Ասում եք՝ աշխատատեղերն ավելացե՞լ են, իսկ աշխատավարձերը՝ բարձրացե՞լ
Իշխանությունները քափ ու քրտինք կտրած փորձում են համոզել, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնվել է։ Եվ ոչ միայն տնտեսությունն է վերականգնվել, այլև առևտրի շրջանառությունն է կտրուկ աճել։ Նույնիսկ աշխատատեղերն են ավելացել ու աշխատավարձերը՝ բարձրացել։
Տպավորություն է, որ ամեն ինչ շատ լավ է։ Միայն թե մարդիկ դա չեն տեսնում ու չեն զգում իրենց վրա։
Հակառակը՝ տեսնում են երկրում աղքատության խորացում, սոցիալական վիճակի վատացում, եկամուտների կրճատում, ծախսերի ավելացում։ Աշխատելու տեղ չկա, ու շատերը ստիպված են բռնել արտագաղթի ճանապարհը։
Ասում եք՝ աշխատատեղերն ավելացել են, իսկ աշխատավարձերը բարձրացել են՝ անգամ ավելի շատ, քան գնաճն է։ Իբր ուզում եք ցույց տալ, թե մարդիկ սկսել են լավ ապրել։ Բա ինչո՞ւ չեք խոսում այն 500-600 հազար թոշակառուների ու նպաստառուների մասին, որոնց ոչ թոշակն է ավելացել, ոչ նպաստը, բայց գները բոլ ու բոլ բարձրացել են։ Իսկ այն 200 հազար գործազուրկնե՞րը, որոնք ոչ աշխատանք ունեն, և ոչ էլ եկամուտ։ Գնաճն էլ մի կողմից է խեղդում։
Միայն ձեր ուզածն եք տեսնում ու ձեր սիրած երգը երգում։ Այն էլ դեռ հարց է՝ այդպե՞ս է, թե՞ չէ։
«Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել, և, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել»,- կառավարության նախորդ նիստը սկսելուց առաջ հայտարարեց վարչապետը։
Մինչ այդ՝ Պետեկամուտների կոմիտեն արդեն նախապատրաստել էր վարչապետի հերթական բեմելը։ Ամփոփելով եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալները՝ հաղորդել էին, որ մարտին Հայաստանում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի ավելացում։
Ըստ ՊԵԿ-ի, անցած տարվա մարտին եկամուտ հայտարարագրած աշխատատեղերի թվաքանակը Հայաստանում կազմել էր շուրջ 620 հազար, այս տարվա մարտին կազմել է 622,5 հազար։
Այսինքն՝ ունեցել ենք վճարովի աշխատատեղերի ավելացում՝ 2,5 հազարի չափով։
Իրականում, իհարկե, դժվար է հավատալ այս թվերին, որովհետև անցած տարի էլ բոլորովին այլ ցուցանիշ էին հայտարարում մարտի վճարովի աշխատատեղերի վերաբերյալ։ Դրանցից մեկով, որը, ի դեպ, որպես պաշտոնական տեղեկատվություն՝ տրամադրվել էր լրատվամիջոցներից մեկին, մարտին վճարովի աշխատատեղերը եղել էին 621 հազար 544-ը։
Եթե համարենք, որ դա ճիշտ էր, ապա կստացվի, որ այս տարի եկամուտ հայտարարագրած աշխատողների թիվն ավելացել է ոչ թե՝ 2,5 հազարով, այլ լավագույն դեպքում՝ 1000-ով։ Դեռ չհաշված՝ թե դրանց ո՞ր մասն են եղել նոր աշխատատեղեր, կամ նույնիսկ այդպիսիք եղե՞լ են, թե՞ ոչ։
Նոր աշխատատեղեր Հայաստանում շատ քիչ են ստեղծվում։ Անգամ ճգնաժամից առաջ կամ «լավ» ժամանակներում, որի մասին այդքան շատ են սիրում հիշատակել իշխանությունները, նոր աշխատատեղեր Հայաստանում գրեթե չէին ստեղծվում։ Դրանք հիմնականում ստվերային աշխատատեղեր էին, որոնք այսօր էլ կան, ու որոնց հաշվին ավելանում են ոչ թե իրական աշխատատեղերը, այլ աշխատատեղերի թվերը։ Դրանք աշխատողին ոչինչ չեն տալիս։
Բայց սա էլ մի կողմ թողնենք։
ՊԵԿ-ից բացի՝ կա պաշտոնական վիճակագրություն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020թ. դեկտեմբերին Հայաստանում եղել շուրջ 637,4 հազար աշխատատեղ։ Այս տարվա հունվարին մնացել է 610,4 հազարը։
Փետրվարին պաշտոնական վիճակագրությունը 622,3 հազար աշխատատեղ է արձանագրել՝ 15 հազարով պակաս, քան անցած տարվա վերջին էր։
Այսինքն՝ տարվա առաջին 2 ամիսներին 15 հազար մարդ զրկվել է աշխատանքից։
Ոչ մի նշանակություն չունի, թե ինչ դեր ունի այստեղ սեզոնայնությունը։ Փաստացի այդքան մարդ կորցրել է աշխատանքը, որն ուներ անցած տարվա վերջին։
Մարտի վիճակագրական տվյալները դեռևս չկան՝ ինչպես աշխատեղերի, այնպես էլ աշխատավարձերի վերաբերյալ։ Բայց ՊԵԿ-ը որոշել է այստեղ էլ առաջ ընկել։
«2021 թվականի մարտին` նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաև եկամուտները (հարկման բազան), եկամտային հարկը, ինչպես նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան): Մասնավորապես` այս տարվա մարտին եկամուտը կազմել է 131,5 մլրդ դրամ, ինչը 2020թ. մարտի համեմատ՝ ավելի է 7,8 մլրդ դրամով, 2019թ. մարտի համեմատ` 24,1 մլրդ դրամով, իսկ 2018թ. մարտի համեմատ` 38 մլրդ դրամով: Եկամտային հարկը 2021թ. մարտին կազմել է 28,2 մլրդ դրամ, 2020թ. մարտին` 27,9 մլրդ դրամ, 2019թ. մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018թ. մարտին` 23,3 մլրդ դրամ:
Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) 2021թ. մարտին կազմել է 211 300 դրամ, ինչը 2020թ. մարտ ամսվա նույն ցուցանիշից ավելի է 11 800 դրամով, 2019թ. մարտի համեմատությամբ` 27 400 դրամով, 2018թ. մարտի համեմատությամբ` 37 200 դրամով»,- արձանագրել է ՊԵԿ-ը։
Հիմա մի փոքր բացենք այս թվերը։
Ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, ունենք աշխատավարձի տեսքով ստացվող եկամուտների ավելացում 11,8 հազար դրամի չափով, ինչը նշանակում է, որ 1 տարում դրանք աճել են 5,9 տոկոսով։
Նախ՝ տնտեսական անկման պայմաններում եկամուտների ավելացումը փոքր-ինչ տարօրինակ է։ Ուստի, պետք է ենթադրել, որ գործ ունենք ավելի շատ ոչ թե իրական, այլ հաշվարկային եկամուտների աճի հետ։ Խոսքը ստվերային եկամուտների հաշվին՝ հարկման բազայի ավելացման և հայտարարագրվող աշխատավարձի աճի մասին է։ Այս ամենի մեջ, սակայն, շատ ավելի կարևոր է, թե հատկապես ո՞ւմ եկամուտներն են ավելացել։
Այստեղ Պետեկամուտների կոմիտեն լռում է։ Իսկ վիճակագրական կոմիտեն ահա թե ինչ է արձանագրել։
Տարեսկզբի 2 ամիսներին Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 0,8 տոկոսով։ Այն էլ՝ հիմնականում պետական հատվածում։ Մասնավորում կամ տնտեսության մեջ աշխատավարձերի չնչին աճ է եղել, եթե դա կարելի է աճ համարել։ Մեկ տարվա ընթացքում դրանք ավելացել են ընդամենը 0,4 տոկոսով։
Միջին աշխատավարձի աճն ավելի բարձր է եղել պետական հատվածում. նախորդ տարվա համեմատ՝ 2,2 տոկոսի չափով։
Ինչպես հայտնի է, այս տարի պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունեցել։ Իսկ թե ինչի՞ հաշվին է ավելացել միջին աշխատավարձը, մնում է միայն գուշակել։ Հայտնի է, որ աշխատավարձերից բացի՝ պետական հատվածում գործում է նաև պարգևավճարների ինստիտուտը, ինչի արդյունքում պետական պաշտոնյաների աշխատավարձերը կարող են ընդհուպ կրկնապատկվել։
Բայց պետական հատվածի դրսևորումները չեն, որոնք կարևոր են աշխատավարձի փոփոխությունների դեպքում։ Այն, որ մասնավոր հատվածում աշխատավարձերի առաջընթաց չկա, խոսում է տնտեսության տխուր իրավիճակի մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ