Տոկիո-2020. Ռինգ պետք է մտնել այնպես, ինչպես քո տուն ես մտնում. Կորյուն Սողոմոնյան
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի դեռևս մեկ բռնցքամարտիկ: Մասնակիցների ցանկը կարող է ավելանալ հաջորդ ամիս, երբ կկայանա վարկանիշային մրցաշարը, որը սկսվել էր նախորդ տարի, ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020»-ի այս շաբաթվա հերոսը բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն է: Նա ինչ-որ ժամանակ հեռացավ մեծ սպորտից, հետո վերադարձավ ու նվաճեց բաղձալի օլիմպիական ուղեգիրը: Սողոմոնյանը ծնվել է 1993 թվականին: Հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում և Տոկիոյի խաղերը նրա համար առաջինն են:
-Կորյուն, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել բռնցքամարտով:
-Բռնցքամարտով հետաքրքրված եմ եղել փոքր տարիքից, իսկ մարզումները սկսել եմ 6-7 տարեկանից: Այս մարզաձևով տարվեցի, քանի որ անձնական մարզիչս հայրս է, նա էլ ժամանակին մարզվել է բռնցքամարտով: Իմ կարծիքով, եթե տանը մեկը զբաղվում է այս մարզաձևով, ապա սերը դեպի այդ մարզաձևը անխուսափելի է: Երբ 13 տարեկան էի,նաև նկարչության էի գնում, սակայն համատեղել չստացվեց:
-Դուք տևական ժամանակ մեծ սպորտից հեռացել էիք, ինչո՞ւ:
-Մոտ երկու տարի չէի մարզվում: Մեծ սպորտից հեռացա ֆինանսական խնդիրների պատճառով: Հետո Հայաստանի ազգային ֆեդերացիայի կազմավորումից հետո մարզիչների, ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի առաջարկով նորից վերադարձա:
-Մարզիկների համար ժամանակի կորուստն առանց մարզումների մեծագույն թշնամին է: Ի՞նչ մարզավիճակում եք հիմա:
-Երբ նոր էի վերադարձել, իսկապես շատ դժվար էր: Մարզիկի կյանքը տարբերվում է նորմալ առօրյայից: Բայց անցավ մոտ մեկ տարի, և ես կարող եմ ասել, որ մարզավիճակ եմ ձեռք բերել:
-Կորյուն, Օլիմպիական խաղերը հետաձգվեց, այն բացասական թե՞ դրական էր ձեզ համար:
-Ինձ համար միանշանակ դրական էր: Սակայն վատ էր, որ համավարակն այսքան խառնեց ամեն ինչ: Ինձ հաջողվեց այս երկու տարվա բաց թողածը ինչ-որ չափով վերականգնել անցած մեկ տարում:
-Ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում Տոկիո:
-Օլիմպիական խաղերը ցանկացած մարզիկի համար առանձնահատուկ են: Այն վերջնական բարձրակետն է, որտեղ պետք է մասնակցես և ձգտես դառնալ մեդալակիր: Մեծ նպատակներով եմ մեկնելու Խաղերին և պետք է մեդալ նվաճեմ: Սակայն ավել- պակաս չեմ խոսի, կթողնեմ ամեն ինչ գործի վրա: Ավելի լավ է քիչ խոսել և գործով ապացուցել:
-Ի՞նչ կասեք ձեր մրցակիցների մասին և որքանո՞վ եք ծանոթ նրանց:
-Եթե անկեղծ՝ չեմ հետաքրքրվում նրանցով: Չեմ սիրում ուսումնասիրել նրանց, քանի որ կարևորում եմ ռինգում այդ մի քանի րոպեներին քո բռնցքամարտը թելադրելու գործընթացը: Մարզիկն այլ է մարզման ժամանակ և բացարձակ այլ` ռինգում:
-Ի՞նչն է կարևոր բռնցքամարտիկի համար ռինգում:
-Հանգստությունը: Ռինգ պետք է մտնել այնպես, ինչպես քո տուն ես մտնում: Լարվելու ոչ մի պատճառ չկա իրականում: Մրցելու ես նրա հետ, ով քո չափ հնարավորություններ ունի: Սակայն ռինգում ամեն ինչ կարող է փոխել մրցավարը: Մրցավարների կողմնապահությունը միշտ էլ եղել է:
-Կա՞ մի բռնցքամարտիկ, որն օրինակելի է ձեզ համար:
-Պատանեկան տարիքում շատ հետաքրքրված էի Արթուր Աբրահամով և Վիկ Դարչինյանով: Սակայն տարիքի հետ ամեն ինչ փոխվում է: Սովորում եմ դահլիճում նրանցից, ովքեր տարիքով մեծ են, մեծ փորձ ունեն:
-Հայ բռնցքամարտիկները վերջին տարիներին սիրողական բռնցքամարտից անցնում են պրոֆեսիոնալի: Մտածո՞ւմ եք դուք այդ մասին:
-Այդ մասին կմտածեմ Օլիմպիական խաղերից հետո, և ամեն ինչ կախված կլինի նրանից՝ մեդալ կլինի՞, թե ոչ:
-Եվ մի քանի բլից հարցեր. Թոմը, թե Ջերին:
-Ջերին:
-Գիրք, թե ֆիլմ:
-Ֆիլմ:
-Պիցցա, թե պաղպաղակ:
-Պիցցա:
-Սուրճ, թե թեյ:
-Սուրճ:
-Ալի, թե Թայսոն:
-Ալի:
-Դոլմա, թե խորոված:
-Դոլմա:
-Նարդի, թե շախմատ:
-Բլոտ (ծիծաղում է):
– Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 73 օր:
Նախագծի հեղինակ Վարվառա Հայրապետյան