«Գիտե՞ք՝ որն է խնդիրը, նրանք բարձր սարի վրա են դիրքավորված, ու մեր ամբողջ գյուղերն իրենց ոտքի տակ են». Խոզնավարի գյուղապետ
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը տեղյակ չէ, թե ինչ արդյունք են տվել ադրբեջանցիների հետ բանակցությունները, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ նրանք թողնելով իրենց դիրքերը՝ 3-4 կիլոմետր առաջ էին եկել։
«Ադրբեջանցիները մի քիչ, աննշան հետ են քաշվել, սա ես լսելով եմ ասում, որովհետև չեմ տեսել, ես նոր եմ բարձրանում այդ դիրքեր, այսինքն՝ այն բարձունքը, որտեղ առաջ են եկել։ Ադրբեջանցիներն ասում են, թե այս տարածքներն իրենցն է, դրա համար էլ առաջ են եկել։ Գիտե՞ք՝ որն է խնդիրը, նրանք բարձր սարի վրա են դիրքավորված, ու մեր ամբողջ գյուղերն իրենց ոտքի տակ են, ախր այդ տարածքները, քարերն ու թփերը մեկ առ մեկ գիտեմ, կարող եմ ասել՝ որտեղ ինչ կա։ Հիմա 4 կիլոմետր առաջ են եկել, հասել գյուղի վերևը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարո Գրիգորյանը։
Խոզնավարի գյուղապետն ընդգծեց, որ բանակցություններին չի մասնակցել, մանրամասներին տեղյակ չէ, ուստի որոշել է բարձրանալ դիրքեր՝ հասկանալու համար, ի վերջո, ինչ է սպասվում իրենց։
Հիշեցնենք, որ Սյունիքում, Գեղարքունիքում թշնամին առաջ է եկել՝ խախտելով սահմանները, որի արդյունքում Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին։