Անմեկնելի ԿԳՄՍՆ. ի՞նչ պայմաններում են հրաժարականներ գրել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի իշխանության ներկայացուցիչները
Այսօր ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ Գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը և ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերը։ Նախարարի ժ/պ-ի հետ հարց ու պատասխանի ժամանակ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը հարցրեց, թե ի՞նչ պայմաններում են Հոգաբարձուների խորհրդի իշխանության ներկայացուցիչները խորհուրդը լքելու դիմումներ գրել:
«Ձեր կողմից ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի այն անդամներին, ովքեր նշանակված են եղել ԿԳՄՍՆ-ի կողմից, կամ Կառավարության կողմից, դիմում գրելու և Հոգաբարձուների խորհրդի անդամության լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ, հորդոր, դիմում եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ այդ 11 անդամների դիմումները նույնաբովանդակ էին, և վարչապետին հասցեագրված դիմումները Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ծանուցվել են Ձեր խորհրդականի կողմից»,- հարցրեց Սողոմոնյանը:
Հարցին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը պնդեց, որ Կառավարության և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների վրա ճնշումներ չեն եղել, սակայն որոշումը քննարկվել է:
«Համարեք, որ, այո, գաղափարը, ասենք թե, իմն է եղել, որ ինչպե՞ս կարելի է նոր խորհուրդ ձևավորել, ասում եմ՝ համարեք: Որևիցե մեկի վրա ճնշում չի եղել, բայց ասել, որ… բոլորը հասկանալի է, էլի, հա, իհարկե, շատ զարմանալի է, որ նույն օրը նույն ժամին 11 հոգի գրում են, լավ, բա՞րդ է հասկանալ, որ, այո, քննարկում է եղել, այո, քննարկում է եղել, պարոն Սողոմոնյան, ի՞նչ կա զարմանալու, ցանկացած հարց, ցանկացած որոշում ընդհանրապես քննարկվում է ցանկացած կազմակերպությունում»,- հարցին անկեղծ պատասխանեց Դումանյանը:
Հիշեցնենք, որ 168.am-ը Հոգաբարձուների խորհդրի անդամների հրաժարականներ ներկայացնելու հաջորդող օրերին ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հարցրել էր, թե ո՞րն է պատճառը, որ նախարարության ներկայացուցիչները նման որոշում են կայացրել: Մեզ պատասխանել էին հետևյալը.
«Այստեղ նախարարությունը որևէ պատճառ չունի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում կայացնում, դա իրենց անհատական որոշումն է»:
Մեր ճշտող հարցին, թե նախարարի մամուլի խոսնակին հայտնի չէ՞ ԿԳՄՍ նախարարի տեղակալների՝ անդամակցությունից հրաժարվելու պատճառը, խոսնակն արձագանքել էր.
«Նախարարի տեղակալն այստեղ կապ չունի, այստեղ խոսում ենք Հոգաբարձուների խորհրդի անդամի մասին»:
Կարելի է ենթադրել, որ կա՛մ նախարարի խոսնակը տեղյակ չէ նախարարի քննարկումներից, կա՛մ ԿԳՄՍՆ-ում չեն համաձայնեցնում իրենց ասելիքը մինչև այն բարձրաձայնելը, արդյունքում ստացվում է, որ նախ Հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրն ինքն էր որոշում կայացրել, ապա որոշումը քննարկվել էր, և դիմումներն էլ նույնաբովանդակ էին եղել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին էլ իշխանության ներկայացուցիչների և 2 դասախոսների բացակայության պատճառով տապալվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր բուհի 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացվեր որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ: Այն ժամանակ էլ մեկնաբանել էին, թե նիստը տապալելու որոշում չի եղել, հոգաբարձուներն իրենք են որոշում՝ նիստին մասնակցե՞լ, թե՞ ոչ: