«Դա սառը ցնցուղ էր և ցցուն օրինակ, որ մեզ պետք է այլ բանակցող». Նաիրա Կարապետյան

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարությունը սառը ցնցուղ էր, և ընդամենը ապրիլի 13-ին արված նախորդ հայտարարության մեջ օգտագործվում էր ռազմագերիներ տերմինը: Միջազգային իրավունքի նորմի տարբեր ասպեկտներ են ազդում ռազմագերիների, կալանավորվածների և դատապարտյալների վրա: Իրավաբանները ավելի ստույգ կպատասխանեն՝ տարբերությունն ինչումն է, բայց եթե անգամ միջազգային փաստաթղթերում նրանք որակվում են՝ ոչ որպես ռազմագերիներ, վերադարձը գնալով բարդանում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ ասվում էր. «ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն է տարածում, որտեղ համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»:

Նաիրա Կարապետյանը ընդգծեց. «Ամենևին պետք չէ հույսը կտրել, բայց սա ցցուն օրինակ է, որ մեզ պետք է այլ բանակցող, մեզ պետք է այլ իշխանություն և այլ մոտեցում՝ գոնե այդ մարդկանց կյանքը փրկելու համար: Խոշտանգված և սպանված մեր 19 քաղաքացիները, որոնց մեջ կային կանայք և քաղաքացիական անձինք, Ադրբեջանի անպատժելիության շարունակությունն է: Միջազգային տարբեր կառույցներ բազմիցս կոչով դիմում են և հորդորում են Ադրբեջանին վերադարձնել, սակայն, այստեղ պետք են սանկցիաներ: Մեր դիվանագիտական աշխատանքը պետք է ուղղված լինի ոչ թե հայտարարությունների և կոչերի, որոնք Ադրբեջանի դեպքում չեն ազդում, այլ պետք է կիրառվեն կոնկրետ սանկցիաներ: Թուրքիան և Ադրբեջանը ռազմական հանցագործներ են, մինչև օրս շարունակում են այդ հանցագործությունները կատարել: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է արդեն իսկ այն, որ մենք չունենք ռազմագերիների մասին տեղեկություններ, չունենք նրանց պահման վայրերի մասին տեղեկություններ, անուն-ազգանունները չունենք ցուցակով՝ վերջնական հստակեցված, դրա հետ մեկտեղ՝ արդեն խոշտանգվում և սպանվում են մարդիկ»:

Նաիրա Կարապետյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից գերիների վերադարձը առաջնահերթություն չի եղել. «Իրենց իսկ PR-ի համար լավ կլիներ, որ վերադառնային մեր ռազմագերիները, բայց առաջնահերթության խնդիր է եղել, առաջնահերթ այլ հարցերով և այլ փաստաթղթերով են զբաղվել»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, երեկ խորհրդարանում բղավում էր և դարձյալ նախկին իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնում, ասում, որ կապիտուլյանտը նախկին իշխանություններն են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր Ադրբեջանին տալ ոչ միայն 7 շրջանները, այլև Արցախի կեսը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է, և այլն. Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն ո՞ւմ էին ուղղված, հանրության ո՞ր շերտին, և դրանց ո՞ր տոկոսն աղերս ուներ իրականության և ճշմարտության հետ, նա պատասխանեց.

«Իրականության հետ որևէ աղերս, բնականաբար, չկար: Մի քիչ վիրավորական է նման ցնդաբանությունը մեկնաբանելը, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը մտել է նախընտրական փուլ՝ հերթական անգամ խախտելով և բռնաբարելով Սահմանադրությունը, քանի որ ԱԺ-ն դեռ արձակված չէ: Մենք արդեն նախընտրական պաստառներ ենք տեսնում քաղաքում: Փաշինյանի երեկվա հայտարարությունները ինձ վիրավորեցին. վիրավորեցին այն բանի համար, որ նա հայ ժողովրդի մասին այդպիսի ցածր կարծիք ունի: Անգամ այն ընտրազանգվածը, ովքեր, Փաշինյանի բառերով ասած՝ տենչում էին պատերի տակ նախկինների գնդակահարումը տեսնել, անգամ այդ մարդիկ տեսնում են, որ կապիտուլյացիոն փաստաթղթի տակ դրված է Նիկոլի ստորագրությունը: Որևէ լրջություն, որևէ քաղաքական մոտեցում չկա: Անգամ այն մարդիկ, ովքեր հավատացել և գնացել են Նիկոլի հետևից կամ ովքեր ուզում են, որ նա վերընտրվի, անգամ նրանց համար է դա վիրավորական: Նրանք տեսնում են՝ փաստաթուղթը ով է ստորագրել»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ Ալիևն է Փաշինյանին այդպես խեղաթյուրված ներկայացրել բանակցային գործընթացը, քանի որ նա արցախյան բանակցությունների մասին տեղեկացել էր ոչ թե Հայաստանի Առաջին, Երկրորդ և Երրորդ նախագահներից, այլ Իլհամ Ալիևից, որին համարում էր կիրթ և կառուցողական, նա այսպես պատասխանեց. «Իհարկե, սկզբից նա ծանոթացել է Ալիևի տարբերակին և սկսել է իր սեփական կետից: Ես փորձում եմ հիմա լուրջ խոսել, քանի որ դա միայն ծիծաղ է առաջացնում: Եթե երեք տարվա ընթացքում մեր արտաքին գերատեսչության հմուտ և արհեստավարժ աշխատակիցները՝ մարդիկ, ովքեր անկախ կառավարության և իշխանության փոփոխություններից՝ վարել են գիծը, չեն կարողացել հասցնել Նիկոլ Փաշինյանին, որ Ալիևը այդքան էլ կիրթ ու կառուցողական չէ, Ալիևը մոլորության մեջ է մտցնում հայկական կողմին… Հավատացեք՝ բացի Նիկոլ Փաշինյանից, եղել են նաև այլ բանակցողներ այդ սեղանի շուրջ, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին իմանալ՝ ինչ է ասում Ալիևը ճիշտ և ինչ է ասում սխալ: Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ Նիկոլը թույլ չի տվել նրանց արտահայտվել և ներկայացնել իրականությունը, և այս պարագայում նա միանշանակ պետք է հեռանա, որովհետև թշնամաբար է մոտեցել Հայաստանի հանդեպ: Երկրորդ տարբերակը, որ նրանք բոլորով են հավատում, որ Ալիևը ճիշտ է. այստեղ, առավել ևս, պետք է հեռանա»:

Անդրադառնալով Փաշինյանի և նրա թիմի՝ ոչ պաշտոնական «ապագա կա» կարգախոսին, նա հետևյալն ասաց. «Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանն անգամ անցյալ չունեցավ: Նրա հետ ապագա կապող մարդիկ կամ անուղղելի լավատեսներ են, կամ, մեղմ արտահայտվեմ՝ նրա ընտրազանգվածն են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս