Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխության սահմանադրականության հարցով պատգամավորների ներկայացրած դիմումի հիման վրա ՍԴ-ի կողմից կայացված որոշումը կեղծվել է

Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխության սահմանադրականության հարցով պատգամավորների ներկայացրած դիմումի հիման վրա ՍԴ-ի կողմից կայացված որոշումը կեղծվել է. դատավորների կողմից քվեարկվել և ընդունվել է՝ մեկ, սակայն կայքում տեղադրվել է բովանդակային առումով էապես փոփոխված այլ որոշում:

Վերջերս Սահմանադրական դատարանը կայացրեց ՍԴՈ-1590 որոշումը, որով Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ 5-րդը վիճարկում էին Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունների Սահմանադրականությունը (Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու հարցով):

Այդ որոշմամբ, Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը որոշում է կայացրել նշված փոփոխությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին:

Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Պետրոսյանը, Հ. Թովմասյանը ներկայացրել են հատուկ կարծիքներ, որոնցով անհամաձայնություն են հայտնել նշված որոշումների եզրափակիչ և բովանդակային մասերի առնչությամբ: Նշվածից բխում է, որ որոշմանը կողմ են քվեարկել նոր ընտրված դատավորները, ու մյուս շահառուները՝ Վ. Գրիգորյան, Ա. Դիլանյան:

Այստեղ տարօրինակը ոչ թե  այն հանգամանքն էր, թե ինչպես կարող են Սահմանադրական դատարանի դատավորները կայացնել ոչ օբյեկտիվ որոշում (նշված կազմից այլ ակնկալիք պետք չէր ունենալ), այլ այն, թե ինչպես հնարավոր է մի գործով կատարել այդքան ապօրինություններ և կայացնել գրագիտության հետ աղերս չունեցող որոշում: Ի վերջո, գրագիտություն ունենալու պարագայում ապօրինի որոշումը ևս հնարավոր էր գոնե ինչ-որ կերպ հիմնավորել:

Մասնավորապես, ներկայացված հատուկ կարծիքներից պարզ է դառնում, որ, տեղի են ունեցել ընթացակարգային ու նյութական առումով էական խախտումներ:

Մասնավորապես.

քննության ընդունելու հարցի ժամկետը հետաձգելիս հաղորդում ներկայացնող դատավոր Արման Դիլանյանը չի հիմնավորել հետաձգման անհրաժեշտությունը, իսկ հետագայում՝ չի ներկայացրել հաղորդում վարույթ ընդունելու հարցով, դիմումի ընդունելիության հարցի քննարկումը բազմիցս հետաձգվել է, գործով ներգրավվել են ոչ պատշաճ պատասխանողներ, անցել է դատաքննության ժամկետը, իսկ երկարաձգման որոշմամբ գոնե չեն ներկայացվել հարգելիության հիմնավորումներ,  ի սկզբանե դատաքննությունը նշանակվել է բանավոր, հետո՝ փոխվել գրավորի, հետո՝ կրկին բանավորի՝ առանց պատճառաբանության: Որոշ հարցերով ՍԴ դատավորներին չեն տրամադրվել ոչ միայն աշխատակարգային որոշումների նախագծերը, այլև դատավորները չեն ծանուցվել օրակարգի մասին, Սահմանադրական դատարանի աշխատակարգի 47-րդ կետով սահմանված ժամկետներում Սահմանադրական դատարանի դատավորներին Սահմանադրական դատարանի որոշման նախագիծ չի ուղարկվել, և այլն:

Ի սկզբանե գործը քննության է ընդունվել ամբողջությամբ, իսկ հետագայում՝ մասամբ կարճվել է (սահմանադրական փոփոխությունների բովանդակային հատվածով): Որպես հիմնավորում՝ նշվել է այն հանգամանքը,  որ այդ հատվածով ՍԴ-ն իրավասու չէր կայացնել որոշում: Այնինչ, նշված որոշմամբ հետագայում անդրադարձ է կատարվել այդ հարցերին, ինչը լիազորությունների վերազանցում է:  Որպես այդ լիազորության վերազանցման հարգելիության պատճառ՝ նշվել է հարգանքը դիմող սուբյեկտի՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այնինչ առհասարակ ՍԴ-ն անդրադարձ չի կատարել պատգամավորների վկայակոչած իրավական խնդիրներին, որից պարզ է դառնում, որ ՍԴ նպատակը այդ փոփոխությունների իրավաչափության արձանագրումն է եղել ապագայի համար և իշխանություններին հետագա քրեական պատասխանատվությունից ազատելը:

Մասնավորապես, ՍԴ-ն առանց որևէ հիմնավորման՝ արձանագրել է, թե որքան լավ նպատակ է հետապնդել և ինչ լավ արդյունքի են հանգեցրել Սահմանադրության այդ փոփոխությունները, առանց նույնիսկ ձևականորեն անդրադառնալու պատգամավորների բարձրացրած հարցերին՝ դատավորների անկախության համատեքստում, չի գնահատել այդ փոփոխությունների համաչափությունը: Այդ հարցերին անդրադարձը բովանդակային մասով իրավաչափությունը գնահատելիս պարտադիր էր:

Առանց հիմնավորման նշելով, որ անցումային դրույթները ԱԺ-ն կարող էր փոփոխել, այնուհետև արձանագրել է, որ այլևս այդ դրույթները փոփոխման ենթակա չեն՝ հակասելով ինքն իրեն: Ակնհայտ է, որ նշված արձանագրումն ուղղված էր իրենց իսկ պաշտոնավարումը ապահովագրելուն:

Լինելով Սահմանադրության գերակայության երաշխավոր՝ փնովել է նախնական վերահսկողության սահմանադրական դրույթը, ըստ երևույթին արդարացնելով ԱԺ վարքագիծը: Նշվել է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցով ԱԺ-ն պետք է դիմեր ՍԴ, բացառությամբ այն դեպքերի, երբ հարցը վերաբերում է ՍԴ դատավորներին: Հավելել է, որ նույնիսկ, եթե վերաբերում է ՍԴ դատավորներին, պարտավոր էին դիմել, եթե հարցը վերաբերում է Սահմանադրության անփոփոխելի դրույթներին, հիմնական իրավունքներին, ԱԺ լիազորություններին:

Նախ, սահմանադրական նշված նորմից հնարավոր չէր հանգել նման բացառությունների: Այդ մեկնաբանությամբ ՍԴ-ն իրեն նեգատիվ օրենսդրից վերածել է պոզիտիվ օրենսդրի: Բացի այդ, նույնիսկ իր իսկ սահմանած կանոններով ՍԴ-ն պարտավոր էր քննել դիմումը, քանի որ այդ հարցը վերաբերում էր երեք բացառություններին՝  առնչվում էր հիմնական իրավունքների, անփոփոխելի դրույթներին, մասնավորապես՝ իրավական պետության, ԱԺ լիազորությունների ավելացմանը:

Հենց այս ստանդարտների խնդրահարույց լինելու գիտակցմամբ է նաև հավանաբար Սահմանադրական դատարանը արդեն իսկ քվեարկված որոշումը փոփոխել՝ նվազեցնելով իր իսկ մշակած ստանդարտները՝ փորձելով ավելի գրագետ կերպով արդարացնել ՍԴ չդիմելու հանգամանքը: Բացի նշվածը, քվեարկված և հետագայում փոփոխված ու հրապարակված տեքստերի մեջ կան էական այլ տարբերություններ, ինչն արձանագրված է Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հատուկ կարծիքում:

Արձանագրելով, որ ՍԴ-ն իրեն վերաբերող հարցերում չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել, ուստի ԱԺ-ն չպետք է այդ հարցով դիմեր ՍԴ, ՍԴ-ն իր որոշման օրինականությունը դրել է հարցականի տակ. Չէ՞ որ նշված որոշումը առնչվում է նաև այս կազմի բոլոր անդամների շահերին: Հատուկ կարծիքում հանգամանալից հիմնավորված է, թե ինչու ՍԴ դատավորները նույնիսկ իրենց իսկ հարցով կարող են իրականացնել արդարադատություն: Ավելին, ՍԴ դատավորներից առնվազն երկուսը (Վահե  Գրիգորյան, Արթուր Վաղարշյան) հրապարակայնորեն արդարացրել են այդ փոփոխությունների օրինականությունը, ինչը բացարկի հիմք է, սակայն նրանք մասնակցել են այդ գործով որոշման կայացմանը:

Ինչ վերաբերում է Նախագահի լիազորության յուրացման հարցի մասով Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրականությանը, ապա այս մասով թերևս վկայակոչենք պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի կարծիքը, որը նշել է, որ մի հսկայական իրավաբանական կոնցեպցիա է քանդվել զուտ նրա համար, որ հիմնավորեն փոփոխությունների սահմանադրականությունը: Նա նշել է, որ դատական ակտն ունենում է նման որակի պատճառաբանություններ, երբ ՍԴ դատավորները քննում են իրենց իսկ սուբյեկտիվ շահերին վերաբերող հարցեր:

Այսպիսով, արձանագրենք, որ  Սահմանադրական դատարանի գրագիտության ու սկզբունքայնության նման բարձր նշաձողը հավելյալ ապացույցն է այն բանի, որ Սահմանադրական դատարանի բարեփոխման օրակարգը կեղծ էր ու տապալված:

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՍԴ այդ ապօրինությունների և գրագիտության հետ աղերս չունեցող որոշման մասին տեղեկացվել են Եվրոպական կառույցները և տարակուսել: Չի բացառվում նաև, որ այդ դրվագը արագացնի ՄԻԵԴ որոշման կայացումը:

 

Տեսանյութեր

Լրահոս