում է ոչ թե վերջին 3 տարիների, այլ միայն 2019թ. ցուցանիշները։

2019թ. իսկապես հարկային եկամուտների աճ ենք ունեցել։ Բայց դա բոլորովին էլ այս կառավարության «ֆանտաստիկ» աշխատանքի արդյունքը չի եղել։ Պարզապես այդ ժամանակահատվածը համընկավ ավտոմեքենաների ներմուծման արտոնության սպասվող վերացման ժամկետի հետ, ինչի արդյունքում ռեկորդային քանակությամբ տրանսպորտային միջոցներ ներմուծվեցին Հայաստան։ Դա էլ պայմաններ ստեղծեց, որպեսզի հարկային եկամուտներն այդ տարի ավելանային։

Բայց այդ մի տարին չէ, որ աշխատել է այս կառավարությունը։ Անցած տարի ունեցանք հարկային եկամուտների ռեկորդային թերակատարում։ Միայն 2 անգամ վերանայվեց բյուջեի եկամտային մասը։

Եթե 2018թ. բյուջեի հարկային եկամուտները կազմել էին 1 տրիլիոն 258 մլրդ դրամ, 2020թ. կազմեցին 1 տրիլիոն 385 մլրդ դրամ։

2018-2020թթ. հարկային եկամուտներն ավելացել են 127 մլրդ դրամով կամ ընդամենը 10 տոկոսով, որը ո՛չ «հեղափոխական» է, և ո՛չ էլ «ֆանտաստիկ»։

Զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի ասած՝ դարակազմիկ աճերից ու զարգացումներից հետո սոցիալական իրավիճակը մեր երկրում ոչ միայն չի լավացել, այլև հետ է գնացել։

Կյանքն ամենուրեք թանկացել է, իսկ մարդկանց եկամուտներում տեղաշարժ չկա։

Այն, որ հայտարարագրված աշխատատեղերն ավելացել են, իսկ հաշվարկային ու վիճակագրական աշխատավարձերը բարձրացել են, դա դեռ չի նշանակում, թե այդքան մարդ աշխատանք է գտել կամ ավելի շատ աշխատավարձ է սկսել ստանալ։ Եթե տնտեսության մեջ ու բյուջեի եկամուտներում «ռեկորդային ու հեղափոխական» փոփոխություններ են կատարվել, ինչո՞ւ է երկրում աղքատությունը խորացել, ինչո՞ւ աշխատանք չկա, ու մարդիկ շարունակում են տասնյակ-հազարներով մեկնել արտագնա աշխատանքի, ինչո՞ւ է սոցիալական իրավիճակը վատացել։

Թե՞ «դարակազմիկ ու հեղափոխական» փոփոխությունները ժողովրդի համար չեն, միայն պաշտոնյաների ու իշխանությունների համար են։

Պաշտոնյաների կյանքում իսկապես հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել։ Նրանց եկամուտները կրկնակի, գուցե եռակի ավելացել են՝ պետական բյուջեից տրվող պարգևավճարների հաշվին։

Իսկ ի՞նչ է փոխվել հասարակ քաղաքացու, գործազուրկի, կենսաթոշակառուի կամ նպաստառուի կյանքում՝ կառավարության իրականացրած «դարակազմիկ» փոփոխությունների ու «ֆանտաստիկ» ձեռքբերումների արդյունքում։ Ո՞ւր է ներառական տնտեսական աճը։ Երեք տարում ընդամենը 3 հազար դրամով կենսաթոշակ է բարձրացել, այն դեպքում, երբ գնաճը բազմակի ավելի է դատարկել մարդկանց գրպանը։ Գնաճի տեմպը մի քանի անգամ ավելի բարձր է, քան աշխատավարձինը։

Կառավարության իրականացրած «ինստիտուցիոն բարեփոխումների», «դարակազմիկ ու հեղափոխական» ձեռքբերումների արդյունքներն առաջին հերթին պետք է այստեղ երևային։ Բայց չեն երևում։

Փոխարենը՝ մարդիկ կրում են այն սարսափելի ծանր բեռը, որը թողել է այս իշխանությունը։

Խոսքը բոլորովին էլ տնտեսական ու սոցիալական բեռի մասին չէ։ Խոսքը մարդկային ու տարածքային կորուստների մասին է, որոնք ոչնչի հետ չես փոխի։

Սա է այս իշխանության 3 տարվա աշխատանքի արդյունքը։ Սրա պատասխանը պետք է տալ և ոչ թե հեքիաթներ հորինել՝ հասարակությանը կրկին ու կրկին մոլորեցնելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս