Բաժիններ՝

Հայաստանում 35 տարեկանից հետո ինչո՞ւ աշխատանք չեն գտնում․սոցիոլոգը՝ պատճառների մասին

Հայաստանում 35 տարեկանից հետո դժվարությամբ աշխատանք գտնելը կամ չգտնելն ունի տարիների պատմություն ու, կարծես թե լուծման տարբերակներն էլ են քիչ։ Չգրված օրենքներով՝ գործատուները փնտրում են երիտասարդ, բարետես աշխատակիցների, սակայն, ըստ տրամաբանության՝ պետք է փնտրեին պարզապես իրենց աշխատանքը ճիշտ և որակով կատարող մասնագետների։

60-ամյա Վահրամ Կարազյանը, ով ինժեներ-էլեկտրիկ է, մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի տարի է՝ աշխատանք չի կարողանում գտնել։

«Էլեկտրիկի գործ եմ արել որոշ ժամանակ։ Սակայն մինչև ԽՍՀՄ փլուզումն աշխատել եմ Մերգելյան ինստիտուտում։ 2013-14 թթ․ վերջին իմ աշխատանքային վայրը եղել է «Գրանդ Քենդին»։ Դրանից հետո ժամանակավոր տարբեր աշխատանքներ եմ կատարել, սակայն ոչ մի տեղ չեն գրանցել։ Երիտասարդ ժամանակ զբաղվել եմ ռադիոսարքերի նորոգումով, հիմա կարող եմ էլեկտրական սարքերի նորոգումով զբաղվել, ինչի համար տեղ է պետք։ Ուր դիմում եմ՝ մերժում են։ Հիմա օդի մեջ կախված վիճակում եմ»,- նշեց Վահրամը։

36-ամյա Նարեկը, ով ունի իրավաբանի մասնագիտություն, բուհում լավ է սովորել, բայց ասում է՝ եթե աշխատանքի ընդունում են, ապա միայն աղջիկների, իսկ ինքը ստիպված այլ ոլորտում է աշխատում։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ այս իրավիճակն ամբողջ աշխարհում է տարածված։

«Սա համաշխարհային տենդենց է։ Խնդիրը ոչ թե այն առանձնահատկություններն են, որոնցով օժտված է հայկական շուկան, այլ դա համաշխարհային տենդենց է։ Գործատուներն ուղղակի նախընտրություն են կատարում՝ իրենց կարծիքով, ելնելով շուկայի պահանջից։ Մոտ երկու տարի առաջ փորձ կատարեցի, իմ ինքնակենսագրականը՝ առանց նկարի, ուղարկեցի 30 տեղ, ոչ մի արձագանք։ Ընդ որում՝ նշել էի մարքետինգի ոլորտը։ Այստեղ ուրիշ խնդիր էլ կա։ Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները, այն մարդիկ, ովքեր ստանում են հիմնականում ինքնակենսագրականները, 19-23 տարեկան աղջիկներ են, որոնց մոտ հոգեբանորեն նստած է սա՝ վաթսո՞ւն, պապիկիցս մեծ է։ Խնդիրը հենց այդտեղ է։ Մարդը, ով առաջին ֆիլտրացիան է անում՝ սխալ է ընտրված։ Իսկ գործատուն հաստատ 35-60 տարեկան է, ու նրա համար դա նորմալ տարիք է, բայց քանի որ նայողը հիմնականում դատարկագլուխ է, ոչ մի բանի չի նայում՝ բացի տարիքից։ Դրա համար, օրինակ, Կանադայում արգելված է նշել սեռը, տարիքը, իրավունք չունես նաև կրոնը նշել, նկար ուղարկել։ Մեզ մոտ նկարը ուղարկելու մոդան չգիտեմ՝ ով է առաջ բերել»,- նշեց սոցիոլոգը։

Կարեն Սարգսյանն ընդգծեց՝ կա նաև խնդրի մյուս տեսանկյունը․ երիտասարդներին ավելի քիչ են աշխատավարձ վճարում։

«Երիտասարդների աշխատավարձն ավելի քիչ է լինում, նրանք ավելի քիչ պայմաններ են առաջ քաշում աշխատանքի ընդունվելուց առաջ։ Իսկ օրինակ՝ ինժեներ-մեխանիկի համար բարդ է աշխատանք գտնելը, որովհետև նրանց մասնագիտությունը պահանջում է գործարանների առկայություն, հետևաբար՝ պետք է վերաորակավորվի, գնա նոր մասնագիտություն ձեռք բերի։ 30 տարի առաջ նա պետք է մտածեր, երբ փակվեց իր գործարանը։ Պարտադիր չէ, որ մարդը ստանա ինչ-որ դիպլոմ ու դրանով աշխատի։ Պետք է փորձի հարմարվել նաև շուկայի պահանջներին, որովհետև շուկայի պահանջներին հարմարվելով՝ դու կարողանում ես շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալ։ Նույն 35 տարեկանից բարձր մարդկանց 99 տոկոսը ոչ մի լեզվով չի խոսում, ավելին, հայերենն էլ են սխալ խոսում, էլ չեմ՝ ասում գրավոր խոսքը։ Հաճախ նաև ասում են՝ ես սա չեմ անի, այն չեմ անի։ Շատ բարդ է նաև այլ մասնագիտությամբ սովորելն ու այլ ոլորտում աշխատելը։ Սովորում ես, սեր ես ձեռք բերում դեպի մասնագիտությունը, սակայն ավարտում և տեսնում ես, որ պետք չէ։ ԵՊՀ-ն տարեկան 1800 միջազգային հարաբերությունների մասնագետ է ավարտում։ Ո՞ւմ են հետո նրանք անհրաժեշտ լինելու, չէ՞ որ պետք է փորձ ձեռք բերեն»,- եզրափակեց սոցիոլոգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս