Հայաստանը հարվածում է Ռուսաստանին՝ ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու ու այդ կառույցից դուրս գալու համար. Ալեն Ղևոնդյան

Մայիսի 12-ից ադրբեջանցի 200 զինվոր հատել են անկախ Հայաստանի սահմաններն ու ներխուժել անկախ պետության տարածք ու մինչև այս պահը գտնվում են մեր տարածքում։

Երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կատարվածի վերաբերյալ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Այսօր արդեն Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով անհապաղ արտակարգ խորհրդատվություններ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու ՀՀ-ի որոշմանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նշեց.

«Հայաստանի իշխանությունը դիմում է միջազգային մի կառույցի, որի նկատմամբ ժամանակին ուներ քամահրական վերաբերմունք։ Իրականում նպատակը ոչ թե ՀԱՊԿ-ին օգնության բերելն է, այլ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին փաստի առաջ կանգնեցնելը։ Մենք փաստի առաջ ենք կանգնեցնում նրանով, որ մեր երկրի ներսում ինչ-որ կատարվում է, վերածվում է մեծ պրոբլեմի։ Այստեղ պետք է հիշել, որ Արցախյան այս վերջին պատերազմն ուղղված էր մեկ պետության դեմ և այդ մեկ պետությունը Ռուսաստանն էր։ Հիմա բոլոր հնարավոր հարթակներով արդեն ակնհայտ է՝ Հայաստանն այս կամ այն ձևով հարվածում է Ռուսաստանին, մի երկրի, որը պատերազմի ժամանակ մեզ օգնել է:Եվ մոռանում են, որ ռուսական զորքի բացակայությունը Սյունիքից կարող է բերել նրան, որ Սյունիքը 5 օրվա ընթացքում կհայտնվի Ադրբեջանի ենթակայության տակ։ Բոլոր այն մարդիկ, որոնք հղում են անում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, պետք է հիշեն, որ թուրքերը մտել են Սիրիա և 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ունեն այդ երկրում, ու հարց է առաջանում, թե այդ քանի երկիր է արձագանքել դրան. իհարկե ոչ մի։ Հիմա ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կատարվելու նաև Հայաստանում»,- ասաց Ալեն Ղևոնդյանը։

Քաղաքագետը վստահեցրեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է բոլորովին այլ միտումով, շատ լավ իմանալով, որ ՀԱՊԿ-ում կան տարաբնույթ շահեր ունեցող պետություններ՝ օրինակ՝ Ղազախստան և Բելառուս, իսկ ղազախներն ադբեջանցիների հետ 100 անգամ շատ ավելի մեծ առևտրաշրջանառություն ունեն, քան Հայաստանի, ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք Ղազախստանը նպատակ կունենա, որպեսզի Ադրբեջանի դեմ ՀՀ-ն որևէ գործողություն ունի, և նմանատիպ վիճակ է նաև Բելառուսի դեպքում։

«Այս ամենով հանդերձ՝ ինչո՞ւ Հայաստանը շտապեց դիմել ՀԱՊԿ-ին, պատճառը պարզ է՝ լեգիտիմ հիմք ստեղծել ՀԱՊԿ-ից գուցե դուրս գալու համար, որովհետև կա կողմնորոշում փոխելու խնդիր։ Հայաստանին պետք էր Ռուսաստանից պոկել, այդ ուղղությամբ արվեց ամեն ինչ։ Խնդիրը ՀԱՊԿ-ին էլ ավելի հեղինակազրկելն է, որովհետև օրենքի և իրավունքի տեսակետից թեև ամեն ինչ հստակ է, սակայն քաղաքական բովանդակությունը բոլորովին այլ է։ Հիմա կարող է մեր երկրի ղեկավարը դուրս գալ և ասել՝ դիմեցինք ՀԱՊԿ-ին, չօգնեցին, հետևաբար՝ հարց՝ արդյո՞ք նպատակահարմար է այդ կառույցում մնալը։ Իսկ ՀԱՊԿ-ն ապալեգիտիմացնելուց հետո մենք միանգամից ստանալու ենք այլ առաջարկներ այլ բևեռներից, օրինակ՝ ԱՄՆ-ից. պատահակա՞ն էր՝ դեսպանը խոսեց ռազմական համագործակցության մասին. կամ Ֆրանսիայից, որը հիմա ակտիվացել է, հետևաբար՝ պետք է նախ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեր պետության շահերը չի սպասարկում, հիմա մեր երկիրը ահավոր թույլ է, ով ինչ կարողանում է՝ մեզանից պոկում է, ու ցանկացած թեմայով երբ խոսում ենք, պետք է հասկանանք, որ պետական էլիտան սպասարկում է այլ պետության շահեր»,- ասաց նա։

Ալեն Ղևոնդյանն անդրադարձավ նաև պայմանավորված սահմանային լարվածություն հրահրելու, դա ռազմական դրության հաստատման համար հիմք ծառայեցնելու հավանականությանը և չբացառեց, որ Սյունիքի թեման կարող է այս իշխանությունն օգտագործվել ներքաղաքական օրակարգը փոփոխելու նպատակով։

«Եթե ռազմական դրություն հայտարարվի, կարող ենք ունենալ մի վիճակ, որ ընտրությունները հետաձգվեն, այսինքն՝ գործող ղեկավարը հասկանում է, որ գործընթացներ են գնում, որոնք իր համար շահեկան չեն իշխանությունը պահելու տեսանկյունից, ուստի կարող են ասել՝ եկե՛ք, պրովոկացիա սարքենք, այդ թվում և՝ ուղղակի կապի միջոցով։ Մյուս սցենարը կարող է տեղավորվել Ադրբեջանի բացահայտ հավակնությունների համատեքստում, և եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ Իշխանասարից Նախիջևան ամենակարճ ճանապարհն է, և պայմանական, եթե գործողություններ սկսեն այդ հատվածում, ապա խնդիր է դրվելու Վայոց Ձորից հարավ ճեղքել, Սյունիքն էլ կտրել Հայաստանից։ Միգուցե կարիք չկար հավելյալ գումար ծախսելու ժամանակին Սյունիքի սահմաններն ամրացնելու համար, միգուցե կա որոշակի ներքին համոզմունք, որ Սյունիքը մեզ այլևս հետաքրքիր ռեգիոն չէ»,- ասաց Ալեն Ղևոնդյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս