«Կպատմեմ, թե ինչպես էր Արթուր Սաքունցը սովորեցնում դիտորդներին սադրել հանձնաժողովի անդամներին». Ռաֆայել Աֆրիկյան
Ռաֆայել Աֆրիկյանը գրում է. «Ոնց որ ընտրություններն են մոտենում ու ոնց որ թե արևմտյան գումարներով սնվող ՀԿ-ները նորից ակտիվացել են։ Կպատմեմ, թե ինչպես էր Արթուր Սաքունցը սովորեցնում դիտորդներին սադրել հանձնաժողովի անդամներին։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դանիելը և Արթուր Սաքունցը կազմակերպում էին դիտորդական առաքելություն։ Պետք էր հավաքագրել մոտ 2 հազար մարդու, չհաշված շրջիկ դիտորդներին, հեռախոսավարներին և այլն։
Դիտորդության համար այս կազմակերպությունները վճարում էին ամեն մեկին 15 հազար դրամ, ուստի հայտերը ավելի քան բավարար էին։ Շատ մարդ էր ցանկանում մեկ օրվա մեջ այդքան գումար վաստակել։ Գումարը բնականաբար գալիս էր օտար երկրներից՝ հիմնականում Եվրամիությունից։
Եվ այսպես դիտորդները հավաքգրված էին, երկրորդ փուլը այդ մարդկանց Ընտրական օրենսգրքի սովորեցումն էր, որպեսզի դիտորդներն իմանան սեփական պարտականությունները և իրավունքները՝ ընտրատեղամասում աշխատանքը պատշաճ կատարելու համար։
Իրականացվում էին տարբեր սեմինարներ, որոնցից մեկը վարում էր նաև Արթուր Սաքունցը։ Այս մարդու սեմինարը, սակայն հատուկ էր, նա ոչ թե իրավունք էր սովորեցնում, այլ խոսում էր կոնֆլիկտային իրավիճակների մասին, իսկ ավելի ճիշտ կոնֆլիկտ սարքելու և հանձնաժողովականներին սադրելու մասին։
-Ընտրական օրենսգրքում կա երկու հոդված, որը իշխանությունները ստեղծել են մեր դեմ ասում էր նա։ Այդպիսի հոդվածներից է 31-րդ հոդվածի 5-րդ կետը, որը սահմանում էր, որ Հանձնաժողովը կարող է դիտորդին հեռացնել ընտրատեղամասից, եթե վերջինս էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը։ Սաքունցին դուր չէր գալիս այս հոդվածը այն պատճառով, որ նա չէր կարողանալու ինչպես նախկինում մտնել ցանկացած տեղամաս և «կինո» սարքել, բղավել, ոստիկանի կանչել և այլն։ Այս հոդվածի շնորհիվ Սաքունցին հնարավոր կլիներ վռնդել տեղամասից, քանի որ նա կխանգառեր բնականոն ընթացքին։
Մյուս հոդվածը 32-ի երրորդ մասն էր, որը սահմանում էր, որ դիտորդը իրավունք չունի միջամտել հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, հանձնաժողովի անդամներին տալ ցուցումներ կամ ներկայացնել պահանջներ։
Համացանցում բազմաթիվ են տեսանյութեր, որտեղ կտեսնեք, թե ինչպես է Դանիելը կամ Սաքունցը, իրենց վերապահում են տեղամասում տարատեսակ ցուցումներ ու պահանջներ ներկայացնել հանձնաժողովին։ Այս հոդվածով նրանց այլևս արգելվում էր նաև դա անել, հակառակ դեպքում հանձնաժողովը կարող էր դուրս վռնդել նրանց տեղամասից։
Այս երկու հոդվածները ներկայացնելուց հետո Սաքունցը պատմեց, թե ինչպես դիտորդները կարող են շրջանցել այս կարգավորումները։
-Առաջինը ինչ կարող եք անել, ասում էր Սաքունցը, դա բղավելն է։ Եթե ձեզ ինչ որ բան դուր չի գալիս արխային բղավեք ընտրատեղամասի նախագահի վրա։ Ձայնի բարձրությունը չափելի չէ, կարող եք ասել, որ դա ձեր սովորական խոսելաձևն է։ Երկրորդը, քանի որ դիտորդը չի կարող միջամտել հանձնաժողովի աշխատանքին, կամ ցուցումներ տալ նրան, Սաքունցը առաջարկում էր «Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում» բանաձևը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այն ամենը ինչ ուզում է ասել դիտորդը, բայց իրավունք չունի, առջևից ավելացնել այդ արտահայտությունը։ Կստացվեր, որ նա ոչ թե միջամտել է այլ ընդամենը ուշադրությունն է հրավիրել։
Սաքունցի թրեինինգը աշխատեց 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին։ Մենք ունեցանք բազմաթիվ չկայացած երիտասարդների, ովքեր ընտրատեղամասում բղավում էին իրենց ծնողի տարիքի մարդկանց վրա, բղավում էին և ուշադրությունը հրավիրում։
Մի տեղամաս եմ հիշում, Էրեբունիում էր։ Մեզ զանգահարեց այնտեղի դիտորդ և հայտնեց, որ հանձնաժողովը իրենց դուրս է հանել տեղամասից։ Գնացինք այնտեղ, տեղում իրավիճակը հասկանալու համար։ Մտնում եմ տեղամաս, գտնում հանձնաժողովի նախագահին, ճաղատ մազերով 60 անց տարիքի տղամարդ է, շատ հարգալից և բանիմաց։ Մարդը պատմում է, թե ինչպես է մեր դիտորդը ամբողջ օրը բղավելով պահանջներ ներկայացնում։ Զրուցում եմ Դաշնակցության ու ԵԼՔ-ի վստահված անձերի հետ, նրանք հայտնում են, որ շատ նորմալ ընթացել է գործընթացը, հանձնաժողովը նորմալ է աշխատում։
ներողություն խնդրեցի հանձնաժողովականներից դիտորդի պահվածքի համար և խնդրեցի չհեռացնել նրան տեղամասից՝ խոստանալով, որ կխոսեմ նրա հետ։
Դիտորդը 19 տարեկան մի ակտիվիստ երիտասարդ էր, ով չուներ բարձրագույն կրթություն և չէր էլ սովորում ԲՈւՀ-ում։ Պատկերացրեք Վարդգես Գասպարիին, բայց 19 տարեկանի մարմնում։ Այդպիսի մի երիտասարդ էր։ Շատ խիստ խոսեցի նրա հետ, ասեցի, որ գնա ներողություն խնդրի հանձնաժողովից, նստի մի անկյունում ու հետևի ընտրությունների ընթացքին։
-Դու դիտորդ ես, քո գործը դիտարկելն է պրոցեսը և դրա մասին նշել քեզ հատկացված գրքույքում։ Քո գործը «ընտրողների քվեն պահելը չէ», դու նաև շատ ես, փոքրիկ մարդ որ իր վրա այդպիսի առաքելություն վերցնի։
Հ.Գ այս պատմություններից շատ լավ տեղեկացված են իմ նախկին գործընկերները, ում հետ միասին ենք աշխատել այդ տարիներին, այս նույն առաքելության շրջանակներում։ Չգիտեմ՝ այս անգամ համարձակություն կգտնեն իրենց մեջ և հրապարակային կխոսեն էս մասին թե ոչ։ Հուսով եմ գոնե իրենց մտքերում կգիտակցեն, որ այն ցանցը որում իրենք աշխատում են շատ հակապետական գործունեությամբ է զբաղված»։