«Մեկ կողմի հաշվին խաղաղություն չի լինում. չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն իրենց կեղծ խաղաղասիրությամբ». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց  «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և  «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

Զեկույցը ներկայացնելուց հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը դիմելով Արման Թաթոյանին՝ նշեց, որ անգնահատելի է այն աշխատանքը, որը կատարում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։

«Սա շատ կարևոր է՝ թե՛ ներհայաստանյան միջավայրի, թե՛ վերջին տարվա ընթացքում Հայաստանի շուրջ սրված իրավիճակի տեսանկյունից։ Ներհայաստանյան իրավիճակի հետ կապված՝ ասեմ, որ ուրախ եմ, հանգիստ եմ, քանի որ գիտեմ՝ ցանկացած իրավիճակում ՄԻՊ գրասենյակը և աշխատակազմը ներկա է, այցելություններ կկատարի, կգնա ահազանգերի հետևից,- ասաց պատգամավորը, այնուհետև հարց ուղղեց Արման Թաթոյանին,- Դուք պարբերաբար խոսում եք Սյունիքի շուրջ անվտանգության գոտու մասին, իսկ ԱԱԾ-ն խոսել է սահմանային շերտի մասին։ Ուզում եմ պարզաբանեք այս կոնցեպտը՝ ինչի՞ մասին է խոսքը, այստեղ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում և մյուս մարմինների հետ համագործակցո՞ւմ եք»։

Պատասխանելով հարցին՝ Արման Թաթոյանը նախ ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի իշխանությունների լայն աջակցությամբ այսօր Հայաստանի վերաբերյալ տարածում են ապատեղեկատվություն՝ փորձելով ստեղծել կարծրատիպ, իբր թե տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է, կոնֆլիկտները լուծված են, և գնում են դեպի խաղաղություն։

«Կարծում եմ՝ մենք չպետք է թողնենք, որպեսզի խաղաղության համար պատասխանատվությունը միայն մեզ վրա ընկնի, և խաղաղության հարցերը քննարկվեն մեր ժողովրդի իրավունքների և արժանապատվության հաշվին։ Մեկ կողմի հաշվին խաղաղություն չի լինում, դրա համար նշել եմ, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն իրենց կեղծ խաղաղասիրությամբ:  Իմ փորձը՝ լայն ներգրավումն այս ոլորտում, ապացուցում է, որ խաղաղասիրական ծրագրերին զուգահեռ՝ միշտ էլ  եղել են խոշտանգումներ, դաժանություններ, կրակոցներ և այլն, 2016 թվականի պատերազմը՝ վառ օրինակ»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պետք է հասնի նրան, որպեսզի թշնամու ցեղասպան քաղաքականությունն իր բնույթով վերանա, և միայն այդ դեպքում խաղաղության ու կայունության մասին կարող են խոսել։

Տեսանյութեր

Լրահոս