Բաժիններ՝

Իշխանությունները դանդաղ են աշխատում, մինչդեռ ժամանակը և թշնամին չեն սպասում. Պղնձաձուլարանը վերագործարկելու մետալուրգի առաջարկը դեռ «օդում կախված» է

«Հայաստանը՝ որպես պղնձի պաշարներով հարուստ երկիր, հետաքրքրություն է առաջացնում այդ ոլորտում ներդրումներ անելու հարցում հետաքրքրված երկրների ու պետությունների շրջանում»,- ապրիլի 19-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկումներն անընդհատ հանգեցնում են այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, կոմունիկացիաներն այս հարցում իսկապես կարևոր են:

Ինժեներ, մետալուրգ Գագիկ Շոլինյանը, ով երկար տարիներ աշխատել է Ալավերդու պղնձաձուլական գործարանում՝ մեզ հետ զրույցում անդրադառնում է նախկինում պղնձաձուլարանի աշխատանքին, հետագայում առաջացած խնդիրներին ու լուծման իր տարբերակներին։

 – Պարոն Շոլինյան, տեղյակ եմ, որ դեռևս երիտասարդ տարիքից սկսել եք աշխատել պղնձաձուլարանում։ Ի՞նչ խնդիրներ էին դրված Ձեր առջև և ինչպե՞ս եք լուծել։

– Պղնձաձուլարանում կամ, ավելի ճիշտ, Ալավերդու ԼՄԿ-ում սկսել եմ աշխատել դպրոցից հետո, երբ բուհի ընդունելության մրցույթից դուրս մնացի: Խորհրդային բանակում ծառայելուց հետո կոմբինատից, իրենց կրթաթոշակով, գործուղվել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Լեռնամետալուրգիական ֆակուլտետում սովորելու: 1985թ․ ստացել եմ ինժեներ-մետալուրգի որակավորում։ Տարբեր՝ և՛ կոմբինատում, և՛ իրավահաջորդ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ում աշխատելու տարիներին լուծել եմ մի շարք պրոբլեմատիկ խնդիրներ: Պղնձարջասպի արտադրամասի արդեն կառուցված չորացնող խողովակի տեղամասը չէին կարողանում գործարկել ոչ նախագծի հեղինակները Սվերդլովսկի ԳՀԻ-ից, ոչ էլ կոմբինատի գլխավոր մասնագետները: Երբ դրված էր արդեն կառուցված տեղամասից հրաժարվելու հարցը, այդ աշխատանքը հանձնարարվեց ինձ: Կարգավորեցի, նախագծային սխալներն ուղղեցի մեկ շաբաթվա ընթացքում: Անկախացման ժամանակ դադարեցվեց կոմբինատի աշխատանքը: 1997թ․ փորձ արվեց փոքր արտադրողականությամբ գործարկել պղնձաձուլարանը:

Մի քանի ամիս կառուցված մետալուրգիական ագրեգատները չէին կարողանում բերել նորմալ աշխատանքային ռեժիմի: 1998թ․ հունվարից ինձ հրավիրեցին մասնակցել աշխատանքներին։

Եղած տեխնիկական սխալների անմիջական կարգավորողը եղել եմ ես: 1998-2011թթ․ ընթացքում գործարանում քննարկվել է միայն երկու տեխնիկական առաջարկ, երկուսն էլ ներկայացրել եմ ես, երկուսն էլ քննարկումից հետո ընդունվել է: 1998թ․ վառարանի մասին իմ առաջարկն իմ համառության շնորհիվ հաջողվեց կիրառել 2004թ․, և վառարանն աշխատեց նախկին ԽՍՀՄ-ի տարածքում մինչև հիմա չգերազանցված ժամկետով, մինչ այդ եղած 1 տարվա փոխարեն՝ 2 տարի 10 ամիս, իսկ 2009թ․ ֆիրմայի գիտահետազոտական ինստիտուտ գործուղվելով՝ իմ առաջարկած բաղադրությամբ և անմիջական մասնակցությամբ օգտագործված և հետագա օգտագործման համար ոչ պիտանի հրակայուն աղյուսից ստացանք հրակայուն բետոն, որի կիրառումը կարող էր տալ շատ մեծ տնտեսական օգուտ (հրակայուն բետոնը կիրառվում է շատ հաջողված ֆիրմաներում), բայց անհասկանալիորեն այն լայնածավալ կիրառելու հնարավորություն ինձ չտրվեց: Ի դեպ, փորձերի մասնակիցները բոլորը պարգևատրվեցին, բացի ինձնից։ Այս կարգի հարցերի հետևանքով 2011-2015թթ․ տեղափոխվել և աշխատել եմ Երևանի «Արմենիան Մոլիբդեն պրոդաքշըն» գործարանում, իսկ 2016-2019թթ․ տեղափոխվել եմ ՌԴ, 6 ամսում ստացել ՌԴ քաղաքացիություն, Չելյաբինսկում տեղի ֆիրմայի պատվերով իրենց նյութերից հաջողությամբ մշակել եմ հրակայուն բետոնի բաղադրություններ:

2019թ․ վերջին, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցումից մեկ տարի անց համաքաղաքացիների մի մասի խնդրանք-առաջարկով վերադարձել եմ Հայաստան` նպաստելու պղնձաձուլարանի աշխատանքների վերականգնմանը:

Մինչև Հայաստան վերադառնալս իմ տեխնիկական առաջարկն ուղարկել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ հիմնավորելով աշխատանքների դադարեցման ոչ ճիշտ լինելը, քանի որ եղած արտադրական սխալները կարելի էր ընթացքում կարգավորել:

– ԽՍՀՄ տարիներին ինչպե՞ս էր աշխատում պղնձաձուլարանը, քանի՞ աշխատող կար։

– ԽՍՀՄ տարիների միութենական նշանակության այս գործարանում աշխատում էր շուրջ 4500 աշխատակից, մոտ 25․000 բնակչություն ունեցող քաղաքի համար դա զգալի թիվ էր: Գործարանն իր տեսակի մեջ եզակի էր այն իմաստով, որ տեխնոլոգիական ցիկլի մեջ ընդգրկված էր պղնձի ստացման ամբողջ պրոցեսը` սև պղնձի ստացում, սև պղնձի էլեկտրոլիտիկ ռաֆինացում, ծծմբական թթվի ստացում, պղնձարջասպի արտադրություն (այդտեղ չորացնող խողովակի գործարկումից հետո ամբողջ արտադրանքը արտահանվում էր): Կոմբինատի արտադրած պղնձով էին աշխատում Երևանի և Կամոյի կաբելի գործարանները:

Բուն մետալուրգիական արտադրություններում աշխատանքը պատկանում է վնասակար պայմաններ ունեցող աշխատանքների դասին. այդ խմբի մեջ մտնող աշխատակիցները թոշակավորվում էին տասը տարի շուտ, ստանում բարձր սոցիալական թոշակ: Կոմբինատի միջոցներով քաղաքում կառուցվել է ճոպանուղի, որը հիմա չի աշխատում, սպասարկվում էր քաղաքային ստադիոնը, որը հիմա բարձիթողի վիճակում է, ֆինանսավորվում էր ֆուտբոլային «Մետալուրգ» ակումբը, որը հիմա չկա, ՀՀ և ՌԴ բուհեր ուսանելու էին գործուղվում երիտասարդ աշխատակիցները: Ասել, որ արտադրությունը իդեալական էր, ճիշտ չէր լինի, բայց կար ընտրված, տարին տարվա վրա աշխատանքների լավացման ուղղվածություն, որը տեսանելի էր:

– Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018թ հոկտեմբերից կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով դադարեցրել է աշխատանքը, քանի որ ստուգումներ էին անցկացվել գործարանում ու պահանջել էին կրճատել ծծմբի դիօքսիդի արտանետումները։ Մաքուր պղնձի արտադրությունը վերականգնելու համար նոր տեխնոլոգիաներ են հարկավոր։ Մինչդեռ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարել էր, որ գործարանի ունեցած տեխնոլոգիաներով հնարավոր չէ աշխատել առանց արտանետումների։ Բնապահպանական ստեղծված վիճակի համար, ըստ Ձեզ, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր, կամ գուցե եղած սարքավորումները չթարմացնելու պատճառո՞վ է, որ վերջում հանգեցինք նման վերջաբանի։

– Մոտ 20 տարի գործարանը շահագործել է ծնունդով ալավերդցի, ռուսաստանաբնակ նույն գործարարը: Տեխնոլոգիական իմաստով այդ տարիների ընթացքում առաջընթացին նպաստող ոչինչ չէր արվել, մինչդեռ 1997թ․ վերագործարկման ժամանակ այդ պահի համար ընդունված արտադրական սխեման դիտվել էր՝ որպես ժամանակավոր լուծում: Եթե, ինչպես վերը նշեցի, զարգացում ենթադրող արտադրությունում 1998-2011թթ․ քննարկվել է միայն երկու տեխնիկական առաջարկ, երկուսն էլ՝ իմը, որոնք ես հաջողությամբ պաշտպանել եմ։ Պարզ էր, որ տարբեր պատճառաբանություններով գործարանատերը զարգացման հետ կապված ներդրումներ չէր անում, իհարկե, գործող իշխանությունների լուռ համաձայնությամբ: Այդ ամենին գումարեք տիրող ցածր արտադրական կուլտուրան, որի շնորհիվ գործարանի տեխնիկական ուղղության պատասխանատու աշխատակիցները կատարել են տարրական տեխնոլոգիական սխալներ, արհեստականորեն ավելացնելով շրջակա միջավայրի գազոտվածությունը: Գործարանատերը կարող էր «տանիքներով տեղավորված» իր անհաջող աշխատակիցներից ազատվելով՝ առողջացնել արտադրությունը, բայց նա գնաց արտադրությունը փակելու որոշմանը։ Կա՞ր այդ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել:

– Ի՞նչ կարող ենք անել ստեղծված իրավիճակում՝ պղնձաձուլարանը վերագործարկե՞լ, թե՞ նորը կառուցել։

– Յուրաքանչյուր արտադրություն ունի իր սպեցիֆիկան: Եթե խնդրին նայենք ժամանակի և ծախսատարության տեսանկյունից, ապա նույն տեղում վերագործարկումն ամենահարմար տարբերակն է: Ըստ իմ առաջարկի` ապագա մեծ գործարան կառուցելու համար ունակ աշխատանքային թիմ և կոլեկտիվ ունենալու համար անհրաժեշտ է փոքր արտադրողականությամբ վերագործարկել նույն տեղում՝ չկատարելով նախկին սխալները: Մոտ 3 ամիս ժամանակ՝ վերագործարկման համար 3 մլն դոլար ներդրումով։

Ընդ որում, իմ տեխնոլոգիական լուծումների համար ես գումարի խնդիր չեմ դնում, միակ պայմանս է` իմ պատասխանատվությամբ և աշխատանքների իրականացման համար ինձ խանգարող չպետք է լինի: Այստեղ չի մտնում ՎՏԲ-Հայաստան բանկից այն ձեռք բերելու ծախսը: Չնայած նախնական փուլում բանկի հետ կարելի է ստեղծել ԲԲԸ՝ որևէ գործարարի կամ պետության մասնակցությամբ: Եթե խնդրին նայենք նորը կառուցելու տեսանկյունից, այն կտևի 3-5 տարի, կպահանջվի 400-500 միլիոն դոլարի ներդրում: Դեռ հարց է, թե ինչքանով է երկրի համար այս անկայուն վիճակում ՀՀ-ն գրավիչ պոտենցիալ ներդրողի համար: Այս մի տարբերակը կարող է գրավիչ լինել ներդրում բերող գործարարի և որոշ պետական պաշտոնյաների համար՝ մեծ «լվացքի» մասնակից լինելու իմաստով:

– Ալավերդու բնակիչներն աշխատում էին պղնձաձուլարանում, և հիմա, փաստացի մի մասն անգործ է։ Ինչպե՞ս են կարողանում հոգալ իրենց հոգսերը։ Դուք ինչո՞վ եք զբաղվում։

– Ալավերդին արդյունաբերական քաղաք էր, սա ասում եմ այն իմաստով, որ տեղի բնակիչներին հատուկ չէր խոպան գնալը: Ներկա պահին փաստացի ապրում է 10․000-12․000 բնակիչ: Բնակչության մի մասն աշխատում է Թեղուտում, Ախթալայում, Սյունիքում, մյուս մասը հեռացել է արտագնա աշխատանքի, Երևան, ՌԴ, Եվրոպա, Ամերիկա, ով որտեղ կարողացել է եկամուտի աղբյուր գտնել: Դրսում գտնվողներից շատերն են ինձ ասել, որ գործարանի վերագործարկման դեպքում պատրաստ են վերադառնալ, քանի որ հավատում են, որ ես կկարողանամ ճիշտ ելք գտնել: Ի՞նչ եմ անում ես։ Պատկերավոր ասած՝ իսկ ի՞նչ է անում մարզիկը սպասվելիք մրցաշարից առաջ։ Մարզվում է՝ լավ ցուցանիշներ ցույց տալու համար: Այս պահին ես (1 տարուց ավելի) պատրաստվում եմ պղնձի արտադրության վերականգնման աշխատանքների իմ առաջարկի իրականացմանը, եթե, իհարկե, այն ընդունվի: Իշխանությունները դանդաղ են աշխատում, մինչդեռ ժամանակը և թշնամին չեն սպասում. տնտեսությունը պետք է զարգացնել: ՌԴ-ից գալու ժամանակ ինձ ասել են՝ եթե ինչ-որ բան հարմար չլինի, կարող ես վերադառնալ, քո համար աշխատատեղ միշտ կա:

– Կրկին ուղեղների արտահոսք․․․։

– Մասնագետը (խոսքը վերաբերվում է բոլոր բնագավառներին) պետք է իր փորձը և գիտելիքները ներդրելու հնարավորություն ունենա։ Չեմ կարծում, որ այս պարագայում ես խնդրողի դերում եմ, հիմա չեն անի, 5 տարի հետո դրսից մեծ ծախսերով կբերեն և՛ մասնագետներ, և՛ շարքային աշխատողներ, քանի որ հալված մետաղի հետ աշխատելը հատուկ հմտություն է պահանջում: Իմ մասնագիտությամբ, հիմա ենթադրում եմ, որ քիչ են դիմում սովորելու, քանի որ պոտենցիալ դիմորդը պետք է համոզված լինի, որ մասնագիտությամբ կարող է աշխատանք գտնել։ Պոլիտեխնիկի քիմիական ֆակուլտետից հետո քիմիան այս մասնագիտությամբ են ամենաշատն ուսումնասիրում։ Որդիս էլ է այս մասնագիտությամբ սովորել, աշխատում էր Անօրգանական քիմիայի ինստիտուտի մետալուրգիայի լաբորատորիայում, սակայն ցածր աշխատավարձի պատճառով դիսերտացիան կիսատ թողեց, տեղափոխվեց Թեղուտ: Գիտությունն և արտադրությունն առանձին գոյություն ունենալ չեն կարող՝ որպես պատվիրատու և կատարող իմաստով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս