Բաժիններ՝

«Ըստ օդից կախված լուրերի, Փաշինյանի ղեկավարությամբ փորձում են տեղական օլիգարխների հետ սեփականաշնորհել ոռոգման համակարգը»․ Հրաչ Բերբերյան

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2021թ․ հունվար-մարտին նվազել է 1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ․ սա ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշն է, որին, սակայն, չի վստահում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Դրանք, իհարկե, արհեստական թվեր են, որովհետև էլի գործում է գյուղապետերի հաշվետվության ինստիտուտը, որը նկարչությամբ է զբաղված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ գյուղապետերի մեծ մասն առհասարակ տեղյակ չէ, թե իրենց հողատարածքները որքանով են զբաղված, քանի լիտր կաթ է արտահանվել, և այլն։

Ըստ նրա՝ անկումն իրականում հասնում է 9 տոկոսի․ «Այսինքն՝ ուղղություններով պետք է հասկանանք․ ոչ թե ընդհանուր թիվ նկարենք, այլ պետք է արձանագրենք, թե որ ուղղություններով ինչքան անկում ենք ունեցել, և ինչ դրական վիճակ է եղել։

Օրինակ՝ այսօր կարող եմ ասել, որ կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են մոտ 30-40 տոկոսով, գյուղեր կան՝ նույնիսկ 50 տոկոսով, բայց մոտ 5-10 տոկոսով ավելացել են գարու, ցորենի, անասնակերի ցանքատարածությունները։ Այսինքն՝ ցանվել է այն կուլտուրան, որ քիչ մշակություն է պահանջում, և պակասել է այն կուլտուրան, որը շատ է պահանջում։

Ի դեպ, կարծում եմ՝ խոզի մսի գինն այսօրվանից բարձրանալու է մոտ 20 տոկոսով՝ գլխաքանակի պակասով պայմանավորված»։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաև բերքի սպառման հարցերին։

Հիշեցնենք՝ օրերս 168.amահազանգել էր Գեղարքունիքի մարզում կաղամբի ու կարտոֆիլի իրացման լուրջ խնդիրների վերաբերյալ։

«Զոլաքարում եմ եղել երկու օր առաջ, այնտեղ մոտ 5000 տոննա կաղամբ կա պահեստներում, և զարմանում եմ, թե այդ կաղամբն ինչո՞ւ մեր բանակը ձեռք չի բերում․ չէ՞ որ այսօր գյուղացին պատրաստ է այդ կաղամբը կոպեկներով տալ բանակին, թե՞ մեր զինվորը բորշ ու աղցան չի ուտում։

Այսինքն՝ այսօր այդ «ռեֆորմները» բերեցին նրան, որ գյուղացու մթերումը դանդաղեց։ Նույնը կարտոֆիլի վիճակն է․ ինչքան կարողացանք՝ արտահանեցինք, բայց լուրջ քանակություն մնաց պահեստներում,- նշեց մեր զրուցակիցը, ապա պատասխանելով հարցին, թե հիմնականում որ մարզերում են առաջացել իրացման խնդիրներ, ասաց,- Շիրակում, Գեղարքունիքում կարտոֆիլի խնդիր ունենք, կաղամբի խնդիր ունենք։

Քանի որ գյուղացին այսօր նախարարություն չունի, և հիմա էլ ինչ-որ նոր ծրագրեր են անում, որ այդ նախարարության հետքերն ընդհանրապես ջնջեն․ երևի ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանին գյուղացու բահին ծանոթացնենք (հող փորելու իմաստով)»։

Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ծրագրեր նկատի ունի,  նա ի պատասխան՝ չշտապեց բացել փակագծերը՝ նկատելով, որ  դեռ ստուգումներ են իրականացնում, որից հետո միայն հրապարակային կանդրադառնան թեմային․ «Օդից կախված լուրերով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ռեֆորմների անվան տակ փորձում են տեղական օլիգարխների հետ սեփականաշնորհել ոռոգման համակարգը։

Միլիարդավոր դոլարներ են ներդրվել այդ ջրամբարներում․ այդ վարկերն ո՞վ պետք է փակի, ժողովո՞ւրդը,  ու մեկ էլ մի օլիգարխ՝ կոպեկներով կառնի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս