ՀԱՊԿ-ն ողջունել է Բիշքեկի և Դուշանբեի պայմանավորվածությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է սահմանի վրա իրադրության կարգավորման շուրջ Ղրղզստանի և Տաջիկստանի ձեռք բերած պայմանավորվածությունները: Այդ մասին մայիսի 4-ին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ-ում ողջունում են պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ ղրղզա-տաջիկական սահմանի վրա բախումների դադարեցման շուրջ, զինվորական լրացուցիչ ստորաբաժանումների հետքաշումը մարտական տեխնիկայի հետ և կողմերի ձգտումը՝ կարգավորելու սահմանային վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների ոգով, որն ընկած է Կազմակերպության գործունեության հիմքում»,-ասվում է մայիսի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:
Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև տևել է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի և ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: Ներկայում իրադրությունը սահմանի վրա կայուն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: